Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, հետպատերազմական իրողություններով պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանն ու թիմն այլեւս նպատակահարմար չեն գտնում ռեյտինգային համակարգից պարզ համամասնական ընտրակարգի անցնելը, ինչի մասին 2․5 տարի թմբկահարում էին՝ ասելով, որ ռեյտինգային համակարգը Սերժ Սարգսյանը ստեղծել է իր համար, որպեսզի օլիգարխների միջոցով վերարտադրվի։
Գաղտնիք չէ, որ ռեյտինգային ընտրակարգ կոչվածը ձեռնտու է ցանկացած իշխանական ուժի, քանի որ այն հնարավորություն է տալիս վերահսկել իր համար գործ անողների, այդ թվում՝ իշխանությանը կից օլիգարխիայի, թաղային հեղինակությունների աշխատանքը։
Ուշագրավ է, որ պատերազմից հետո ԸՕ բարեփոխումների առաջամարտիկ Դանիել Իոաննիսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ նախագիծը մինչեւ դեկտեմբերի վերջը պատրաստ կլինի, փետրվարին էլ խորհրդարանում կընդունեն, եւ մարտին արդեն կարող ենք արտահերթ ընտրություններ անել՝ չսպասելով Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, քանի որ, իր խոսքով, գործ ունենք աննախադեպ իրավիճակի հետ։ Իսկ երեկ նա մեզ փոխանցեց, որ ինչ-ինչ խնդիրների պատճառով նախագծի մշակումը ձգձգվում է, վստահեցրեց, որ խնդիրները տեխնիկական են, եւ որ մոտ օրերս նախագիծը կհրապարակվի, ու աներկբայորեն նոր ԸՕ-ում կամրագրվի համամասնական ընտրակարգը, ընդ որում՝ դասական տարբերակը եւ ոչ թե վարկանիշային, որպեսզի ընտրողն ինքը որոշի, թե համամասնական ցուցակից ում նախապատվություն տա, եւ թեկնածուները մանդատ ստանան ոչ թե ցուցակում հաջորդականությամբ, այլ ով ավելի շատ ձայն կստանա։
Հետաքրքրվեցինք, թե իշխող ուժից այս ընթացքում ստացվե՞լ են այլ առաջարկներ։ Բացասական պատասխան տվեց՝ հիշեցնելով անցած շաբաթ ԱԺ-ում «վարչապետի» ունեցած ելույթը, որ «Իմ քայլում» որոշել են՝ իրենք համամասնական ընտրակարգի կողմնակիցն են։
Կարդացեք նաև
Ի դեպ, նա ասաց նաեւ, որ նախագիծը, իր հաշվարկներով, կընդունվի ապրիլի վերջերին։ «Մարտին Վենետիկի հանձնաժողովի հերթական նսստաշրջանն է, նախագիծը, ամենայն հավանականությամբ, այդ նիստում կքննարկեն, ինչ-որ ողջամիտ ժամկետ էլ պետք է՝ կարծիք կներկայացնելու համար, միաժամանակ նախագիծը հանրային քննարկումներով կանցնի ու, ինձ թվում է, ապրիլի վերջին կընդունվի»։
Իոաննիսյանն ասաց, որ չնայած ԸՕ-ն ընդունելուց մեկ ամիս հետո էլ «ֆիզիկապես» հնարավոր է ընտրություն անցկացնել, բայց դա «խիստ» անցանկալի է․ «Ցանկալի է գոնե մի կես տարի սպասել ընդունվելուց հետո»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: