Ադրբեջանում հայ ռազմագերիների, պահվող անձանց առկայության պայմաններում անարգել հայ-ադրբեջանական բանակցություններ են ընթանում
Հունվարի 30-ին Մոսկվայում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ պատվիրակությունների հանդիպումը։ Հիշեցնենք, որ տնտեսական ու տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել էր Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի ու Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը ձեռք բերված համաձայնությունների արդյունքում։ Աշխատանքային խմբում Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը։ Ըստ լրագրող Թաթուլ Հակոբյանի հայտնած տեղեկությունների՝ 55-ամյա Մուստաֆաեւը նոյեմբերյանցի է, ծնվել է Նոյեմբերյանի շրջանի Ջուջեւան գյուղում, ոսկե մեդալով ավարտել է Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ հայկական դպրոցը։
Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշել են ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային եւ ճանապարհատրանսպորտային խնդիրների քննարկման նպատակով, փոխադրումների անվտանգության ապահովման քննարկման նպատակով, բեռների սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական հսկողության վերաբերյալ: Ծրագրվել է, որ ենթախմբերը կստեղծվեն մինչեւ փետրվարի 2-ը, իսկ մինչ փետրվարի 5-ը կկայանան ստեղծված ենթախմբերի առաջին հանդիպումները:
Ադրբեջանում, հայ ռազմագերիների, պահվող անձանց պայմաններում, փաստորեն, անարգել ծավալվում են հայ-ադրբեջանական բանակցություններ՝ հստակ օրակարգային հարցերի շուրջ:
Կարդացեք նաև
Ու մինչ ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններ, երկար բանակցություններից հետո սկսեց գործել ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը: Այն բացվել է Աղդամում: Այժմ ռուսներն ու թուրքերը միասին հետեւելու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանմանն ու նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների միջեւ ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարմանը:
Նշենք, որ կենտրոնի հանդիսավոր բացմանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, որը պատերազմի օրերից անհետացել էր ասպարեզից, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, թուրքական կողմից էլ՝ ՊՆ փոխնախարար Յունուս Էմրե Կարաոսմանօղլուն։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ նախնական փուլում կենտրոնում աշխատելու է 60 թուրք, 60 ռուս զինվորական, հրադադարի դիտարկումն էլ իրականացվելու է հիմնականում տեխնիկական միջոցների, այդ թվում` անօդաչու թռչող սարքերի օգնությամբ:
Ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի գործունեության շուրջ կողմերը, ինչպես երեւաց գործընթացի ձգձգումից, բավական ծավալուն քննարկումներ են ունեցել, ըստ ամենայնի, բազմաթիվ հարցերում ընդհանուր հայտարարի չէին կարողանում գալ: Այնուամենայնիվ՝ սա ռուս-թուրքական եւս մեկ համագործակցության ցայտուն օրինակ է: Հիմա կողմերը հրապարակային գոհունակություն են հայտնում իրենց ձեռքբերած պայմանավորվածություններից:
Ադրբեջանի նախագահը զանգահարել է Ռուսաստանի առաջնորդին, եւ շնորհավորել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի բացման կապակցությամբ։ Ըստ Ադրբեջանի նախագահական աշխատակազմի՝ Իլհամ Ալիեւն ու Վլադիմիր Պուտինը նաեւ կարեւորել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը, որի ընթացքում կողմերը պատրաստվում էին նույն օրը քննարկել տարածաշրջանում ճանապարհների ու հաղորդակցության միջոցների ապաշրջափակման հարցը։ «Զրույցի ընթացքում նախագահները նաեւ գոհունակություն են հայտնել ռազմավարական համագործակցության վրա հիմնված ռուս-ադրբեջանական բարեկամական հարաբերությունների հաջող զարգացման առնչությամբ, եւ այդ կապերի հետագա ամրապնդման վստահություն հայտնել», հաղորդեց Ադրբեջանի նախագահական նստավայրը։
Ավելի վաղ Ալիեւն այս հարցով հեռախոսազրույց էր ունեցել եւ շնորհավորել նաեւ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանին, վստահություն հայտնելով, որ այդ քայլը կնպաստի «տարածաշրջանում կայուն խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը»։
«Երկու երկրների առաջնորդները վստահություն են հայտնել, որ այս կենտրոնի գործունեությունը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը»,- շեշտել է Ադրբեջանի նախագահական աշխատակազմը։ Ըստ պաշտոնական Բաքվի՝ Ալիեւն ու Էրդողանը նաեւ քննարկել են թուրքական ընկերությունների մասնակցությունը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնմանը, ինչպես նաեւ գոհունակություն են հայտնել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնությունների կատարման առնչությամբ։
Ի դեպ, Ադրբեջանը սկսել է տեղական ինքնակառավարման մարմիններ (ՏԻՄ) եւ պետական այլ օրգաններ հիմնել Լեռնային Ղարաբաղի` իր վերահսկողության տակ անցած տարածքներում: Օրերս ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի կառավարությանը, հայտնեց, թե կառավարության ղեկավար Ալի Ասադովը մի շարք որոշումներ է ստորագրել` հանձնարարելով մինչեւ մարտի 1-ը էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարություններին առաջարկներ ներկայացնել այդ տարածքների վերականգնման, ինչպես նաեւ պետական մարմինների ստեղծման համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ:
Նկատենք, որ Ադրբեջանի կառավարությունը ավելի վաղ հայտնել էր, թե նախատեսում է ազատագրված տարածքների վերակառուցման ու զարգացման եռամյա ծրագիր իրագործել` 2022-25 թվականների ընթացքում: Ադրբեջանի կառավարությունը պլանավորել է 2021-ին 1 միլիարդ 300 միլիոն դոլար հատկացնել իրենց վերահսկողության տակ անցած տարածքների ենթակառուցվածքների վերականգնմանը։ Այդ նպատակով նաեւ պետական հիմնադրամ է բացվել, որի մասին Ալիեւը հայտարարել էր հունվարի սկզբին։
Իսկ Ադրբեջանի աջակից Թուրքիան այդ երկրի վրա ազդեցությունը մեծացնելու հարցում, արդեն իսկ նկատելի է, որ հետեւողական հիմքեր է գցում: Պարզվում է, Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը մտադիր է Շուշիում դպրոց կառուցել: Օրերս հայտնի դարձավ Ադրբեջան՝ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության պատվիրակության մասին։ Ըստ այդ տեղեկությունների՝ նախատեսված էր Ազգայնական կուսակցության փոխնախագահ Մեւլութ Կարակայանի, «Գորշ գայլեր» կազմակերպության ղեկավար Ահմեդ Յըլդըրըմի եւ ճարտարապետ Յուսուֆ Գյունայդինի հանդիպումները նախ Բաքվում, ապա՝ Շուշիում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 02.02.2021