Այսօր ԱԺ արտահերթ նիստում ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Գոռ Գեւորգյանը:
Նա սկսեց Կանտ մեջբերելով՝ ես սահմանափակում եմ բանականությունը, որ տեղ տամ հավատին. «Շատերի համար այն, ինչ եղել է, բանականության շրջանակից դուրս է, իսկ այն, ինչ հիմա կատարվում է, հաճախ տրամաբանություն չունի: ՀՀ-ում ստեղծված իրավիճակը կարելի է դասել քաղաքագիտական իմաստով անոմալիաների շարքին, երբ աղետալի պատերազմից անցել է գրեթե երեք ամիս եւ թե՛ կառավարությունը, թե՛ խորհրդարանը չեն կարողանում հանրությանը այս ծանրագույն իրավիճակից դուրս գալու հակաճգնաժամային որեւէ ծրագիր առաջարկել»:
Ըստ Գոռ Գեւորգյանի, ժամանակն աշխատում է ընդդեմ մեր պետության ու հանրությունը չի կարողանում հասկանալ՝ ո՞րն է այս խորհրդարանի խոսույթը. «Ի՞նչ է անում հետպատերազմական խորհրդարանը: Խորհրդարանի թիվ մեկ քաղաքական ամբիոնը ձեռնունայն է մնում հակաճգնաժամային որեւէ ծրագիր քննարկելուց: Այս ամբիոնը միայն նախագծեր բերելու համար չէ, ժողովրդի հետ խոսելու համար է՝ գերազանցապես այս աղետալի իրողությունների պայմաններում եւ հիմա: Այն, ինչ հիմա է ընթանում, սա սովորական ներքաղաքական ճգնաժամ չէ: Այս ժողովրդի ու երկրի սիրտն ու արժանապատվությունն է խոցվել: Մեր պետականության ներկան խեղվել է, ապագան՝ անորոշությունների մատնվել: Հազարավոր նահատակներ ենք տվել, հետոն ո՞րն է, ի՞նչ ենք անում ու ի՞նչ ենք անելու: Գրեթե 3 ամիս է անցել ու կատարվածին գնահատական չի տրվել: Գիտակցո՞ւմ եք, որ տարածաշրջանում այս արագացված գործընթացների հորձանուտը շարունակում է մեզ անմիջականորեն սպառնալիք ներկայացնել: Ադրբեջանը հայատյաց լայնածավալ քարոզը տասնապատիկ ուժեղ շարունակում է, մեր գերիների հարցը շարունակում է անորոշ մնալ, Ադրբեջանը պղծում է մեր սրբավայրերը, խեղում պատմամշակութային արժեքները, իսկ որոշ գործիչներ ասում են՝ մի՛ վախեցեք, պետք է շարժվենք առաջ, շարունակում ենք պայքարել: Ո՞նց ենք շարունակում, ի՞նչ գործիքակազմով: Առաջ են շարժվում, երբ անցյալը փակել են կամ վերարժեւորել են: Անցյալը փակված չէ, առանց անցյալ չկա ապագա»:
Նա դիմեց իշխող մեծամասնությանը. «Այս ամբիոնից բաց խոսեք ժողովրդի հետ՝ ինչ եք ուզում, ուր եք գնում: Ի՞նչ եք ակնկալում…Ո՞ւր ենք գնում այսպես տղե՞րք, ո՞րն է հանգրվանը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ