Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ԱԺ-ն գործել է մի տրամաբանությամբ. որ օրենքն իրենց խանգարում է, ուղղակի օրենքն են փոխում». Գեղամ Մանուկյան

Փետրվար 03,2021 14:38

«Հերթական անգամ իշխանությունը փորձ է անում սահմանադրական օրենքների փոփոխություն իրականացնել: Հիմա էլի ձևափոխում են դատական համակարգը, նոր՝ մի հատուկ կարգ են մտցնում»,- ՀՀ ԱԺ դիմաց բողոքի ցույցի ընթացքում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Հիշեցնենք՝ Հայրենիքի փրկության շարժման անդամները Դեմիրճյան փողոցում իրականացրեցին բողոքի ցույց, հետո երթով շարժվեցին  Հանրապետության հրապարակ: Նրանք ցանկանում էին խոչընդոտել պատգամավորների մուտքը խորհրդարան, քանի որ ըստ նրանց՝ ՀՀ ԱԺ արտահերթ նիստով հակապետական օրինագծեր են անցկացնելու: Խորհրդարանն այսօր քննարկում է մի շարք օրինագծեր, մասնավորապես՝ սահմանադրական «ՀՀ Դատական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ու դրան հարակից օրինագծերի փաթեթը, որի համաձայն՝ պետք է ստեղծվեն հատուկ դատարաններ՝ նախադատական վարույթի վերահսկողության ու կոռուպցիոն հանցագործությունները քննելու համար։

Ազգային Ժողովի մուտքի մոտ՝ բողոքի ցույց իշխանության գործուղությունների գործունեության դեմ

Գեղամ Մանուկյանի վստահեցմամբ՝ դատավորների նշանակման հարց ունի իշխանությունը: Նա մանրամասնեց. «Վերջին շրջանում մենք ականատես եղանք իրենց համար անընդունելի ցանկացած կարծիք արտահայտողին մեկուսացնելու, բանտարկելու՝ այս իշխանության կույր տենչանքին: Շատ դատավորներ նաև դեմ էին արտահայտվել, մարդիկ հասկանում են, որ մի օրով ապրել չի լինի Հայաստանում: Ի վերջո, օրենքի խախտումը պատասխանատվություն է ենթադրում: Իշխանությունն ասում է՝ չեք կալանավորում, կփոխեմ օրենքը: Այս ԱԺ-ն ամբողջ իր գործունեության ընթացքում գործել է մի տրամաբանությամբ. որ օրենքն իրենց խանգարում է, իրենց անօրինականությունը գործի դնելով՝ ուղղակի օրենքն են փոխում»:

Հարցին՝ ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն իր՝ Եգոր Կուրոպտեւի «Սահմանային ԶՈՆԱ» նախագծի կողմից կազմակերպված «Հարավային Կովկաս. Նոր սպառնալիքներ և նոր հնարավորություններ» առցանց համաժողովին արված հայտարարություններում սեփական կարծի՞քն է արտահայտել, թե՞ խմբակցության, նա պատասխանեց. «Ես էլ եմ եղել պատգամավոր: Ամեն պատգամավոր ի վերջո պատասխանատու է իր խմբակցության, երկրի արտաքին քաղաքական ուղենիշների առաջ: Մի դեպք երեկ պատահաբար հայտնվեց համացանցում, տեսանք՝ ինչ է ասում պատգամավորը: Եթե այսօր բարձրաձայն ասում են, նշանակում է՝ անցնող ժամանակներում բազմաթիվ նման արտահայտություններ արած կլինեն: Դա ուղղակի իրենց մոտ գաղափարախոսություն է»:

Լրագրողները Գեղամ Մանուկյանին հիշեցրին՝ մամուլում հրապարակումներ եղան, թե հնարավոր է Հայրենիքի փրկության շարժումը լուծարվի, նա հորդորեց դիմել շարժման համակարգողին ու նշեց. «Հա՞, լո՞ւրջ եք ասում: Երեկ էլ այլ բան էին գրում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728