Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էմբրիոնները չթափել, սաղմերն օգտագործել բարենպաստ նպատակներով

Փետրվար 03,2021 15:00

ԱՆ-ն արհեստական բեղմնավորման համար օրենսդրական խոչընդոտները վերացնում է
Կառավարությունը մտադիր է հեշտացնել հղիանալու հնարավորությունն անպտղությամբ տառապող անձանց համար։ Հղիանալու համար այն, ինչ կախված է օրենսդրական դաշտից, կառավարությունը փորձում է կարգավորել եւ վերացնել արհեստական խոչընդոտները։

Առողջապահության նախարարությունը «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրել։ Նախագծի հեղինակները նշում են, որ գործող օրենքով նախատեսված են մի շարք սահմանափակումներ, որոնք խոչընդոտ են առաջացնում անպտղությամբ տառապող բազմաթիվ մարդկանց համար դիմելու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով հղիանալու, եւ սա, ըստ հեղինակների, անուղղակի ձեւով ազդում է բնակչության ծնելիության աճի վրա։ Հեղինակները նշում են՝ օրենսդրական այս փոփոխությամբ նպաստում են ծնելիության բարձրացմանը, ինչը մեր երկրի գերակա խնդիրներից է։

Ինչ է նախատեսվում դոնորների համար
Գործող օրենքով դոնոր լինելու իրավունք ունեն 18-35 տարեկան այն տղամարդիկ եւ կանայք, ովքեր ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության եւ չունեն դոնոր լինելու բժշկական հակացուցումներ։ Նախագծով առաջարկվում է այս շեմը բարձրացնել մինչեւ 40 տարեկան։ Ժամանակավոր դոնոր լինելու իրավունք ունեն, ըստ գործող օրենքի, նաեւ վերարտադրողական տարիքի (18 տարեկանից սկսած) այն տղամարդիկ եւ կանայք, ովքեր ցանկանում են իրենց սեռաբջիջը կամ սաղմը տրամադրել հարազատներին։ Նախագիծը մշակողները վստահեցնում են. «Շատ են լինում դեպքեր, երբ ամուսնական զույգի կամ անձի հետ ազգակցական կապ չունեցող` իրեն ծանոթ կամ մտերիմ կամ հայտնի անձը պատրաստակամ է սեռաբջջի դոնոր հանդիսանալ, սակայն հարազատ չլինելու եւ 35 տարեկանից մեծ լինելու պատճառով այդ հնարավորությունից զրկվում է: Այս առումով գործող օրենքի նման սահմանափակումը տեղին չէ, քանի որ եթե հարազատների համար տարիքի սահմանափակում չկա, ապա նույնը պետք է լինի նաեւ հայտնի դոնորների համար»: Եւ հենց այս հիմնավորմամբ էլ նախագծով առաջարկվում է սահմանել «Հայտնի դոնոր» եզրույթը։ Այսինքն, նախագծով սահմանվում է, որ արհեսատական բեղմնավորման դիմող անձի կամ զույգի հետ ազգակցական կապ չունեցող, սակայն նրան հայտնի անձնավորությունը եւս կարող է դիտարկվել որպես ժամանակավոր դոնոր` առանց տարիքային սահմանափակման։

Կանանց տարիքային սահմանափակում

Մեր երկրում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող կանանց համար, ըստ գործող օրենքի, տարիքային սահմանափակում նախատեսված չէ։ Նախագծի հեղինակները գտնում են, որ սա բժշկական տարբեր կենտրոններին հնարավորություն է տալիս կամայական մոտեցումներ ցուցաբերել։ Ուստի, օրենքի այս դրույթն էլ նախագծով առաջարկվում է փոխել եւ ձվաբջջի դոնորի կիրառմամբ կանանց տարիքը սահմանափակել մինչեւ 53 տարեկանը։ Հեղինակները կարծում են, որ սա թույլ կտա եվրոպական երկրներից ժամանած պացիենտների որոշակի հատվածին դիմել Հայաստանում արտամարմնային բեղմնավորման ծառայություններից օգտվել։

Կենսաբանական ծնող լինելը պարտադիր չէ
Գործող օրենքի մի քանի հոդվածներ եւս խոչընդոտում են անպտուղ անձանց դիմել արհեստական բեղմնավորման։ Օրինակ՝ գործող օրենքով սահմանվում է. «…Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու դեպքում ՀՀ վավեր ճանաչված ամուսնության մեջ գտնվող ամուսինները կամ նրանցից առնվազն մեկը, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ կինը պետք է լինեն ապագա երեխայի կենսաբանական ծնողը:
…Կենսաբանական ծնող՝ տղամարդ կամ կին, որի սեռաբջջից է ձեւավորվել սաղմը, եւ որի գենոտիպի կրողը նրա ապագա երեխան է»:

Ըստ այս կարգավորման, ապագա երեխան պետք է կրի ծնողներից առնվազն մեկի գենը, հակառակ դեպքում անպտղության բուժման նպատակով բուժհաստատություններ դիմած քաղաքացիները, որոնք չունեն բեղմնունակ սեռաբջիջներ, զրկված են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունից:

Նախագծի հեղինակները նշում են. «Այս նորմը զրկում է անպտուղ անձանց կամ ամուսնացած զույգերի որոշակի զանգվածի երեխա ունենալու հնարավորությունից: Շատ հաճախ անպտուղ ամուսնական զույգը կամ ամուսնության մեջ չգտնվող կինը բեղմնունակ սեռաբջիջներ չի ունենում, սակայն կնոջ արգանդը առողջ լինելու դեպքում նա ի վիճակի է կրել հղիություն` դոնորական սաղմերի ներպատվաստմամբ: Տվյալ դեպքում գործող օրենքում առկա` կենսաբանական ծնողին առնչվող կարգավորումները զրկում են նրանց մայրության բերկրանքը զգալու երջանկությունից: Միաժամանակ, օրենքի` փոխնակ մայրության հարցերը կարգավորող 15-րդ հոդվածի 14-րդ կետը սահմանում է, որ «Փոխնակ մորից ծնված երեխան սույն օրենքով սահմանված կարգով պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձին է հանձնվում, եթե ԴՆԹ-ի որոշման արդյունքում հաստատվում է, որ ամուսիններից առնվազն մեկը կամ ամուսնության մեջ չգտնվող անձը հանդիսանում է երեխայի կենսաբանական ծնողը, եւ փոխնակ մայրը չի հանդիսանում երեխայի կենսաբանական ծնողը: Այսինքն, այս դեպքում եւս այն զույգը, որը չունի բեղմնունակ սեռաբջիջ, չի կարող օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնությունից` փոխնակ մոր միջոցով, եթե չի կրում փոխնակ մոր արգանդում ներպատվաստված սաղմի ԴՆԹ-ն»: Նախագծով առաջարկվում է սահմանափակումը վերացնել բեղմնունակ սեռաբջիջներ չունեցող այն զույգի կամ ամուսնության մեջ չգտնվող կնոջ նկատմամբ, երբ կինը կարող է կրել հղիություն դոնորական սաղմով: Սակայն փոխնակ մոր միջոցով վերարտադրողական ծառայությունից օգտվելու կարիքի դեպքում այդ իրավունքը վերապահվում է միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված` բեղմնունակ սեռաբջիջներ չունեցող ամուսնական զույգին` միջգերատեսչական բազմամասնագիտական հանձնաժողովի թույլտվությամբ:

Մահացած զավակի սերմնաբջիջներով կարելի է բեղմնավորում իրականացնել
Նախագծով նաեւ օրենսդրական նախադրյալներ են ստեղծվում այն դեպքերի համար, երբ, օրինակ, մահացած անձի ծնողները ցանկանում են օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից` փոխնակ մոր ծառայության միջոցով, նախապես բժշկական կազմակերպությանը տրամադրած եւ պահպանված` իրենց զավակի սեռաբջիջների միջոցով:

Էմբրիոնները չթափել, սաղմերն օգտագործել բարենպաստ նպատակներով

Նախագծով առաջարկվում է ավելացնել 14.1 հոդվածը. «Սաղմի պահպանում, ոչնչացում, անհատույց տրամադրում»։ Այս հոդվածով հնարավորություն է ստեղծվում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրված բուժօգնության ավարտից հետո կենսաբանական ծնողներ/ծնող հանդիսացող զույգը կամ գրանցված ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ կինը գրավոր համաձայնությամբ արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված եւ չօգտագործված սաղմերը տրամադրեն համապատասխան բժշկական կազմակերպությանը` անպտուղ զույգին կամ ամուսնության մեջ չգտնվող կնոջն անհատույց տրամադրելու նպատակով, կամ այն ոչնչացնել, կամ էլ պահպանել դրամական հատուցման դիմաց: Սակայն, եթե համաձայնագրով սահմանված սաղմի պահպանման ժամկետը լրանալուց հետո 1 ամսվա ընթացքում կրկին համաձայնագիր չկնքվի, ապա բուժհիմնարկը սաղմը կարող է տնօրինել իր հայեցողությամբ` անհատույց տրամադրել այլ անպտուղ զույգի կամ ամուսնության մեջ չգտնվող կնոջ, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող՝ ՀՀ-ում գտնվող կամ բնակվող օտարերկրացիների, կամ ոչնչացնել:

Նախագծի հեղինակներն այս դրույթն էլ հիմնավորում են այն հանգամանքով, որ հաճախ բեղմնավորման համար ստացված սաղմերի քանակը շատ ավելին է լինում, քան ողջամտորեն անհրաժեշտ է հղիության համար, այս դեպքում չօգտագործված սաղմերը սառեցվում են. «Գրեթե ոչ մի երկրի ներքին օրենսդրություն չի սահմանում այն ժամանակահատվածը, որի ընթացքում պետք է պահպանվեն սառեցված սաղմերը: Այստեղ ծագում է էմբրիոնների հետագա ճակատագրի հարցը, որն էլ դրանց թափոնացումն է, ինչը կատարվում է ծնողների եւ տվյալ կենտրոնի փոխադարձ գրավոր համաձայնեցմամբ: Բայց մի շարք երկրներում էլ սահմանվում է, որ զույգը հավելյալ սաղմերը թափոնացումից բացի, կարող է նվիրաբերվել այլ անպտուղ զույգերի՝ դրանով հնարավորություն տալով եւս մեկ երեխայի ծնվելու եւ երջանկացնել եւս մեկ անպտուղ զույգի, ինչպես նաեւ ապահովել ծնելիության աճը»:

Ուստի, ինչպես նախագծի մշակողներն են նշել հիմնավորման մեջ, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, նախագծով առաջարկվում է էմբրիոնների թափոնացումից բացի, սաղմերն օգտագործել ավելի բարենպաստ նպատակներով։

Գործող օրենքով չի թույլատրվում ծրագրել երեխայի սեռը արհեստական բեղմանվորման դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականություն։

Նախագծով առաջարկվում է՝ ընտանիքում նույն սեռի 3 երեխա ունենալու դեպքում թույլատրել արհեստական բեղմնավորմամբ 4-րդ երեխային ծրագրելիս որոշել երեխայի սեռը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728