«Այո, Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը»,- այսօր խորհրդարանում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ասուլիսի ժամանակ հայտարարեց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:
Հիշեցնենք, երեկ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Արցախի կարգավիճակի հարցը դեռ «օդում է» եւ չէր բացառել Թուրքիայի մասնակցությունը քննարկումներին:
ԵԽԽՎ պատվիրակության իմքայլական պատգամավորները շրջանցեցին Արցախի կարգավիճակի քննարկումներում Թուրքիայի հնարավոր ներգրավվածության մասին Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունը:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ հայաստանյան օրակարգի թիվ մեկ`գերիների հարցով:
Կարդացեք նաև
Դիտարկմանը`ԵԽԽՎ-ում նիստից առաջ Էդմոն Մարուքյանը ցույց էր արել, որին իշխանական պատգամավորները չէին մասնակցում: Ռուբեն Ռուբինյանն ասել էր նկարողների դերում են եղել: Հարցին` ինչո՞ւ չէին միանում ցույցին, եւ արդյոք իրենց աշխատանքները համարում են արդյունավետ այն դեպքում, երբ, օրինակ, Նավալնու հարցն ընդգրկվում է օրակարգում, իսկ գերիների հարցը՝ ոչ, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Հայկական պատվիրակության նպատակն է եղել գերիների թեման դարձնել քննարկման թեմա ԵԽԽՎ բոլոր հնարավոր տեղերում, կարծում եմ, մեզ դա հաջողվել է: Երկրորդը`ի սկզբանե էլ ակնհայտ էր, որ Նավալնիի հարցն է առաջնահերթություն լինելու պատվիրակությունների մեծամասնության համար, եւ նույնիսկ դա իմանալով՝ ռազմագերիների քննարկման հարցը մենք մտցրել ենք օրակարգ՝ նույնիսկ մերժման դեպքում թեման քննարկելու համար:
Մեկ այլ հարցի` գործնականում մենք գերիների հարցով կկարողանա՞նք որեւէ միջազգային ճնշում ակնկալել, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ այդ միջազգային ճնշման առաջին դեպքերն արդեն իսկ կան: Այսինքն` այն, որ ԵՄ ներկայացուցիչը հայտարարություն է անում, ԵԽԽՎ քաղաքական խմբերի ղեկավարները հայտարարություններ են անում, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցում կոչ է արվում անհապաղ ռազմագերիներին փոխանակել, ճնշման դրսեւորում են: Եթե Ձեր հարցն այն է, որ արդյոք միայն դրանցով արդյունք կլինի, ապա ոչ, բայց սա պրոցես է, որով պետք է ավելացնել միջազգային ճնշումը»:
Հարցին` տեսնու՞մ եք հնարավորություն, որ Ադրբեջանը գերիների մասով մոնիտորինգի տակ հայտնվի, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովում արդեն նշանակված է զեկուցող Արցախի պատերազմի հումանիտար հետևանքների հարցով, ինչը, ի թիվս այլոց, ներառում է նաև ռազմագերիների հարցը: Իրականում մենք կարող էինք մտածել, որ միևնույն է՝ մեր նախաձեռնությունը չի ընդունվելու, և չանեինք, և Դուք էլ այսօր չէիք իմանա, որ հնարավոր էր անել, ու չէիք գա, չէիք հարցնի, թե ինչու չանցավ նախաձեռնությունը, պարոն Մարուքյանին էլ չէիք հարցնի, արդյոք իշխանական պատգամավորները տապալվել են, թե ոչ: Եվ հանգիստ կլիներ ամեն ինչ: Կան քայլեր, կան դիվանագիտական գործընթաց: Հաճախ, դու գիտես, որ քայլը մերժվելու է, բայց անում ես, որպեսզի այդ հարցի վրա ճնշումը մեծացնես: Մենք մյուս նստաշրջաններին էլ նույն կերպ ենք գործելու գերիների հարցով, եթե իհարկե դեռ լուծված չլինի»:
Ի դեպ, ասուլիսի մասին ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանին Միքայել Մելքումյանին տեղեկացվել էր, բայց վերջիններս ներկա չէին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ