Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոխանակ գնայինք «Զվարթնոց», հասկանայինք՝ ինչու են մարդիկ լքում, քննարկում ենք՝ ինչպես ավելացնենք Նիկոլ Փաշինյանի համար «վնգստացող» դատավորների թիվը». Նաիրա Զոհրաբյան

Փետրվար 03,2021 13:08

«Ադրբեջանում, այո, առկա են հայատյաց ռասիստական մոտեցումներ, հայերի նկատմամբ ռասսայական խտրականության առումով բարձրացել է ամենաբարձր մակարդակի, Ադրբեջանը միջազգային մարդասիրական իրավունքի բազում խախտումներ է թույլ տվել պատերազմի ընթացքում ու շարունակում է ռազմագերիներին չվերադարձնելով՝ խախտել միջազգային պարտավորությունները»,- այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով Տարոն Սիմոնյանին:

Նա վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը ակտիվ միջազգային իրավական ակտիվ գործընթացներ է սկսել. «Երեկ միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ-ին: ԵԽԽՎ-ում մեր բոլոր պատվիրակները խոսել են այս բոլոր հարցերի մասին, ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է խնդիրը: Որ ասում են՝ գնալու ենք առաջ, այո՛, գնալու ենք առաջ՝ հաշվի առնելով, որ այս գործընթացները հավուր պատշաճի պետք է իրականացվեն:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խմբակցության անունից ելույթ ունեցավ ու ասաց. «Երեւի դուք միամտորեն ակնկալում էիք, որ այսօր՝ խայտառակ դավաճանական կապիտուլյացիայից հետո, մենք այստեղ պիտի քննարկեինք ռազմագերիների խնդիրը: Իրավացիորեն՝ այո, այդպես պետք է լիներ: Երեւի ակնկալում էիք, որ այստեղ պետք է քննարկեինք մեր տեղահանված տասնյակ հազարավոր արցախցիների խնդիրը, որոնցից մեկին կալանավորման սանկցիա տվեցին՝ հիմնավորմամբ, որ մշտական բնակության վայր չունի՝ Վահան Բադասյանին: Բա որտեղի՞ց ունենա հադրութցի Վահան Բադասյանը, որին դուք զրկել եք մշտական բնակության վայրից: Դուք կարծում եք, թե այստեղ պիտի քննարկեինք, թե ինչպես են հարբած ադրբեջանցիները Սյունիքում երբ ուզում՝ կրակում: Պիտի քննարկեինք, թե Սյունիքի թիվ մեկ մայրուղում ինչպես է Ադրբեջանը երբ ուզում՝ պաստառ բարձրացնում՝ ադրբեջաներեն, որ մենք գտնվում ենք Ադրբեջանի տարածքում: Բնականաբար, այդ հարցերը պիտի քննարկեինք»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ բազմաթիվ պարկեշտ դատավորներ հրաժարվում են Նիկոլ Փաշինյանի «վնգստացող» դատավորները լինել. «Ես անհարմար եմ զգում, որ անընդհատ փորձում եք այստեղ բերել կեղծ օրակարգեր, հայտարարում եք, որ եթե մենք գնանք՝ մեր պետականությունը կփլուզվի: Հիմա պիտի ԱԺ նախագահը պատվիրակություն կազմեր, պիտի գնայինք «Զվարթնոց» օդանավակայան, որ տեսնեիք՝ ինչ է կատարվում: Երեւան-Մոսկվա ավիատոմսը որոշ ավիաընկերություններ դարձրեցին 1050 դոլար՝ միակողմանի տոմսը: Մարդիկ գնում են: Այդ մարդիկ 2018-ին քվեարկում էին մեր եւ ձեր օգտին, բա չե՞ք ուզում մեզ հետ միասին գնանք հարցնենք՝ ինչի՞ եք գնում: Սա ողբերգություն է, մարդիկ տնով, տեղով, իրենց ամբողջ գույքով լքում են հայրենիքը ու փոխանակ այնտեղ լինեինք, փորձեինք հասկանալ՝ ինչու են լքում, ի՞նչ կարող ենք անել, որ հայը մնա իր հայրենիքում, մենք այստեղ քննարկում ենք՝ ինչպես ավելացնենք Նիկոլ Փաշինյանի համար «վնգստացող» դատավորների թիվը, որովհետեւ պարկեշտ դատավորները հրաժարվում են տալ կալանքի այն սանկցիաները, որոնք ուզում է երկրի գլխավոր հիմնական ֆեյքը»:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում են կառավարության ներկայացրած «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենսգրքում փոփոխությունների, ինչպես նաեւ «Սոցիալական աջակցության մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728