«Ես հիմա էլ փաստեր չունեմ, որ հողերը վաճառվել են: Ես չունեմ նման փաստ ու կասկած, որ կարող է ՀՀ այնպիսի իշխանություն լինել, որը կկարողանա ազատագրված տարածքները վաճառել: Ես առաջարկում եմ պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծել, պարզի, թե ինչ է տեղի ունեցել: Այդ առաջարկը մերժվել է թե Սերժ Սարգսյանի կողմից, թե Նիկոլ Փաշինյանի կողմից: Երկու կողմ կա, որ շահագրգիռ չեն`էս ի՞նչ է տեղի ունեցել: Օրինակ, ՀՅԴ-ն առաջարկում է`եկեք օրենքով անենք, ԲՀԿ-ն ասում է`անենք, «Մենք» դաշինքն ասում է`անենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով 44 օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկի ճակատագրին:
Ընդդիմադիր գործչին, ի դեպ, հայտնի չէ, թե ՀՀ ԱԳՆ-ն, դեսպանատները ինչո՞վ են զբաղվել պատերազմի օրերին, պատերազմից հետո: Նույնիսկ ԱԳՆ ներկայացուցիչները ԵԽԽՎ վերջին նստաշրջանի շրջանակներում Ստրասբուրգ չեն գնացել, որպեսզի մարդկանց տեղեկացնեին ռազմագերիների խնդրի մասին: «Իրենք (Ադրբեջանը-Ն. Գ.), լրագրողներին, դեսպաններին կարողացել է տանել Գյանջա`ցույց տալ, Հայաստանի իշխանությունը չի կարողացել դեսպաններին տանել, որովհետեւ դեսպաններին արգելված էր Արցախ այցելել»,- ասում է Էդմոն Մարուքյանը` հիշեցնելով, որ ինքը ժամանակին հայտարարել է, որ Գյանջայում պայթյունները ադրբեջանական կողմն է կազմակերպել`ահաբեկիչների միջոցով:
«27 տարի Ադրբեջանը քարոզել է, որ իր տարածքի 20 տոկոսը օկուպացված է: Դուք ուզում եք՝ 27 տարվա քարոզչությունը, որին Եվրոպայում բոլորը հավատում են, ուզում եք ԵԽԽՎ-ի պլենար նիստում փոխե՞լ: Ո՞նց եք պատկերացնում: Բա 27 տարի ի՞նչ բանի էինք, որ ասում էին՝ 20 տոկոսը գրաված է, ի՞նչ է արվել 27 տարի, որ Եվրոպայի խորհրդարանականները կամ Եվրամիության պառլամենտի անդամները կամ արտգործնախարարությունները ասեին՝ չէ, ինչ օկուպացիա»,- Էդմոն Մարուքյանը: Լրագրողներից մեկը նկատեց, որ երբեւէ որեւէ պաշտոնյա որեւէ տարածքի հայկականությունը կասկածի տակ չի դրել, որեւէ պատգամավոր չի ասել`հարեւանից տարածքը վերցրել ենք, որ վերադարձնենք, Էդմոն Մարուքյանը արձագանքեց. «Լո՞ւրջ եք ասում: Դե գնացեք էդ պատգամավորներին հարցրեք, ինձ խի՞ եք ասում»:
Հիշեցմանը, որ Արցախի խնդրի հետ կապված ինքը Նիկոլ Փաշինյանի հետ սրճել է, Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Դուք, որպես լրագրող, այն ժամանակ ասում էիք, որ Նիկոլ Փաշինյանը հողերը վաճառում է, ես Նիկոլ Փաշինյանին հրավիրեցի, որպեսզի ճշտեմ՝ հողերը վաճառո՞ւմ է, թե՞ ոչ: Նրան եւ Զոհրաբ Մնացականյանին էի հրավիրել եւ նրանք ասում էին, որ նման բան չկա, բանակցություններն ընթանում են, միայն բանակցային ձևաչափն են ուզում փոխել, ուզում են Արցախը վերադարձնել բանակցային սեղան: Այդ թվում Դավիթ Տոնոյանն էլ պնդում էր, որ երբ որ Սու 30 ինքնաթիռը բարձրանում է օդ, կատարում է 4 հատ S 300-ի խնդիր : Ես, որպես ընդդիմադիր գործիչ, հավատացել եմ 73 տոկոս ձայն ունեցող լեգիտիմ, ազգային իշխանությանը: Դրանով հանդերձ, շարունակել եմ պրպտալ, հետաքրքրվել, իմանալ, թե ինչ կա: Երկու տարբերակ կա. կամ ինձ խաբել են, ստել է վարչապետը, արտգործնախարարը, կամ չեն եղել այնքան կոմպետենտ՝ հասկանալու, թե ի՞նչ է կատարվելու եւ հանգիստ են եղել, ասել են՝ ամեն ինչ նորմալ է: Երկու տարբերակում էլ մեղքի բաժինն իմը չէ՝ ոչ որպես սուտը լսող, ոչ էլ այլ պարագայում: Հետեւաբար, անդադար իշխանության վրայից բեռը վերցնել, բերել ընդդիմության վրա դնելը ճիշտ չէ»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ