Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը միջնորդեց ՊՊԾ-ի գրավման գործով, առայժմ որպես վկա, հարցաքննել Փաշինյանին

Փետրվար 03,2021 15:18

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի գլխավորությամբ տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբի տասն անդամների գործով դատական նիստը:

«Փաշինյանը պետք է գա այստեղ ու առայժմ վկայի կարգավիճակում հարցաքննվի, հետագայում չի բացառվում որպես մեղադրյալ ներգրավվի այս քրեական գործի շրջանակներում»,-դատարանում ասաց «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։ Նա, դատաքննությունը վերսկսելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու: Ասաց, որ միջնորդությունն առայժմ վկայի կարգավիճակում է. «Ինչպե՞ս է նա այդ օրը, այդ ժամին հայտնվել ՊՊԾ գնդում, որովհետեւ, այդ օրը ոչ մեկին թույլ չեն տվել մտնել ՊՊԾ գունդ: Ո՞վ է թույլ տվել Նիկոլ Փաշինյանին այցելել, ինչո՞ւ նա այցելեց այդ ոստիկանին: Ապստամբությունից հետո մեր իրավապահ մարմինները գունդը շրջափակած են եղել: Անձը, որը ցեղասպանությամբ հանձնեց Արցախը ինչպե՞ս կարողացավ այդ օրը մուտք գործել ՊՊԾ գունդ»:

Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ Փաշինյանը հանդիսանում է սույն քրեական գործով ապստամբության պատճառների եւ ոստիկան Գագիկ Մկրտչյանի հրազենային վնասվածք ստանալու վերաբերյալ տեղեկատվություն կրող անձ. «2016 թվականի հուլիսի 17-ին Նիկոլ Փաշինյանն անհայտ պայմաններում կարողացել է մուտք գործել ՊՊԾ գունդ, տեղեկություն հավաքել ՊՊԾ գնդում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Այդ օրերին նա կապի մեջ է եղել Հայաստանի իրավապահ մարմինների հետ եւ իրազեկված է՝ ով է պատճառել Գագիկ Մկրտչյանին հրազենային վնասվածք»։

Ապա դատարանի դահլիճում հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի՝ ՊՊԾ գնդի գրավման օրերի ելույթից մի հատված:

Գագիկ Մկրտչյանի կինը հարցրեց, թե որտեղի՞ց են վերցրել, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է իր ամուսնուն: Ասաց, որ ինքն ամեն օր առավոտյան ժամը 8-ից մինչեւ կեսգիշերն անց հիվանդանոցում է եղել եւ Փաշինյանին երբեւէ չի տեսել։

Մեղադրող դատախազ Արամյանն առարկեց Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննության կանչելու Զարուհի Փոստանջյանի միջնորդությունը: Ասաց, որ Փոստանջյանի կողմից բերված հիմնավորումները որեւէ  կերպ չեն կարող ազդեցություն ունենալ ամբաստանյալներին մեղսագրված հանցավոր արարքների հիմնավորման կամ հերքման համար։ Ըստ դատախազի, միջնորդությունն անհիմն է ու ենթակա է մերժման։

Դատավոր Մեսրոպ Մակյանը նույնպես Փոստանջյանի ներկայացրած միջնորդությունը մերժեց՝ նշելով, որ դատողությունները ենթադրական բնույթի են եւ այս գործի քննության ընթացքում որեւէ փոխկապակցված ապացույցի հետ աղերս չունեն: Դատավորի խոսքով, դատաքննության ընթացքում նման տվյալներ ձեռք չեն բերվել։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728