Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան. «Ես պարտվել չեմ կարող, ամաչում եմ պարտվելուց»

Փետրվար 03,2021 10:15

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ընթանում է ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Aravot.am-ը զրուցել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի հետ:

-Կորոնավիրուսի համավարակը ամբողջ աշխարհում խառնել է բոլոր ոլորտների ծրագրերը: COVID 19-ը ինչպե՞ս է անդրադարձել հայկական ծանրամարտի վրա:

-Կորոնավիրուսն ինձ ոչնչով չի հետաքրքրել: Չեմ ասում, թե կառավարության որոշումները չենք կատարել: Բայց ամեն բան արել ենք մեկուսացված վիճակում՝ բժշկի ներկայությամբ ու հսկողությամբ: Այս ամբողջ ընթացքում գրեթե ամեն ամիս ունեցել ենք ուսումնամարզական հավաք: Դրա համար ծանրորդներն այսօր գտնվում են մարզական լավ վիճակում: Այս առաջնությունում ծանրորդների բարձրացած կիլոգրամները կտեսնեք, կհամեմատեք նախորդ տարիների հետ եւ կհամոզվեք, որ հետ չենք ընկել:

-Ինչպե՞ս է այդ ամենը հաջողվել:

-Իմ վրա դա շատ թանկ է նստել: Ոչ վիտամիններ, ոչ վերականգնիչներ ու այլ անհրաժեշտ բաներ չեմ ստացել: Թոշակս եմ տրամադրել ու գնել: Հիմա էլ վերջին երկու ամսվա միջոցներս եմ կուտակում, որպեսզի դրանք ձեռք բերեմ դրսից:

-Ձեզ ճանաչողները գիտեն, որ միշտ եք այդպիսին եղել: Ինչի՞ համար:

-Բնավորությունս է այդպիսին: Պարտվել չեմ կարող, ամաչում եմ: Ես չեմ պարտվում, հետո ամաչում, այլ ամաչում եմ, որ կպարտվեմ: Փառք Աստծո, ամեն բան բարեհաջող է: Նախարարությունը անցած տարի ընդառաջեց, թույլատրեց հուլիս, օգոստոս ամիսներին կազմակերպել պատանիների եւ երիտասարդների առաջնությունները, իսկ մեծահասակներինը անցկացրել էինք մինչեւ կորոնավիրուսի ի հայտ գալը:

-Օլիմպիական խաղերի հետաձգումը մեկ տարով անշուշտ անդրադարձավ հավաքականի պլանների եւ աշխատանքների վրա:

-Բնականաբար: Շատ դժվար է պահանջվող ժամանակահատվածում ծանրորդներին երեք անգամ հասցնել մարզավիճակի գագաթին ու երեք անգամ դուրս հանել:

-Արգելված խթանիչների մասի՞ն ինչ կասեք:

-Դրա մասին ընդհանրապես մոռացել ենք: Դուք էլ մոռացեք: Այդպիսի բան արդեն երկար տարիներ, պարզապես, չկա: Ու քանի ես ողջ եմ, չի լինելու:

-Պարոն Ալավերդյան: Դուք համակարգում եք նաեւ կանանց հավաքականները: Նրանց մասին ի՞նչ կասեք:

-Նրանց համար մարզական կյանքը մի փոքր ավելի սուղ ստացվեց: Բայց յոթ ամիս նրանք էլ Արտաշես Ներսիսյանի ղեկավարությամբ մասնակցել են ուսումնամարզական հավաքների: Աղջիկների մարզավիճակն էլ հիմա վատ չէ: Օրերս իրենց առաջնությունում գոհացուցիչ արդյունքներ են գրանցել:

-Ծանրորդների մասնակցության քանակը ՀՀ առաջնությանը գոհացնո՞ւմ է:

– Ընդհանուր առմամբ մասնակցում է մոտ 125 մարզիկ-մարզուհի: Սա մեծահասակների առաջնություն է: Պատանիներին աշխատում ենք իրենց մրցումներին նախապատրաստել:

-Առաջնության ավարտից հետո հավաքականի ի՞նչ ծրագրեր ունեք:

-Տղամարդկանց հավաքականը, որը ես եմ գլխավորում, 90 տոկոսով պատրաստ է: Ես արել եմ այնպես, որ արդեն հինգ տարուց ավելի մեր հավաքականը մշտապես ձեւավորված է: Խիստ ձեւակերպեմ. եթե հավաքականի անդամը պարտվի մեկ այլ ծանրորդի, հրաժեշտ կտա թիմին:

Առաջնությունից հետո մեր ծրագիրը օլիմպիական խաղերին նախապատրաստվելն է: Շարունակելու ենք ուսումնամարզական հավաքները: Մեծահասակների համար մինչեւ օլիմպիական խաղերը Եվրոպայի առաջնությունն է ապրիլի 3-10-ը: Բոլորն էլ կմասնակցեն: Բայց օլիմպիական խաղերում մեզ տրված մեկ քվոտայով պլանավորում ենք, որ տղամարդկանց պայքարին կմասնակցի Սիմոն Մարտիրոսյանը, իսկ աղջիկներից միակ տեղին հավակնում են Իզաբելլա Յայլյանն ու Տաթեւ Հակոբյանը: Ով ավելի լավ մարզավիճակում եղավ, նա էլ կմասնակցի:

Բայց ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ մեծերի թիմի մեջ կան երիտասարդներ: Չզարմանաք, նույնիսկ պատանիներ կարող են լինել, որովհետեւ ես մեր համար սերնդափոխություն ասվածի ավանդական ընկալումը փոխել եմ: Մարզիչը չպետք է սպասի սերնդափոխության, այլ պետք է այնպես աշխատի, որ մի մարզիկը երբ գնա, նրան անմիջապես փոխարինի մեկ ուրիշը, ավելի լավը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728