Այն բանից հետո, երբ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մասնակցելու է (եւ հաղթելու է) առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին, քաղաքական լանդշաֆտն ինձ համար քիչ թե շատ պարզ դարձավ:
Նախ՝ շարունակում եմ պնդել, որ առանց վարչապետի փոփոխության՝ ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը կասկածելի է. ընդհանրապես՝ երբ գործող իշխանությունն է անցկացնում ընտրությունները, նա բազմաթիվ լծակներ ունի դրանք կեղծելու:
Ինչ մնում է այդ՝ կասկածելի ընտրությունների մասնակիցներին, ապա դրանք, ըստ ամենայնի, բաժանվելու են երեք խմբերի.
1/ «Իմ քայլը» դաշինքը:
Կարդացեք նաև
Պայմանականորեն ասած՝ Փաշինյանի «դամքաշները»: Դա կուսակցությունների մի խումբ է, որի մի մասը գուցե կարող է իրեն նաեւ «ընդդիմադիր» անվանել, բայց երբեք նոյեմբերի 10-ից սկսած չի հայտարարել, որ վարչապետը բոլոր առումներով կատարելապես ձախողվել է, եւ հենց նա՛ է տարածքային կորուստների ու հազարավոր զոհերի մեղավորը: Այդ կուսակցությունները կարող են ինչ-որ մանր-մունր հարցերում քննադատել իշխանություններին, բայց իրականում դրանք Փաշինյանի աջակիցն են՝ նաեւ այն պատճառով, որ հիմնականում կենտրոնանում են «նախկինների» քննադատության վրա: Բացառված չէ, որ հիշյալ խմբից մի քանիսը նախընտրական դաշինք կազմեն «Իմ քայլի» հետ, եւ այն, թերևս, կոչվի այլ կերպ՝ ստեղծելով «լայն հասարակական կոնսենսուսի» պատրանք: Մնացածը հանդես կգան «ընդդիմադիր» դիրքերից՝ ապահովելով «ժողովրդավարական գործընթացի» իմիտացիան:
2/ Ռոբերտ Քոչարյանը, որին, ըստ երեւույթին, կաջակցեն 17 եւ ավելի կուսակցությունները:
Պատկերն, ինչ խոսք, տխուր է: Տխրության գլխավոր պատճառն, իհարկե, այն է, որ ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ «գրպանային» կամ իրական ընդդիմությունը առաջ չեն քաշում «բեկումնային գաղափարներ», որոնք կկարողանան դուրս բերել մեր երկիրն այս ողբալի վիճակից, իսկ ավելի պարզ ասած՝ ի վիճակի լինեն փրկել մեր պետականությունը:
Ցավալի է նաեւ, որ երկու հիմնական թեկնածուները հոգեկերտվածքով եւ, մասնավորապես, մանր քինախնդրությամբ իրար շատ են նման: Քոչարյանն իր վերջին հարցազրույցում ասել է. «Իմ քայլը» խմբակցության համար ես մի մարդ եմ, որին իրենք երկու տարի պահել են բանտում և, իրենց մտածելով, ինձ իշխանություն տալու պարագայում ես սուրը հանելու եմ և աջուձախ վրեժխնդիր եմ լինելու իրենց հետ» («իրենց հետը» մեջբերում եմ՝ բնագրին հավատարիմ լինելով)։ Իբր, դա այնքա՜ն հեռու է Երկրորդ նախագահից, որ նման բան ոչ մեկի մտքով չի կարող անցնել: Իբր, 1998-ին գալով իշխանության, նա հենց այդպես չէր վարվել եւ «նախկինների» նկատմամբ հիստերիա չէր հրահրել: Այնպես որ՝ այո, ես հիմքեր ունեմ չհավատալու, որ «մարտի 1-ի» սպանդի գլխավոր պատասխանատուն եւ «սխալ բարեւելու» համար սպանությունը կոծկողը հումանիզմի եւ լայնախոհության մարմնավորումն է:
Իհարկե, ընտրողների մի մասը կարող է շարժվել հետեւյալ տրամաբանությամբ՝ «Քոչարյանին ընտրենք, Նիկոլից պրծնենք», կամ՝ «Նիկոլին ընտրենք, միայն թե Քոչարյանը չգա»: Բայց ես դեմ եմ նման «ճարահատյալ» ընտրությանը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
17 կուսակցությունների(մարդկանց) դաշինքը առաջ կքաշի «բեկումնային գաղափարներ» և մենք միանգամից կմոռանանք 1998-2018թթ…….
Շնորհակալություն մեկնաաբանության համար: Հոդվածում իմ առաջ քաշած միտքն այն էր, որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա արբանյակները, ո՛չ էլ 17 կուսակցությունները առաջ ՉԵՆ քաշում բեկումնային գաղափարներ:
Հիմա միայն մեկ բեկումնային գաղափար պետք է լինի՝ հանձնել Պատրաստ եմ Պատերազմին համալիրի նորմատիվները բոլոր տարիքների համար գրված՝ ծնված օրվանից եւ նույնիսկ դրանից առաջ մինչեւ խորը ծերություն եւ նույնիսկ դրանից հետո:)