Լոռու մարզպետարանում 2020 թվականն ավարտվեց ու նոր տարին սկսվեց կադրային փոփոխություններով: Դեռեւս տարեվերջին մրցութային կարգով ընտրվեցին առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության, ինչպես նաեւ ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետերը:
Իսկ այս տարեսկզբին նշանակվեց նոր փոխմարզպետ, մարզպետի խորհրդականներ, օգնական: Իր աշխատանքին վերադարձավ նաեւ զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի նախկին պետը:
Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք նորանշանակ աշխատակիցները մարզպետի կուսակիցնե՞րն են, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը պատասխանեց . «Իմ նշանակվելուց հետո, այդ հաստիքներն արդեն թափուր էին, իսկ մյուս վարչության պետերի մրցույթներն արդեն նշանակված էին, այն տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ին: Եվ ուզում եմ վստահեցնել, որ ովքեր որ մրցույթը հաղթահարել են եւ նշանակվել են՝ մեր կուսակցության հետ որեւէ կապ չունեն: Միգուցե համակիրներն են եւ այլն, բայց իրենք կուսակցական չեն»:
Արամ Խաչատրյանը համոզմունք է հայտնում, որ նորանշանակ աշխատակիցներն իրենց ոլորտներում հաջողություններ կգրանցեն:
Կարդացեք նաև
Մարզի ղեկավարն ասում է, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ հայտարարված մրցույթներին ակտիվություն նկատվում է: Խաչատրյանը վստահեցնում է՝ մրցույթները կլինեն թափանցիկ. «Վարչատնտեսականի մասով 4 հոգի դիմել են: Այսինքն, վստահում են, որ արդար եւ թափանցիկ են մրցույթները: Ինչպես գիտեք, նախկինում մեկ հոգի էր եւ նախապես արդեն գիտեին, բայց հիմա փաստացի մրցակցություն կա, եւ թող հաղթի ուժեղը»:
Այս պահին մրցույթներ են հայտարարված քաղաքաշինության վարչության պետի, ՏԻՄ վարչության պետի, զորահավաքային բաժնի պետի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնների համար: Թափուր է նաեւ ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների բաժնի պետի պաշտոնը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ