Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուրջիեւի այգու» ոդիսականը

Փետրվար 03,2021 14:00

Առաջարկը հավանության է արժանացել, տարածքը` տրվել ուրիշի

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ի թիվս նախագահական այլ նախաձեռնությունների, առաջարկել էր Գյումրիում ստեղծել «Գյուրջիեւի այգի»: Այն պետք է իրականացվեր Գյումրիի Կարսի խճուղու հատվածում` ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող 21 հա տարածքում:

«Առավոտի» հետ զրույցում հանրապետության նախագահի աշխատակազմի՝ «Գյուրջիեւի այգի» նախագծի պատասխանատու Լիպարիտ Մելքոնյանը, ներկայացնելով ծրագիրը, ասաց, որ գլխավոր նպատակն է զբոսաշրջությունը խթանելով զարգացնել Գյումրի քաղաքը, ստեղծել Գյումրիի նոր այցեքարտ, Հայաստան բերել Գյուրջիեւի հետեւորդներին ողջ աշխարհից:

«Գյուրջիեւի այգի» ծրագիրը մշակվել է «Երեւան, իմ սեր» հիմնադրամի կողմից հիմնադրված «Գյումրի, իմ սեր» հիմնադրամի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ իտալական հանրահայտ Rizzani De Eccher ընկերության կողմից:

Մասնավորապես, նախատեսվում է կառուցել Գյուրջիեւի թանգարան, որը լինելու է ծրագրի շարժիչ ուժը: Չնայած Գյուրջիեւը ծնվել է Գյումրիում, սակայն մինչ օրս այստեղ չկա Գյուրջիեւի կենտրոն, որն այդ կերպ Գյումրի քաղաքի վրա կսեւեռի Գյուրջիեւի՝ աշխարհով մեկ սփռված հետեւորդների ուշադրությունը, իսկ թանգարանի հիմնումը նրանց ոչ միայն Գյումրի կբերի, այլեւ հնարավորություն կստեղծի առարկայական շփում ունենալ համաշխարհային համբավ ունեցող գյուրջիեւյան ժառանգության հետ:

Ինչ վերաբերում է տարածքի ընտրությանը, դա պատահական չէր, որովհետեւ այստեղ դեռ 1800-ականներից պահպանված շենքեր կան, որոնցից որեւէ մեկը, լավ վերականգնելու դեպքում, կարող էր դառնալ Գյուրջիեւի թանգարան:

Ծրագիրը մեծ դաշտ է ենթադրում ներդրումների եւ գործարար հետաքրքրությունների, նոր աշխատատեղերի ստեղծման եւ տնտեսական էֆեկտի առումով: Արդեն իսկ տարբեր հանդիպումներ, քննարկումներ են եղել արտերկրից բարեգործների, շինարարական ընկերությունների, հիմնական գործընկեր իտալական Rizzani De Eccher ընկերության հետ: Վերջինս համաշխարհային համբավ ունեցող ընկերություն է, որը բազմաթիվ նախագծեր է իրականացրել՝ այդ թվում պալատների ու մարզադաշտերի վերակառուցում: «Այս ամբողջի մեջ նպատակն է՝ պահպանել քաղաքի դիմագիծը, կոլորիտը, չկաշկանդվելով հնություն ասվածի մեջ՝ քայլել ժամանակին համընթաց»,-ասում է Լիպարիտ Մելքոնյանը:

Ծրագրի՝ իբրեւ գաղափար պատրաստ լինելուն պես ՀՀ նախագահը դիմել էր վարչապետին՝ 2020թ. մարտին ներկայացնելով ծրագիրը: Մեր տեղեկություններով՝ ծրագիրն իրականացնելու բանավոր համաձայնություն է եղել նաեւ համապատասխան գերատեսչությունների հետ: Ամռանը կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ առաջարկը հավանության է արժանացել, սակայն ավելի ուշ, արդեն դեկտեմբերի սկզբին կառավարության նիստում որոշում է կայացվել Գյուրջիեւի այգու համար նախատեսված՝ նախկին զորամասի 21հա տարածքը տրամադրել «Ռենեսանս» թաղամասի կառուցման ներդրումային ծրագրին (ներդրողներից մեկը շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշն է): Նշվում է նաեւ, որ «Գյուրջիեւի թաղամաս» ծրագրի իրականացումը տվյալ տարածքում այլեւս արդիական չէ, եւ սա այն դեպքում, երբ «Գյուրջիեւի այգի» ծրագրի իրականացումը պրոյեկտված էր հենց այդ տարածքի վրա:

Նկատենք, որ Սրմաքեշի անվան հետ կապված ձախողված նախագծեր կան, ինչպես օրինակ, այն, որ Գյումրու ավագանին Գործարանային փողոցում գտնվող մի տարածք 99 տարով անհատույց օգտագործման էր տվել Սրմաքեշին պատկանող «Ֆրանկ Մյուլեր» ընկերությանը՝ արհեստագործական կենտրոնի վերածելու նպատակով, սակայն հատկացումից մեկ տարի անց Գյումրիի ավագանին ուժը կորցրած էր ճանաչել որոշումը, քանի որ ներդրողը չէր կատարել պարտավորությունները, մյուս օրինակն էլ կապված է կարի ֆաբրիկայի հետ:

Ի դեպ, «Գյումրի, իմ սեր» ծրագրի պատասխանատուներն ունեն նաեւ ճարտարապետ Սաշուր Քալաշյանի դիտարկումը տարածքի վերաբերյալ, որտեղ նշվում է, որ այդտեղ հողային շերտը խնդիր ունի՝ ստորգետնյա ջրերի հետ կապված, ինչը բնակարանաշինության պարագայում լուրջ խնդիր կարող է լինել, իսկ իրենց պարագայում չէր «աշխատելու», որովհետեւ կոնկրետ այդ հատվածում խաղահրապարակ էր կառուցվելու, բայցի այդ, իրենց ամենաբարձր շենքը չէր գերազանցելու երկու հարկը:

Մեր հարցին՝ այնուամենայնիվ, ինչ ճակատագիր է սպասվում «Գյուրջիեւի այգի» նախագծին, այն կյանքի կոչվելո՞ւ է, թե՞ ոչ, Լիպարիտ Մելքոնյանը պատասխանեց. «Գյուրջիեւի այգի» ծրագիրը իրականացվելու է, պարզապես արմատական փոփոխություններ են լինելու: Հավանաբար, կփոխվի ծրագրի ձեւաչափը, կփորձենք գտնել նոր տարածք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728