Լրահոս
Օրվա լրահոսը

Որևէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել և պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փետրվար 03,2021 14:04

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը լրատվականների հարցին

Հարց. Վերջերս թուրքական մամուլում կրկին հայտնվել են տեղեկություններ Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի և ավերման մասին: Բազմաթիվ են նաև քրիստոնեական եկեղեցիների, գերեզմանների ավերումների մասին փաստերը, որոնք Թուրքիայի պատկան մարմինների կողմից որևէ արձագանքի չեն արժանանում: Եվ երկրորդ հարցը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում տեղի ունեցած «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային համագումարին ունեցած ելույթում կրկին անդրադարձել է Հայաստանին՝ «խորհուրդ տալով դաս քաղել»: Խնդրում եմ Ձեր մեկնաբանությունն այս երկու հարցերի առնչությամբ:

Պատասխան. Ծանոթ ենք Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի մասին թուրքական մամուլում հրապարակված տեղեկատվությանը: Մասնավորապես, Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին հանվել է վաճառքի 6 մլն թուրքական լիրայով, իսկ Բուրսայի մյուս հայկական եկեղեցու համար սահմանվել է 6 մլն 300․000 թուրքական լիրա: Բացի այդ, Թուրքիայի արևմտյան Քյութահիա նահանգում ավերվել է Սուրբ Թորոս հայկական եկեղեցին։

Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացման և դրա ապօրինի յուրացման նոր թափ առած քաղաքականությունը և կոչ անում Թուրքիային լիարժեքորեն կատարել միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները:

Պատմամշակութային կոթողների նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերող պետության տարածաշրջանային խաղաղության և կայունության համագործակցությանն ուղղված կոչերն առնվազն չեն կարող վստահելի լինել:

Ինչ վերաբերում է «պատմությունից դասեր քաղելու խորհուրդներին», ապա որևէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել և պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին:

Թուրքիայի իշխանությունները պետք է հստակ գիտակցեն, որ երկխոսության համար անհրաժեշտ է համապատասխան վստահության մթնոլորտ, իսկ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը միանշանակորեն չի նպաստում այդ մթնոլորտի ձևավորմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728