ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության նախագիծը՝ «Դատական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ նախատեսվում է դատավորների թիվն ավելացնել: Մասնավորապես, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների թիվն ավելանալու է 17-ով, որից առնվազն 8-ը՝ Երեւանում:
Թագուհի Թովմասյանին այլ հարց էր հետաքրքրում. «Ադրբեջանը պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո միջազգային հետախուզում է հայտարարել մեր մի շարք հայրենակիցների նկատմամբ, այդ թվում՝ Արցախի հանրապետության նախագահի, Արցախի ՊԲ հրամանատարի, Արման Բաբաջանյանի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, եւս 300 հայերի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, փոխարենը՝ մենք միջազգային հետախուզում ենք հայտարարել ընդամենը ադրբեջանցի մի մարզիչի՝ մարզական մեկնաբանի նկատմամբ: Ի՞նչ ենք անում մենք՝ իրավական հավասարակշռությունը պահպանելու համար, որ կարողանանք այս իրավական հարձակմանը համարժեք պատասխանել»:
Նախարարը պատասխանեց. «Նախ, քննարկում ունեցել ենք ընդհանուր առմամբ, առանց կոնկրետ քրգործեր քննարկելու, թե ինչ մարտավարություն կարող է ունենալ ՀՀ-ն, ՔրՕրի ո՞ր հոդվածներով է նպատակահարմար քննությունն իրականացնել, որ միջպետական գանգատները, որ ՀՀ-ն ներկայացնում է, ապացույցներ լինեն»: Նա հորդորեց այդ հարցով դատախազությանը դիմել:
Թագուհի Թովմասյանն էլ արձագանքեց, որ պատերազմից 3 ամիս է անցել ու ընդամենը քննարկո՞ւմ են ունեցել. «Ցավալի արձանագրում է գոնե ինձ համար: Ինձ հետաքրքրում է՝ մենք ի՞նչ կաշկանդվածություն ունենք Ադրբեջանից ու Ադրբեջանի նկատմամբ: Ուզում եմ ծանուցել, տեղեկացնել, որ նախկին հանցավոր ռեժիմի՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին այս բալանսը, հավասարակշռությունն ապահովվել է այն սպառնալիքով, որ հայկական կողմը Ադրբեջանի ղեկավարությանը կհայտարարի միջազգային հետախուզում: Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ կաշկանդվածություն ունենք մենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը անհարմարություն ստեղծելու՝ միջազգային հետախուզում հայտարարելու մասով»:
Կարդացեք նաև
Նախարարը պատասխանեց, որ ամենօրյա ռեժիմով քննարկումներ են անում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ