«Ամենազարհուրելին այն է, երբ քաղաքական ուժը չունի պատասխանատվություն, երբ այս արհավիրքի թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորը կարծում է՝ ի՞նչ է եղել որ, ընդամենը հանձնվել է Արցախը, ընդամենը զոհվել են 5000 եւ ավելի մեր լավագույն տղաները, ընդամենը ծնողները ման են գալիս իրենց որդիների դիակները կամ այն, ինչ հնարավոր է գտնել դիակներից եւ չեն գտնում ու այստեղ Հայկը «Հայկական ժամանակից» հայտարարում է, որ այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն ուներ քաղաքական պատասխանատվություն, այն ժամանակ էլ է եղել արտագաղթ: Այո՛, արտագաղթ ՀՀ-ից միշտ եղել է, որովհետեւ մշտապես եղել է անարդարություն, եղել է արդարության ճգնաժամ»,- այսօր ԱԺ-ում իր ելույթում արձագանքելով Իմքայլական Հայկ Գեւորգյանին՝ ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով. «Մի փոքրիկ դետալ՝ նախկինում երբեւէ, որեւէ իշխանության ժամանակ հայրենիք չի հանձնվել: Երբեւէ, երբ ԲՀԿ-ն ունեցել է քաղաքական պատասխանատվության իր փոքրիկ մասը, հազարավոր որդիներ չենք կորցրել: Նախկինում չի եղել, որ երբ մենք ունեցել ենք հնարավորություն կանգնեցնելու պատերազմը՝ չենք արել, որովհետեւ եղել ենք մեծամիտ, ամբիցիոզ ու անպատասխանատու: Նախկինում որեւէ ժամանակ չենք կանգնել ու չենք ասել՝ դե լավ, ինչ եղել է՝ եղել է, եկեք գնանք առաջ, կորսված Արցախը, տեղահանվածների խնդիրը թողնենք, զբաղվենք թիթեռ նկարելով»:
Նաիրա Զոհրաբյանը կրկնեց. «Հա, Հայկ «Հայկական ժամանակից», արտագաղթ եղել է միշտ, բայց մենք Արցախ չենք հանձնել ու ԲՀԿ-ի ձեռքերը արյունոտ չեն, այդ փոքր տարբերությունը, հույս ունեմ, կհասկանաք»:
Հայկ Գեւորգյանի խոսքերը վրդովվեցրել էին նաեւ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին. «Դուք մտածում եք, որ կարող է մարսե՞ք այս ամեն ինչը ու փորձում եք կենդանության նշույլնե՞ր ցույց տալ»: Մելքումյանը վստահեցրեց՝ այնպիսի դավաճանական սխալներ են արել իշխանությունները, որ չեն կարող սրա տակից դուրս գալ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ