Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի ու Ճապոնիայի տնտեսական հրաշքները: Հայաստանը փրկելու ուղիները-2

Փետրվար 03,2021 14:30

Հատված Մերուժան Հարությունյանի «Բարոյակարգի հռչակագիրը ու Հայաստանը փրկելու ուղիները» անտիպ գրքից

Մեր այս 2020-ի պատերազմի սարսափելի պարտությունից հետո ազգովի հուսալիք ենք ու նվաստացած ու մեզ այսօր մի տնտեսական հրաշք է պետք, Երկրորդ աշխարհամարտին հաջորդած գերմանական ու ճապոնական տնտեսական հրաշքների պես մի հրաշք, որ ազատվենք այս հուսալքությունից ու նվաստացումից:

Բայց պատկերացրեք, թե ինչքան ավելի շատ էին հուսալիք ու նվաստացած գերմանացիներն ու ճապոնացիները 1945 թվի իրենց պարտությունից հետո: Բա ի՞նչ արեցին գերմանացիները, որ իրագործեցին իրենց տնտեսական հրաշքները: Նախ խոսենք գերմանացիների հուսալիք ու նվաստ վիճակից:

Գերմանական ազգի հիվանդությունը: 1945 թվին Նյուրնբերգյան դատարանը վճռեց, որ գերմանական ողջ ազգը հիվանդ է նացիզմով: Դատարանը ողջ ազգին դատապարտեց, որ հարկադիր բուժվի այս հիվանդությունից, այսպես ասած, նացիզմազրկվի: (Իհարկե, այս նկարագրությունը չափազանց է սխեմատիկ ու մոտավոր: Նյուրնբերգում բազում դատական պրոցես եղավ ու դրանց միայն արձանագրությունները հարյուրավոր հատոր են, իսկ հետագայում հրատարակված մեկնություններն ուղղակի անթիվ են):
Նացիզմազրկության հոգեբանական հիմունքները մշակեց նշանավոր հոգեբան Կառլ Յունգը, ով որոշեց, որ այս հիվանդության գլխավոր պատճառը խղճի բացակայությունն է: Յունգը եզրակացրեց, որ հիվանդ են բոլո՛ր գերմանացիները, ընդ որում, հիվանդ են հավասար չափով, անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ Հիտլերի նկատմամբ իրենց վերաբերմունքից ու անկախ նացիստական կուսակցությանը իրենց պատկանելությունից:

Դատարանի վճռով 3,5 միլիոն գերմանացի երեք տարով դատապարտվեց հարկադիր բուժման: Գերմանիան բաժանված էր երկու գոտու՝ արեւմտյան (ինչը հետո դարձավ ԳՖՀ-ն) ու արեւելյան (ապագա ԳԴՀ-ն): Առաջինին հսկում էին ԱՄՆ-ը, Բրիտանիան ու Ֆրանսիան՝ ԱՄՆ-ի գեներալ Քլեյի գլխավորությամբ, երկրորդին՝ Սովետական կառավարությունը: Արեւմտյան մասի գերմանացիների նոր՝ գերմանական ղեկավարությունը նույնպես որոշեց, որ գերմանական ողջ ազգը պիտի բուժվի ու վերադաստիարակվի ու նացիզմի ոգին պիտի լրիվ արմատախիլ արվի ազգի միջից: Այս դաստիարակությունն սկսվեց քաղաքների ու գյուղերի բնակիչների հարկադիր այցելություններով նացիստական կոնցլագերներ, նացիստների գազանությունները ցուցադրող ֆիլմերով ու դասախոսություններով: Բայց այս դաստիարակության գագաթը նացիզմի զոհերի վերաթաղումներն էին, որ հարկադրանքով անում էին մանավանդ գերմանացի նախկին պաշտոնյաները:

Արեւմտյան գոտում (հետագա շարադրանքը կվերաբերի միայն այս գոտուն) 3,5 միլիոն դատապարտյալ գերմանացի բաժանվեց մի քանի խմբի.

1. Գլխավոր մեղավորների (1654 հոգի): 2. Մեղավորների (22122): 3. Աննշան մեղավորների (106422): 4. Ուղեկիցների (485058): 5. Անմեղների (18454): 6. Ամնիստիայի տակ ընկածների (22789196): 7. Գործերը զանազան պատճառներով կարճվածների (200207):

Պատիժները տարբեր էին: Օրինակ, մեղավորները (ու նյութական շահ քաղածները) դատապարտվեցին

ա) հնգամյա աշխատանքային ճամբարի կամ հասարակական այլ աշխատանքների

բ) բացի այս պատիժը, սրանց ունեցվածքը, մանավանդ՝ թանկագինը, լրիվ կամ մասնակի բռնագանձվում էր (բացի առօրյա անհրաժեշտության առարկաները)

գ) երբեմն ոմանց 5 տարով զրկում էին ընտրական կամ պետական որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

Բայց ամենասարսափելին այն օրերի գերմանացիների համար այն հանգամանքն էր, որ, իմանալով իրենց պետերի գործած սոսկալի, նողկալի ու հրեշավոր հանցագործությունները, ամաչում էին նայեին այլազգիների աչքերին, ու ահավոր ամոթի այս շրջանը երկար տեւեց:

Դաշնակիցները 1948-ին նացիզմազրկելու իրավունքն ու գործերը հանձնեցին ԳՖՀ-ի կառավարությանը, ով շատ հետեւողական էր կիրառում այս միջոցները: (Կոմունիստները մի քանի միլիոն գերմանացի տարան Սովետական միություն՝ ստրկական աշխատանքի, ու սրանց մեծ մասը զոհվեց այնտեղ):

Այսքանը այն օրերի գերմանացիների հոգեկան վիճակի մասին, բայց այն օրերի Գերմանիայի տնտեսական վիճակն էլ էր սարսափելի ու հույժ հուսահատական:

Գերմանիայի տնտեսության ավերակ վիճակը: Երկրորդ աշխարհամարտից հետո Գերմանիայի քաղաքների շենքերի 20%-ը հողին էր հավասարեցրած: 1947-ին 1938 թվի արդյունաբերությունից մնացել էր մոտ 30%-ը, սննդի արդյունաբերությունը կրճատվել էր կիսով չափ:

1939 թվին Գյորինգի մտցրած սննդի տալոնների մեկ մարդուն հասնող օրաբաժին կալորիաների քանակը 1040-1550 էր, անհրաժեշտ մեկ միլիոն 800 հազարի փոխարեն: Աշխատուժը խիստ էր կրճատվել, որովհետեւ պատերազմը 8 միլիոնից ավելի գերմանացու կյանք էր խլել:

Փողոցներում թափառող խիստ հյուծված մարդիկ նման էին անժպիտ ու անկյանք ուրվականների, ովքեր անընդհատ սնունդ էին ման գալիս: Ապրանքների գների համատարած հսկողությունը Գերմանիայում հաստատվել էր դեռ 1936 թվին, իսկ տալոնային սիստեմը գործում էր արդեն 9 տարի: Հաստատված գները խախտելու համար նացիստական կառավարությունը մահապատիժ էր սահմանել: Այս համակարգը գործում էր նաեւ դաշնակիցների հսկողության օրոք, մինչեւ 1948 թիվը, իհարկե, առանց խախտելու սարսափելի պատժի:

Ռեյխսմարկի ծավալը 1936 թվի համեմատ աճել էր 5 անգամ, ու այս ինֆլյացիան, ըստ էության, ոչնչացրել էր ռեյխսմարկը, ու փողի դերը իրենց վրա էին վերցրել ամերիկյան ծխախոտի գլանակներն ու տուփերը: Փողը այլեւս փոխանակության միջոց չէր ու փոխարինվել էր ապրանքային պարզ փոխանակությամբ: Աշխատանքային կարգապահությունը խիստ նվազել էր, որովհետեւ աշխատավարձը, ըստ էության, ոչ մեկի համար կարեւոր չէր (աշխատանքից բացակայելու համար Հիտլերի սահմանած խստագույն պատիժներն արդեն չկային), ու մարդիկ ամբողջ օրը սնունդ էին ման գալիս: Գերմանացին շատ հաճախ, խխունջի պես դանդաղ սողացող գնացքների կտրին կամ դռներից կախ, մի քանի հարյուր կիլոմետր էր կտրում, որ ռմբակոծությունից փրկված իր վերջին իրերը փոխանակի մի քանի օրվա հացահատկի կամ կարտոֆիլի հետ: Եթե այսքանին ավելացնենք, որ ողջ աշխարհը ուղղակի թքում էր գերմանացիների երեսներին, սրանց արած անլուր չարագործությունների համար, նոր պարզ կլինի, թե այն օրերի գերմանացիների հուսալքության ու նվաստության աստիճանը ինչքան ու ինչքան ավելի շատ էր, քան մեր այսօրվանը:

Գերմանական տնտեսական հրաշքը: Դրությունը շտկեց ազատ շուկայական հարաբերությունների տեսաբան, տնտեսագիտության դոկտոր Լյուդվիգ Էրհարդը, ով, հակադրվելով թե դաշնակիցներին, թե տեղական ազդեցիկ սոցիալ-դեմոկրատներին, իր երկու զինակցի՝ տնտեսագիտության պրոֆեսոր, ազատ շուկայի ջատագով Վալտեր Էուկենի ու Վիլհելմ Ռոյպկեի հետ մշակեց ու իրագործեց տնտեսական ռեֆորմների մի շարան:

Էրհարդն իր ռեֆորմներն սկսեց 1948 թվի հունիսի 20-ին, կիրակի օրը:

Էրհարդի ռեֆորմների գլխավոր երեք քայլը հետեւյալն էր.
1.Գերմանական փողի՝ ռեյխսմարկի ծավալի 93%-ը կրճատեց ու սա փոխարինեց դոյչմարկով:

2.Վերացրեց գների պետական հսկողությունն ու աշխատավարձի նվազագույն շեմը:

3.Վերացրեց սննդի տալոնային սիստեմը:

4.Ամենագլխավորը, Էրհարդը խիստ կրճատեց անհատների տնտեսվարությանը պետության հարկային միջամտությունը, մանավանդ վերացրեց մարջինալ հարկը (եզրային կամ պրոգրեսիվ հարկը) ու հաստատեց հարթ հարկ, բայց սա էլ սկսվում էր մոտ 2500 դոյչմարկ եկամտից:

(Համեմատության համար թերեւս պիտի ասվի, որ ՀՀ-ում այսօր փաստացի հարկվում է նույնիսկ 100 եվրո (ու ավելի ցածր) ռոճիկը, ինչը անհեթեթ է, մանավանդ որ պետբյուջեից վճարվող այս ռոճիկները հենց իրե՛նք են հարկերից գոյացել: Այսինքն, պետությունը հարկն է՛լ է հարկում):

Հարկերի ամենաբարձր մարջինը, 99%-ը, սակայն, մնում էր: Էրհարդը, այնուամենայնիվ, լրիվ լիբերթարյան չէր ու, ավելի շուտ, նման էր տնտեսագիտության Չիկագոյի դպրոցի հետեւորդներին: Թերեւս սա էր այն պատճառներից մեկը, որ Գերմանիան հետագայում հակվեց սոցիալիզմին: Իհարկե, սրանցից բացի, Էրհարդը պետական բազում ուրիշ հսկողություն էլ վերացրեց ու խիստ կրճատեց պետական բյուրոկրատական ապարատը: Նյու Յորքի Ֆեդերալ Ռեզերվի տնտեսագետ Ֆրեդ Կլոպշտոկը գրում է. «Էրհարդի դեվիզը այդ օրերին ասես հետեւյալը լիներ. «Պարապ մի մնա, օրական մի բան վերացրու»:

Էրհարդի այս դեկրետների տնտեսական ազդեցությունը նման էր կայծակի զորավոր հարվածի: Աշխատանքային կարգապահությունը իսկույն բարձրացավ, որովհետեւ մարդիկ վստահ էին, որ շատ աշխատեն, շատ կստանան, իսկ ստացած փողն էլ գնողունակ է: 1948 թվի հունիսի 20 դեկրետներից հետո, հենց դեկտեմբերին, արտադրանքի ինդեքսը 21-ից հասավ 78-ի: Տասը տարի հետո, 1958-ին, տարեկան արտադրությունն աճեց 400%-ով, իսկ մեկ շնչին ընկնող արտադրանքը աճեց ավելի քան երեք անգամ, այնինչ, Գերմանիայի սոցիալիստական մասում տնտեսության լճացում էր:

Ինքը՝ Էրհարդը, ասում էր. «Մենք որոշեցինք, որ նորից պիտի հաստատենք ազատ շուկայական հարաբերությունների հին կանոնները, այսինքն, laissez-faire-ի («ինչ ուզում ես՝ արա»-ի-Մ.Հ.) կանոնները: Ըստ էության, մենք վերացրեցինք հատկացումների, գների ու ռոճիկների բոլոր հսկողությունները ու սրանք փոխարինեցինք ազատ շուկայի ազատ գների փողային ինքնին գործող մեխանիզմով»: Գերմանիայի տնտեսական այս հրաշքն այնքան էր զորավոր, որ արդեն 1958 թվին (ու մինչեւ այսօր) եվրոպական տերությունները նախանձում են Գերմանիայի տնտեսությանը:

Մարշալի պլանը: Շատ անգամ ասում են, թե գերմանական այս հրաշքի պատճառը Մարշալի պլանով Գերմանիային ԱՄՆ-ի տված փողն էր: Սա սխալ է, որովհետեւ Մարշալի պլանով Բրիտանիան ստացավ մոտ երկու անգամ (իսկ Ֆրանսիան՝ մոտ երեք) ավելի շատ գումար, այնինչ, հենց 1950 թվին Գերմանիայի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճը 64% էր, այնինչ՝ Բրիտանիայինը՝ ընդամենը 15%: Բացի սա, Մարշալի պլանով մինչեւ 1954 թ. հոկտեմբերը Գերմանիայի ստացած ընդհանուր գումարը 2 միլիարդ դոլար էր, իսկ 1948-ի մինչեւ 1949 թիվը (երբ այս օգնությունը հասել էր իր գագաթին) Մարշալի պլանով ստացած գումարը Գերմանիայի ազգային եկամտի ընդամենը 5%-ն էր:
Չմոռանանք նաեւ, որ դաշնակիցները Գերմանիայի վրա տարեկան 2,4 միլիարդ դոլար հարկ էին դրել՝ Գերմանիայում տեղակայած իրենց զորքերը պահելու համար: (Հանուն արդարության, պիտի ասվի նաեւ, որ Գերմանիան սեփական սպառազինության ու բանակի վրա ոչինչ չէր ծախսում):

Առհասարակ, մոռանում են ասեն, որ հետպատերազմյան Բելգիան առաջինն անցավ ազատ շուկայական հարաբերություններին ու իր տնտեսությունը վերականգնեց մինչեւ Մարշալի պլանի ծնունդը, սեփական ուժերով, այսինքն, մինչեւ 1947թ.: 1972թ. արդեն 98 երկիր էր Մարշալի պլանով ԱՄՆ-ի օգնությունը ստացել, բայց հետպատերազմյան առաջին տասնամյակում սրանցից ոչ մեկի տնտեսությունը Գերմանիայի պես տնտեսական հրաշքով չաճեց, բացի Ճապոնիայինը: (Հետագայում նաեւ Թայվանը, Հոնկոնգը, Սիգապուրը (եւն) ու Հարավային Կորեան, ով չնայած հերաժարվեց սոցիալիզմից ու անցավ «կապիտալիստական հրամայական տոտալիտարիզմին», ազատ շուկայական հարաբերությունների մասնակի «խառնուրդով», բայց նույնիսկ այս մասնակի խառնուրդը թույլ տվեց, որ Հարավային Կորեան դառնա հզոր տնտեսությամբ երկիր, մանավանդ Հյուսիսային Կորեայի համեմատ, որտեղ սովի պարբերական բռնկումներ կան, իսկ ողջ բնակչությունն էլ կատաղի սոցիալիզմի ճորտն է: Այս առումով տիպական է նաեւ Չինաստանի հրամայական «սոցիալիստական կապիտալիզմը»):

Ճապոնական տնտեսական հրաշքը: Չնայած Ճապոնիան խուսափեց նյուրնբերգյանի պես մի դատավարությունից, բայց ճապոնացիների հուսալքությունն ու նվաստացումը գերմանացիներից պակաս չէր: Այնուամենայնիվ, ճապոնացիներն էլ տնտեսական հրաշք իրագործեցին: Այս հրաշքի հեղինակը ԱՄՆ-ի բանկային գործիչ Ջոզեֆ Մորել Դոջն էր (1890-1964)), բանկային գործի հանճարեղ ինքնուսը, աննկուն, բացառիկ անխոնջ, ուղղամիտ ու խոսքը ճակատին ասող ու չափազանց ազնիվ ամերիկացին (չնայած իր ազգանվանը, ինչը նշանակում է «խարդախություն»):

Դոջը մինչեւ Մարշալի պլանը Գերմանիայի դաշնակից զորքերի հրամանատար, գեներալ Քլեյի խորհրդականն էր, ու Էրհարդը հետագայում հենց Դոջի առաջարկներն իրականացրեց: Հետո, 1949 թ. փետրվարին Դոջին նշանակեցին Ճապոնիայում ԱՄՆ-ի զորքերի հրամանատար, գեներալ Մակ Արթուրի տնտեսական խորհրդական:

Դոջը Ճապոնիայի տնտեսական անկախությունը հաստատող իր պլանը հայտարարեց մարտի 7-ին, առաջարկելով.

1.Ազգային բյուջեում պետական ու այլ իզուր ծախսերը պիտի կտրուկ կրճատվեն:

2.Հարկերը պիտի խիստ կրճատվեն ու պրոգրեսիվ հարկը պիտի դառնա խելամիտ ցածր ու հարթ:

3.Ճապոնիայի Reconstruction Finance Bank-ը (ըստ էության, երկրի Կենտրոնական բանկը) պիտի լուծարվի, որովհետեւ սրա վարկային քաղաքականությունը հակադիր է երկրի տնտեսության շահերին:

4.Պետության միջամտությունը (անհատ տնտեսվարողների գործերին) պիտի խիստ կրճատվի, մանավանդ պիտի խիստ կրճատվեն պետության տված վարկերն ու գների պետական հսկողությունը պիտի վերանա:

5.Պետությունը պիտի զրկվի արտաքին առեւտրի իրավունքից ու այս իրավունքը պիտի տրվի մասնավորին: Արտաքին առեւտրի ամենայն փոխանակության կուրսը պիտի լինի հաստատուն, $1 = 360 yen կուրսով:

Սրանք էին ճապոնական տնտեսական հրաշքի հիմնական նախադրյալները:

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՀՐԱՇՔԸ: Առհասարակ, ցանկացած տնտեսական հրաշքի առաջին պայմանը պետության (պետերի խմբի) ծախսերն ու իրավունքները կրճատելն է ու սրանց գործողությունները հսկելի ու պատժելի դարձնելն է, զանազան ուղղակի կամ զարտուղի հարկ ու մաքսը կրճատելն ու անհատի բիզնեսին պետության միջամտությունը (նաեւ վարկերով ու սուբսիադիաներով) վերացնելն է: Պետերը անպայման են չարիք, ուրեմն, եթե պետերի խմբի գոյությունը անխուսափելի է, լավագույնը այս չարիքի նվազագույնն է, լավագույնը նվազագույն պետությունն է: Եթե պետերը անզուսպ են, սրանք իրենց քանակն ու ծախսերը անընդհատ ավելացնում են (ծախսերի միակ աղբյուրն էլ հարկերն ու արտաքին պարտքն է), պետերն էլ շատ արագ ապականվում են, ու պետական մեքենան, ի վերջո, փչանում ու կանգ է առնում: Այդ ժամանակ, քանի դեռ այս մենքենան փչացած է, պետերի որ մի խմբին էլ ընտրես բերես ու նստացնես այս մեքենայի ղեկին, մեքենան տեղից չի շարժվի, ինչպես որ այսօր Հայաստանում չի շարժվում: Ավելին, այսօր ժողովուրդը շուրջն է նայում, ու պետերի ոչ մի հարմար խումբ նույնիսկ չի տեսնում:

Ուրեմն, պիտի պետական մեքենան փոխվի, պիտի հասարակական կա՛րգը փոխվի, համարյա նույն ձեւով, ինչպես որ Էրհարդը փոխեց Գերմանիայում, իսկ Դոջը՝ Ճապոնիայում:

Գիտությունն ու Գերմանիայի ու Ճապոնիայի (նաեւ մի քանի այլ երկրի) փորձն ասում է, որ մինչեւ մի նոր բարոյական սահմանադրություն կազմելը, սա ժողովրդին բացատրելն ու հանրաքվեի դնելը, այս անցումային շրջանում Հայաստանում, շատ արագ, պիտի արվի գոնե հետեւյալը:

1.Պիտի վերացվի Կովիդ-19-ի այս դիմակահանդեսը ու սրա պատրվակով հաստատված արտակարգ դրությունը, որպես գիտությանը հակասող ու կրթությանն ու տնտեսությանը խիստ վնասող միջոցառումներ: Սա չի նշանակում, թե կլինիկաներն ու հիվանդանոցները չպիտի պայքարեն կովիդի ու այլ հիվանդությունների դեմ: Հակառակը, կովիդի դեմ պայքարի իրավունքը պիտի տրվի բոլոր բուժհիմնարկներին, մանավանդ՝ մասնավորներին: Դպրոցների, բուհերի ու այլ հիմնարկների հարկադիր պարապուրդները պիտի արգելվեն:

2.Պետական բոլոր կառույցներին ու պաշտոնյաներին պիտի արգելվի՝ որեւէ պատրվակով կամ որեւէ անվան տակ (օգնություն, վարկ եւն) արտաքին պարտք վերցնելը, ԱԺ-ին օրենքի նախագիծ առաջարկելը, մասնավոր տնտեսվարողների բիզնեսներին միջամտելը, բիզնեսով ու մանավանդ արտաքին առեւտրով զբաղվելը, իրավաբանական անձանց վարկ տրամադրելը, որեւէ բիզնեսով զբաղվելը: Պիտի բիզնեսով զբաղվելու լիցենզիա տրամադրելու այսօրվա կարգը համարյա լրիվ վերացվի, մնացածն էլ խիստ պարզեցվի:

Պետական ապարատը պիտի խիստ կրճատվի: Պիտի առկա նախարարություններից լուծարվեն այն նախարարությունները, որոնց գործունեությունը իզուր է ու հակադիր է ազատ շուկայական հարաբերություններին ու կլանում է բյուջեի զգալի մասը: Ուրեմն պիտի լուծարվի նախարարությունների մեծ մասը ու թողնվի միայն Պաշտպանության, Արտաքին Գործերի ու Ներքին գործերի ու Ֆինանսների նախարարությունները, բայց սրանց կազմերը պիտի կրճատվեն ամենաքիչը 10 անգամ, լիազորությունների մի մասն էլ պիտի լուծարվի:
Լուծարված նախարարությունների հետ պիտի վերանան նաեւ սրանց բազում ենթակառույցները (զանազան ԾԻԳ-երն ու վարչությունները, որ զբաղված են միայն ու միայն բյուջեն փոշիացնելով): Լուծարված նախարարություններից մի քանիսի փոխարեն գուցե ստեղծվեն առանձին փոքր միավորներ, բայց այս միավորները ստեղծվելու իրավունքը պիտի վերապահվի նաեւ մասնավորին: Գուցե պետական բիզնեսատիպ կառույցները մրցույթով սեփականաշնորհվեն: Օրինակ, Արտակարգ իրավիճակների նախարարության փոխարեն գուցե ՆԳՆ-ն ունենա «Հրշեջ ծառայության» պես մի ծառայություն, իսկ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության փոխարեն ստեղծվի մի փոքրիկ վարչություն, ինչն զբաղվի (մանավանդ պատերազմի ու այլ աղետների) հաշմանդամների ու անտեր ծերունիների թոշակների հարցերով ու բոմժերի խնդիրներով):

ԿԳՄՍ-ն պիտի անպայման լուծարվի որպես կրթությանն ու գիտությանը խոչընդոտող հիմնարկ ու փոխարենը հիմնվի մի փոքր վարչություն (գուցե միայն անցումային շրջանում): Ֆինանսները կրթօջախներին պիտի տրվեն ուղղակի: Եթե բուհերին լրիվ ինքնավարություն տրվի ու ընդունելության կենտրոնացված սիստեմը վերացվի, ԿԳՄՍ-ն կդառնա ավելորդ ու իր չափորոշիչներով ու զանազան հրահանգներով չի խոչընդոտի կրթությանը:

Մունիցիպալ ոստիկանությունները պիտի ենթարկվեն ու հաշվետու լինեն միայն մունիցիպալ համայնքների ժողովներին ու ոչ թե վարչապետին: Ներքին զորքերը պիտի լուծարվեն, քանզի անթույլատրելի է, որ պետերը զորք հանեն երկրի բնակչության դեմ:

3.Պիտի վերջին 20-25 տարում պետության առաջարկած նախագծերով ընդունված մոտ 30-40 հազար օրենքի մեծագույն մասը լուծարվի (մանավանդ անտեսանելի հարստության հարկի (գույքահարկի) բազմապատիկ ավելացնելու թալանչիական ու անհատի հիմնական իրավունքներն ու ազատությունները սահմանափակող օրենքները), որովհետեւ սրանք հարկավոր են միայն պետական չինովնիկին ու միայն խոչընդոտում են մասնավոր բիզնեսին: (Այս ընթացքում բուն ԱԺ-ի ընդունած օրենքների թիվը ընդամենը մոտ 6000-ից 9000 է):

4.Հարկերից պիտի լուծարվեն Ավելացրած արժեքների հարկերը ու զանազան ակցիզները: Պիտի հարկվի միայն այն տնտեսվարողը ու բյուջետային աշխատողը, ում ամսական աշխատավարձը 1500 ԱՄՆ դոլարից ավելի է: Պրոգրեսիվ ու անտեսանելի հարստության հարկ կամ շքեղության հարկ չպիտի լինի: Լավ կլինի, որ հարկի վերին շեմը լինի 12%-ը:

5.Պրոտեկցիոնիստական բարձր մաքսերը, այսինքն՝ այն բարձր մաքսերը, որոնք իբր պիտի տեղական արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը պաշտպանեն արտաքին շուկայի մրցությունից, պիտի արգելվեն, քանզի սրանց արդյունքը սպասելիի լրիվ հակառակն է:

6.Պիտի լուծարվի կենտրոնական բանկը, ակտիվներն էլ տրվեն բյուջեին: Դոլարի ներքին գինը ցույց կտա, թե դրամի (այսինքն, երկրի տնտեսության) իրական վիճակն ինչ է: Առեւտրային մնացած բանկերը պիտի ենթարկվեն ազատ բիզնեսի նույն կանոններին, ինչ որ խոշոր բիզնեսի մնացած կառույցները: Պետությունը չպիտի հսկի սրանց տոկոսադրույքները, ու սրանց ռիսկերի պատասխանատուները կդառնան միայն իրենք:

ՇԱՏ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է, ՈՐ ԱՅՍ ՓՐԿԱՐԱՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԱՐՎԻ: Փոխարենը մեր պետերը (հները մնան, թե նորերը լինեն) կընտրեն կործանարար ուղին, այսինքն՝ եղած սահմանադրությունը կկարկատեն՝ առանց սրա էությունը փոխելու ու, ստիպված, կբարձրացնեն ուղղակի ու զարտուղի հարկերը, նորից արտաքին վիթխարի պարտքեր կանեն ու թուղթ փող կտպեն, ու այս փողի մեծագույն մասը իրենց իբր փրկարար ծրագրերով (վարկերով) կփոշիացնեն: Արդյունքը կլինի ինֆլյացիայի արագացած աճը, ինչին կհետեւի ահագնացող գնաճը, սննդի տալոնային սիստեմի ներմուծումը, գների պետական խիստ հսկողությունը, ու սարսափելի հիպերինֆլյացիա կսկսվի, ինչպես եղավ Գերմանիայում՝ Առաջին աշխարհամարտից հետո: Այդժամ մեր իշխանությունները, արդեն ճարները կտրած, կամ պիտի դիմեն կործանարար նացիզմին (որ իրենց իշխանությունը մի քիչ էլ ձգեն), կամ վերեւի առաջարկներին, եթե շատ ուշ չլինի:

Աստված մեզ փրկի մեր ներքին թշնամուց՝ մեր պետերից:

«Առավոտ» օրաթերթ

02.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728