Քիչ առաջ Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնած ցույցի մի շարք մասնակիցների ոստիկանները բերման ենթարկեցին: Նրանք ուզում էին ճեղքել ոստիկանական շղթան:
Հիշեցնենք՝ Հայրենիքի փրկության շարժման անդամներն Ազգային ժողովի դիմաց՝ Դեմիրճյան փողոցում իրականացնում էին բողոքի ցույց: Նրանք ցանկանում էին խոչընդոտել պատգամավորների մուտքը խորհրդարան, քանի որ ըստ նրանց՝ ՀՀ ԱԺ արտահերթ նիստով հակապետական օրինագծեր են անցկացնելու: Խորհրդարանն այսօր պետք է քննարկի մի շարք օրինագծեր, մասնավորապես՝ սահմանադրական «ՀՀ Դատական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ու դրան հարակից օրինագծերի փաթեթը, որի համաձայն՝ պետք է ստեղծվեն հատուկ դատարաններ՝ նախադատական վարույթի վերահսկողության ու կոռուպցիոն հանցագործությունները քննելու համար։

A protest action demanding the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan took place in front of the RA National Assembly building
Տեղեկանալով, որ որոշ պատգամավորներ խորհրդարանի շենք են մուտք գործելու Բաղրամյան պողոտայի կողմից` նրանք երթով շարժվեցին այդ ուղղությամբ: Այնուհետև նրանք «դավաճան» գրությամբ և պատգամավորների նկարները պատկերված թղթեր և ուսապարկեր նետեցին ՀՀ ԱԺ բակ:
Կարդացեք նաև
Ցույցի մասնակիցներից մեկը՝ ձեռքին ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի նկարը՝ վրան խաչ քաշած, հայտարարեց, որ անձամբ իրեն՝ որպես ՀՀ քաղաքացու Անուշ Բեղլոյանը վիրավորել է, և նա իրավունք չունի լինել ՀՀ ԱԺ-ում:
Նրա նկարը դրեցին գոմաղբով լի ուսապարկի մեջ և ՀՀ ԱԺ բակ շպրտեցին: Նույն կերպ վարվեցին նաև պատգամավոր Արթուր Մանուկյանի նկարի հետ, որը Կարսի մասին հայտարարություններ էր արել:
Հիշեցնենք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի՝ Եգոր Կուրոպտեւի «Սահմանային ԶՈՆԱ» նախագծի կողմից կազմակերպված «Հարավային Կովկաս. Նոր սպառնալիքներ և նոր հնարավորություններ» առցանց համաժողովին արված հայտարարությունները վրդովեցրել են ցուցարարներին:
Այս պահին ցուցարարները երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ