Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի շրջանավարտ, ալտահար Հայկ Մակիյանը պատերազմի ընթացքում առաջնագծում էր. վերցրել էր պատերազմի վտանգի իր բաժինը:
Ահա այսպես է նկարագրում Հայկը ռազմի դաշտ մեկնելու իր մտադրությունը. «Գնացի պատերազմ, որ վերցնեմ պատերազմի վտանգի իմ բաժինը՝ կարծելով, որ կպակասի ընդհանուր վտանգը»։
Այդ ամենը վերապրելուց հետո դժվարանում է խոսել արվեստին, երաժշտությանը վերադարձի մասին։
«Պատերազմի ընթացքում չեմ կորցրել ձեռք, ոտք, բայց կորցրել եմ ինձ, իմ զբաղմունքները, չեմ գտնում իմաստը։ Չեմ մտածում, մոտ չեմ գալիս էդ մտքին, բայց հենց ծնունդը, ակունքները արվեստի ինքնարտահայտման անզսպելի ներքին անհրաժեշտությունն են։ Այդպես էլ իմ գալը, արվեստի վերգտնումը կլինի անելանելությունից»,-կարծում է Հայկը։
Կարդացեք նաև
Ո՞րն է արվեստի դերը, երբ մարդկային կյանքերը վտանգի մեջ են հարցին երաժիշտը պատասխանում է. «Արվեստը ամեն ինչից վեր ամեն ինչի մեջ լինելն է, արվեստային մտածողությունը մահի վախը հաղթահարելու միջոց է, կյանքը որպես արվեստային իրադարձություն, որպես մաքուր արվեստ ընկալելը»։
«Ժամանակակից արվեստը ԱՐՎԵՍՏՆ է՝ հանած գեղագիտական վարժանքները, վարժությունները։ Այն, ինչ մնում է տակը, ժամանակակից արվեստն է»,-այսպես եզրափակեց բեմական, մաքուր ու կոկիկ հագուստը՝ զինվորական համազգեստով, իսկ ձեռքի երաժշտական գործիքը՝ ալտը, զենքով փոխարինած երաժիշտը։
Աստղիկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.02.2021