Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղումարբազի բազար էր գնում, Ալիեւն ասաց՝ Ղարաբաղը կտաս, ասաց՝ կտամ». Ռազմիկ Դավոյանը՝ Փաշինյանի մասին

Փետրվար 03,2021 15:05

«Մեր ժողովուրդը մի սքանչելի առած ունի՝ քամին ասաց՝ մարագ, դուռ բաց, դարման բերեմ, մարագն ասաց՝ քո բերած դարմանն ինձ պետք չի, իմ ներսինը չտանես, բայց մեր մարագի դուռը բաց էր: Ներս լցվեց քամին եւ ներսի եղած-չեղածը դուրս թափեց…Մեր հայրերին, մեր ժողովրդի հերոսներին դուրս հանեցին, քաշեցին դատի, մերժեք կարգախոսով մերժեցին…Ամեն ինչ կատարվեց մեր աչքի առաջ, եւ սկսվեց մեր տան ավերմունքը: Եղած-չեղածը տրորվեց բոլոր իմաստներով՝ եւ տնտեսական, եւ մշակութային, եւ ձեռքբերումների »,- «Հայելի» ակումբում ասուլիսն այսպես սկսեց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:

Ասաց, որ ժողովրդին միշտ խնդրել է ականջն ու աչքը բաց պահել, որպեսզի կարողանա ընտրել, թե ինչ խոսքերի հետեւից է ուզում գնալ, բայց ժողովուրդը չի արել դա, հետո ընկել է հիասթափությունների մեջ եւ դեռ նեղսրտում է, որ «թավշյա» իշխանություններին չի կարողանում հեռացնել:

«Երբ մեր նորաթուխ իշխանությունը հայտարարեց, որ ամեն ինչ սկսում է զրոյից, ես մտքիս մեջ ուզեցի տեսնել հայության ողջ դաշտը՝ զրո վիճակում: Մտածեցի, եթե խոսքը վերաբերում է պատմությանը, ամենախոշոր պատմություն ունեցողներից մեկը մենք ենք: Եթե խոսքը վերաբերում է մշակույթին, ամենամեծ մշակույթ ունեցողներից մեկը մենք ենք: Եթե խոսքը վերաբերվում է ստեղծագործ մտքին, ապա ստեղծագործ մտքի խոշորագույն ներկայացուցիչներից ենք, ուրեմն դա ո՞ր զրոն է: Եվ այդ զրոն խորապես սարսափելի մեխվեց ուղեղիս մեջ:

Փաստորեն, սկսել զրոյից, նշանակում էր՝ զրոյացնել ինչ, որ կա Հայաստանում: Զրոյացնելու մասին հայտարարությունից հետո սկսվեց մի անասելի խրախճանք: Այդ խրախճանքն ուղղակի ցնծությամբ դիմավորեցին եւ այսպես կոչված ազատամիտ եվրոպացիները, եւ Թուրքիան, Ալիեւը եւս խենթացել էր այդ գեղեցիկ հայտարարությունից, որովհետեւ իր Ազերստանում զրո էր եղած-չեղածի 90 տոկոսը, իսկ 10 տոկոսն էլ որ կար, սա Խորհրդային իշխանության եւ հայր Ալիեւի շնորհիվ ունեին: Հեյդար Ալիեւը տարեկան 400 հոգի ուղարկում էր Ռուսաստանի եւ դրսի դիվանագիտական դպրոցներ, կրթության մեջ մեծ ներդրումներ էր անում:

Հայր Ալիեւը Ռոբերտ Քոչարյանի հետ հստակ պայմանավորվածություն ուներ, որ պետք է ստորագրի Ղարաբաղի անկախությունը, սակայն ագահ ժառանգը Թուրքիայի դրդմամբ չթողեց: Ասաց՝ մենք դեռ անելիքներ ունենք, ես քո արձանը կկանգնեցնեմ Բրազիլիայից սկսած՝ որտեղ ուզես, դու գործ չունես, այդպես էլ եղավ: Տեսան, որ Հայաստանում ամեն ինչ զրոյացնելու աշխատանք է գնում՝ էլ արտասահմանյան լրտեսներ, էլ Թուրքիայի հետ բանակցություններ, վերջապես եկան հասան էն օրվան, որ եթե ամեն ինչ զրոյից է սկսվում, էլ բանակցություն չկա: Բանակցության եռակողմ մարմինը օտարվեց, մեր երկրի հերոսները, Արցախն ազատագրողները օտարվեցին եւ քաշվեցին դատի՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, մեր գեներալները: Այդ ամենը Թուրքիայի հեռադիտակի տակ էր կատարվում՝ մինչեւ բուն մասնակցությունը պատերազմին»,- նշեց բանաստեղծը:

Նրա ձեւակերպմամբ, այս ամենի հանրագումարում Թուրքիայում որոշեցին ավարտին հասցնել իրենց նախնիների կիսատ մնացած գործը, եւ դրա համար ընտրեցին հարմար մարդու՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի. «Եվ եկավ այն օրը, որ ասացին՝ օտարել ես բանակցողներին, բայց Ալիեւը սպասում է բանակցության: Ու տեղի ունեցավ վերելակային հայտնի առեղծվածը, որը ոչ թե բանակցություն էր, այլ բազար երկու հոգու մեջ: Ղումարբազի բազար էր գնում… Ալիեւն ասաց՝ Ղարաբաղը կտա՞ս, ասեց՝ կտամ, Շուշին կտա՞ս, կտամ…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728