«Ուրախալի է, որ նորից մշակութային ակտիվ կյանք է սկսվել, որովհետեւ մշակութային պատերազմը զինադադարի իրավունք չունի»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը:
Նա անդրադարձավ թատրոնում կայանալիք պրեմիերային: Դերասան, սցենարիստ եւ կինոռեժիսոր Վուդի Ալենի ծննդյան 85-ամյակի առիթով թատրոնը կներկայացնի հեղինակի «Ճախրող լամպը» պիեսի յուրօրինակ բեմադրությունը: «Սկզբում ընտրվել էր պիեսը, սակայն համավարակի պատճառով ամեն ինչ ձգձգվեց եւ փաստորեն ներկայացումը համընկավ Վուդի Ալենի հոբելյանի հետ»,-ասաց նա:
Բեմադրիչ Մերի Մարգարյանը ներկայացնելով Վուդի Ալենի «ճախրող լամպը»՝ հայտնեց, որ գործն ունի ինքնակենսագրական տարրեր. «Այն ընտանիքի մասին է, ու իմ կարծիքով, կհետաքրքրի հանդիսատեսին: Այն բոլոր խնդիրները, որ կան պիեսում, առկա են նաեւ մեր հասարակության մեջ, այդ պատճառով էլ ընտրել ենք հենց այս գործը: Ներկայացումը տղայի մասին է, որն ունի երազանք, եւ նրա երազանքին փորձում են խանգարել ընտանիքի անդամները՝ ասելով, որ կյանքում պետք է լինել ավելի իրատես: Իսկ տղան ցանկանում էր անպայման դառնալ հրաշագործ»:
Նարինե Գրիգորյանի խոսքով՝ Վուդի Ալենի այս ինքնատիպ ստեղծագործության մեջ մի գեղեցիկ ուղերձ կա. «Ասում է՝ երազել, դեռ չի նշանակում ստանալ: Գլխավոր հերոսը, որին մարմնավորում է Նարեկ Բաղդասարյանը, հանուն իր երազանքի, անընդհատ գործում է: Եվ եթե ընտանիքի մյուս անդամները իրենց երազանքի հետեւից չեն գնացել, համարել են ոչ ռեալ, ապա այս երկչոտ ու կակազող տղան կամքի դրսեւորման փայլուն օրինակ է: Նա հրաշալի օրինակ է մեզ համար, իր մայրիկի համար, ում, ի վերջո, փոխանցում է իր ուժը: Փոլի մայրիկը ես եմ ներկայացման մեջ: Կրկնում եմ՝ երազել, դեռ չի նշանակում ստանալ, քանի որ հանուն երազանքի պետք է ուժ ունենալ եւ առաջ գնալ: Նույնը վերաբերում է մեր հայրենիքին: Մենք տերն ենք մեր հայրենիքի՝ անկախ ամեն ինչից, մեր հրաշալի զինվորներն առաջնագծում են, մենք էլ պետք է մշակութային առաջնագծում լինենք, եւ ոչ ոք իրավունք չունի թուլանալու»:
Փոլին մարմնավորած Նարեկ Բաղդասարյանը, բացելով «ցանկանալ, դեռ չի նշանակում ստանալ» արտահայտությունը, նշեց. «Եթե ավելի լայն իմաստով դիտարկենք այն՝ ե՛ւ մեր երկրի, ե՛ւ առանձին անհատի առումով, ապա պետք է նկատենք, որ հաճախ, ցանկանալով ինչ-որ բաներ, սովոր չենք գործ անել: Նստում ու ցանկանում ենք: Իմ կերպարն այդ տեսակը չէ, ինքը սիրահարված է հրաշագործությանը եւ անընդհատ փորձում է կատարելագործվել: Իր կամային հատկանիշներն իրականում ավելի ամուր են, քան իր ծնողներինը կամ մնացած գործող անձանց հատկանիշները: Իր միջոցով մայրը կարողանում է «պատնեշը» կոտրել, եւ ընտանիքի բոլոր անդամները, որ իրենց չիրականացած երազանքների զոհերն են, տղայի միջոցով մի քիչ կարողանում են դեպի լույսը գնալ»:
Կարդացեք նաև
Բեմադրիչը հավելեց, որ ներկայացումն այնպես է կառուցված, որ հանդիսատեսին հնարավորություն է տալիս թաքուն նայել տան ներս, ամբողջ ներկայացման ընթացքում երեւում են բոլոր կերպարները, բոլոր սենյակները:
Նարինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ ներկայացումը կարելի է դիտել փետրվարի 6-ին, 7-ին, 14-ին, 27-ին, այնպես որ՝ 29-րդ թատերաշրջանն իրենք սկսում են պրեմիերայով: «Մեր խաղացանկում ուրույն տեղ է զբաղեցնում այս ներկայացումը, որը շատ մոգական մթնոլորտ ունի: Դու տեսնում ես, թե ով ինչ է անում, ձանձրանալու պահ չի ստեղծվում, քանի որ անընդհատ գործողություններ են գնում տան տարբեր սենյակներում եւ տանից դուրս»,-ասում է նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ