Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը օրերս հանդիսատեսի առջեւ բացեց իր վարագույրը՝ ներկայացնելով համաշխարհային ճանաչում վայելող օպերային տենոր, ռեժիսոր, Հայաստանի եւ Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի ռեժիսուրայով 2003թ. բեմադրված Տիգրանյանի «Անուշ» օպերան, որը նվիրված էր արվեստագետի ծննդյան 70-ամյա հոբելյանին։ Ցուցադրվեց նաեւ թատրոնի եւ «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամի կողմից արվեստագետի կյանքն ու ստեղծագործական ուղին ներկայացնող ֆիլմ։
«Առավոտը» քանիցս հարցազրույցներ է վարել Գեղամ Գրիգորյանի հետ, վերջինը 2016թ. սկզբին էր։ Ով կմտածեր, որ վաղաժամ կորստի համազգային ցավը հեռու չէ. օպերային տենորը իր մահկանացուն կնքեց մարտի 23-ին։
Վերջին հարցազրույցում հետաքրքրվեցինք, թե ի վերջո ե՞րբ կբացվի նրա նախաձեռնությամբ Օպերային արվեստի միջազգային ակադեմիան, որի շենքը գտնվելու էր Քանաքեռում, իսկ հանդիպակաց նախատեսված էր կառուցել մինչեւ 1500 հանդիսատեսի համար բացօթյա դահլիճ, ինչը հնարավորություն կընձեռեր ամռան ամիսներին ներկայանալ օպերային, բալետային ներկայացումներով, Արեւմուտքում վաղուց ընդունված ձեւաչափով էլ անցկացնել միջազգային փառատոներ։
Մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր. «Կլինի, կլինի, դա էլ կլինի, միայն թե առողջություն լինի։ Կրկնում եմ՝ ակադեմիան արդեն կայացած եւ գուցե ճանաչված երգիչների համար է, իսկ մեզ մոտ, բացի օերային երգիչներից, կվերապատրաստվեն դիրիժորներ, ռեժիսորներ, նկարիչներ, կարճ ասած՝ երաժշտական թատրոնի հետ կապ ունեցող տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդ մասնագետներ։ Կհրավիրվեն նաեւ ճանաչված մասնագետներ վարպետության դասընթացներ անցկացնելու նպատակով…»։
Կարդացեք նաև
Ցավոք, անկատար մնաց մաեստրոյի այս մե՜ծ երազանքը։ Վերջին հարցազրույցում առաջին անգամ հետաքրքրվել էինք նաեւ անվանի տենորի՝ խորհրդային տարիներին «նեվիեզդնոյ» ցուցակում հայտնվելու մասին։ Մեր զրուցակիցը հայտնել էր մեկ-երկու պատճառ, բայց խնդրել դրանք դեռ չհրապարակել, «նեվիեզդնոյ» կոչվածը անվանելով հիմար ու անմիտ քայլ։ Տարիներ անց առաջին անգամ ներկայացնում ենք դրա պատճառները։ ԽՍՀՄ մշակույթի նախարարությունը, առանց պատճառաբանելու, հայ տենորին արգելում է մասնակցել «Բորիս Գոդունով» ներկայացմանը, քանի որ այն բեմադրում էր հայտնի դիսիդենտ ռեժիսոր Յուրի Լյուբիմովը, որը կոնֆլիկտի մեջ էր խորհրդային իշխանությունների հետ։ Վերջինիս, ի դեպ, ավելի ուշ՝ 1984թ. զրկում են քաղաքացիությունից։ Սկզբում Գեղամ Գրիգորյանը մերժում է նախարարության պահանջը ու մասնակցում ներկայացման փորձերին՝ մինչեւ առաջին գլխավոր փորձը։
Սակայն երբ իշխանությունները սպառնում են նրա ընտանիքին, տենորը ստիպված է լինում զիջել։ Մինչ այդ դիպվածը Գրիգորյանը 1979թ. նոյեմբերին դիմել էր Իտալիայի իշխանություններին՝ իրեն քաղաքական ապաստան տրամադրելու համար։ Սակայն մինչ գործը քննվում էր, նա ուղղակի անհետանում է՝ դեկտեմբերին չներկայանալով Լա Սկալա թատրոն՝ «Բորիս Գոդունովում» իր դերերգը կատարելու համար։ Մեզ հետ զրույցում ընդամենն այսքանն է ասել պարոն Գրիգորյանը, եւ հետո հայտնել, որ այդ ընթացքում, կոնկրետ՝ 1980թ., Լիտվայի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Վիրգիլիուս Նորեյկան հրավիրում է աշխատելու Լիտվայի օպերային թատրոնում, որտեղ զուգահեռ նաեւ դասավանդում է կոնսերվատորիայում։ Դարձյալ մեզ հետ զրույցում մեծանուն Վալերի Գերգիեւը հատուկ անդրադառնալով Գեղամ Գրիգորյանի արվեստին, ասել է, որ 1989թ. հայ տենորին ինքն է հրավիրել Կիրովի օպերային թատրոն (որը շուտով պետք է վերանվանվեր Մարիինյան)։ Հավելել էր նաեւ, որ թատրոնը նոր էր ոտքի կանգնում, Գերգիեւի խոսքերով՝ «Գեղամը մեծ ավանդ ունեցավ թատրոնի մեներգչական կազմի, ավանդույթների ձեւավորման եւ կայացման մեջ»։
Եվ միայն 1990թ. մեծանուն երգիչը հնարավորություն ունեցավ դուրս գալու միջազգային ասպարեզ, բեմ բարձրացավ հեղինակավոր բոլոր օպերային թատրոններում։ Այս առիթով երջանկահիշատակ դիրիժոր Յուրի Դավթյանը, որը գրիգորյանական «Անուշի» բեմադրող դիրիժորն էր, մեզ ասել էր. «Երբ Գեղամը վերջապես սկսեց կանոնավոր հանդես գալ Արեւմուտքում, ընդ որում՝ Վալերի Գերգիեւի հովանու ներքո, «Քովեն Գարդենի» հանդիսատեսը պարզապես ցնցվել էր Լենսկու կերպարի նրա մեկնաբանությամբ Չայկովսկու «Եվգենի Օնեգինում», որակելով այն որպես երաժշտական ոսկի։ Վերջինս բրիտանական The Telegraph պարբերականն է գրել…»։ Նաեւ նշել էր, որ Գեղամ Գրիգորյանը բեմում է 20 տարեկանից, իսկ նրա դեբյուտը Երեւանի թատրոնում կայացել է 1975թ., Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուր» օպերայում՝ Էդգարի դերերգով։ Փայլուն դեբյուտից հետո երեւանյան բեմում տենորի վերջին բեմելը Տիրիթն էր, 1996թ. (Չուխաջյան՝ «Արշակ Երկրորդ»), որից հետո նրան քանիցս հանդիպել ենք թատրոնում կայացած տարբեր միջոցառումների ժամանակ, նաեւ իր երիտասարդ գործընկերների հետ դուետներով եւ, իհարկե, այսօր արդեն աշխարհի բեմերը նվաճած դստեր՝ սոպրանո Հասմիկ Գրիգորյանի ընկերակցությամբ։
2000-ին նա վերջնական վերադարձավ Հայաստան, իսկ 2004-ից ստանձնեց օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ Փաստորեն ընդամենը 10 տարվա արտերկրյա ակտիվ հյուրախաղային գործունեության արդյունքում հայ օպերային երգիչը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը, որի ցանկը բացում են լեգենդար Էնրիկո Կարուզոն, Բենիամինո Ջիլին, Ֆրանկո Կորելլին, համագործակցել է դասական երաժշտության ոլորտի բոլոր հսկաների հետ, որոնք կերտել են 20-21-րդ դդ. դասական կատարողական արվեստի պատմությունը, այդ թվում՝ Յաուրովի, Պավարոտտիի, Դոմինգոյի, Մետտայի, Ռիխտերի, Զեֆիրելլիի, Դել Մոնակոյի հետ։ Ստացվում է՝ որպես հայ կատարողական արվեստի ներկայացուցիչ, Գրիգորյանը մասնագիտական մեծ բարձունքներ է նվաճել երկաթյա վարագույրի երկու կողմերում էլ։ Բեմական կյանքի ընթացքում նա հանդես եկավ 64 դերերգով։ Բոլորը հնարավոր չէ թվարկել, բայց երաժշտագետները հավաստիացնում են, որ գրիգորյանական կատարումներում առանձնահատուկը երբեմն նույնիսկ անվանի տենորների կողմից դժվարությամբ հաղթահարվող դերերգերի անթերի մատուցումը եղավ։ Օրինակ են բերում Վերդիի «Ճակատագրի ուժը», Չայկովսկու «Պիկովայա դաման» եւ այլ գործեր։ Նշենք, որ նա իսկապես ապրում էր մեր թատրոնի երգիչների ստեղծագործական կյանքով, իհարկե՝ ոչ հաճախ, բայց նրան հանգիստ չէր տալիս ներկայացման հետ կապված եւ ոչ մի մանրուք։
Օրինակ, գտնում էր, որ դեկորների վրա միայն հսկայական գումարներ ծախսելու փոխարեն խելամիտ կլիներ որակյալ ներկերին ու հագուստին համապատասխան միջոցներ տրամադրեին, ավելի դինամիկ ու շքեղ ներկայացումներ բեմ բարձրացնեին, որպեսզի խաղացանկայիններն էլ փորձելու ու շրջանառելու հնարավորություն ունենար մեր ազգային թատրոնը։ Համոզված էր, որ կոնկրետ օպերային թատրոնը ոչ թե մշակույթի նախարարության, այլ նախագահական ենթակառույց պիտի լինի, ինչպես, ասենք՝ «Բոլշոյ» թատրոնն է, եւ ձերբազատվի նյութական կախյալ վիճակից։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.02.2021