Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կարեւորություն, ձերբազատում պատրանքներից եւ փոխադարձության սկզբունքով

Փետրվար 02,2021 22:00

Մի քանի արձանագրումներ եւ դիտարկումներ Հայաստան-Իրան հարաբերությունների վերաբերյալ

Տարածաշրջանային այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումները Երեւանում, դրանց ընթացքում հնչած՝ հայկական եւ իրանական կողմերի հայտարարությունները վկայում են, որ Հայաստան-Իրան հարաբերությունները երկուստեք կարեւորվում են եւ, միաժամանակ, ձերբազատվում տարիներով շրջանառված ինչ-ինչ պատրանքներից։

Իրանական դիվանագիտությունը նախաձեռնեց իր տարածաշրջանային այցը նախարարի մակարդակով, երբ «բանը բանից անցել էր»՝ նոյեմբերի 9-10-ի հայտարարությամբ դադարեցված է 44-օրյա Ղարաբաղյան պատերազմը, որի արդյունքները հայտնի են։

Համենայնդեպս, Իրանի մասով «չոր մնացորդն» այն է, որ հայկական կողմի պարտությամբ իրանա-ադրբեջանական սահմանը երկարեց ավելի քան 150 կիլոմետրով, Ադրբեջանում շարունակում են մնալ մեծաթիվ թուրքական պրոքսիներ (Իրանում նրանց կոչում են «թաքֆիրականներ» եւ համարում են ահաբեկիչներ), եւ բազմաթիվ միջազգային գնահատականներով՝ Իրանը դուրս է դրվել պատերազմի արդյունքում տեղի ունեցող տարածաշրջանային գործընթացներից։

Դիվանագիտության՝ մի քանի հազար տարվա «անընդմեջ ստաժ» ունեցող երկիրն, ինչպիսին Իրանն է, դրան հակադրեց իրեն բնորոշ ճկունության ողջ ներուժը։ Նախ, ոչ ավել, ոչ պակաս, Թեհրանը սկսեց պարբերաբար պաշտոնապես շնորհավորել Ադրբեջանին՝ իր «տարածքային ամբողջականության վերականգնման» եւ «հաղթանակի» կապակցությամբ, դուրս գալով մինչ այդ՝ տասնամյակներով դրսեւորվող նրբանկատության եւ հարաբերականորեն հավասարակշռված ուղեծրից։ Եվ Մ. Ջ. Զարիֆն իր՝ Բաքու կատարած այցի ժամանակ դա արեց եւս մեկ անգամ։ Մյուս կողմից, բարձրաձայնվեցին մտահոգությունները թուրքական պրոքսիների՝ իրանական սահմանին ներկայության կապակցությամբ։ Եվ երրորդը, Թեհրանը համաձայնություն հայտնեց եւ ողջունեց այսպես կոչված՝ «3+3» ձեւաչափը, որի հեղինակն, ինչպես հայտնի է, Թուրքիայի նախագահ Էրդողանն է (դրա իրական բովանդակության մասին՝ այլ առիթով)։

Ահա այսպիսի «լավատեսական ուղեբեռով» եւ լայն ժպիտով Զարիֆը ժամանեց Երեւան։ Հայաստանի մայրաքաղաքում ուշադրությամբ են հետեւել Թեհրանի «զիգզագին», եւ բարձրաստիճան հյուրի բարձր տրամադրությունը կիսելու որեւէ հակվածություն չդրսեւորեցին, ավելին, հնչեցին որոշակի հանդիմանության «նոտաներ». «Այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում: Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի եւ ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տեւական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն: Իրանը տարածաշրջանում կարեւոր երկիր է, եւ մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարեւանների հետ:

Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ եւս շեշտել, որ միայն հարատեւ եւ բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ եւ պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ զարգացման առաջմղման համար»:

Մյուս կողմից՝ թե՛ Երեւանը, թե՛ Թեհրանը ներկայումս ամենաակտիվ կերպով մասնակցում են տարածաշրջանային քննարկումներին, կապված հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հետ։ Կարիքը չկա երկար հիմնավորումների, որ հաղորդակցության ուղիները պետք է լինեն բաց եւ հարեւան երկրների բարեկեցությանը։ Հայաստանը մասնակցում է հենց այդ խնդրով՝ ռուսական եւ ադրբեջանական կողմերի հետ եռակողմ ձեւաչափով բանակցություններին։ Թեհրանն էլ ի՛ր հերթին, հետեւելով իր՝ «ռադիալ» մոտեցմանը հարեւանների հետ հարաբերություններին, այն է՝ հարաբերություններ կառուցել առանց բացառության բոլոր սուբյեկտների հետ, ապահովելով առավելագույն թվով այլընտրանքներ եւ մանեւրի ազատություն (դա նաեւ պարզապես բխում է Իրանի աշխարհագրությունից), եւս մեկ անգամ ճշտեց տարածաշրջանի բոլոր սուբյեկտների հետ, չշրջանցելով նույնիսկ Նախիջեւանը։

Եվ ուրեմն, Հայաստանն այսօր թերեւս կանգնած է Իրանի հետ նոր էջից հարաբերություններ կառուցելու անհրաժեշտության առաջ, հաշվի առնելով շահերի՝ թե՛ ընդհանրությունները բազմաթիվ հարցերում, թե՛ տարբերությունները մի շարք՝ Հայաստանի համար խիստ կարեւոր հարցերում։ Եվ չափազանց կարեւոր է ձերբազատվել մի շարք՝ կայուն քաղաքական դիցաբանության եւ հեքիաթասացության մակարդակի հասած պատրանքներից, կապված անհիմն սպասելիքների հետ, ինչպես նաեւ այն մտայնության, որ Իրանը պատրաստ է սեփական շահերի հաշվին եւ հանուն մեզ «փեշքեշներ» անել, մասնավորապես՝ զոհաբերել իր հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։

Պարոն Զարիֆը Երեւանում բաց տեքստով եւ հասկանալի կերպով մեզ ասաց, որ Իրանի համար կարմիր գիծը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է։ Իսկ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ասաց հետեւյալը. «Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ: Այդ հակամարտության հենց առաջին իսկ օրվանից ե՛ւ ձեզ հետ, ե՛ւ տարածաշրջանի այլ երկրների հետ միշտ կապի մեջ ենք եղել եւ ցանկանում ենք այդ կապը պահպանել՝ ունենալով համագործակցության հեռանկարներ: Ե՛վ երկկողմ, ե՛ւ բազմակողմ ձեւաչափով հնարավորություններ ունենք համագործակցելու»։ Ապա հավելեց. «Անշուշտ, Դուք գիտեք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը ճգնաժամի վերաբերյալ. դա միջազգային իրավունքի պահպանումն է, ժողովուրդների պահպանումը, փոքրամասնությունների պահպանումը, ինչպես նաեւ տարածքային ամբողջականության պահպանումը եւ ուժի չկիրառում»։

Ասվածը վերծանելու անհրաժեշտություն չկա, սակայն անհրաժեշտ է ուրվագծել մե՛ր կարմիր գծերը եւ առաջնորդվել ըստ այդմ, չմոռանալով թե՛ փոխադարձության սկզբունքը, թե՛ առաջնորդվելով բացառապես մե՛ր ազգային շահերով։ Ըստ այդմ, վերջին բանը, որը պետք է անել, դա՝ նեղանալ Թեհրանից, ինչ է թե «չի արդարացրել» մեր՝ «հերթապահ իրանագիտության» կողմից տարիներով սնուցված, իրողությունների հետ որեւէ կապ չունեցող սպասելիքները։ Եվ ուրեմն, մի քանի արձանագրումներ եւ դիտարկումներ.

ա/ Հայաստանը պետք է ինտենսիվորեն զարգացնի իր՝ երկկողմ տնտեսական կապերն Իրանի հետ այնքանով, որքանով դա չի առնչվելու Թեհրանի դեմ պատժամիջոցների ռեժիմին, պահպանելով բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում:

բ/ Իրանը հաստատապես Հայաստանի գործընկերը չէ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության գործում, եւ մեր հարցումների եւ պահանջմունքների հասցեատերն այդ հարցում հաստատապես Թեհրանը չէ, դրա համար Հայաստանն ունի այլ գործընկերներ:

գ/ Հայաստանի շահերից է բխում Իրանի հարաբերությունների կարգավորումը թե՛ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի (միջուկային ծրագրերի եւ պատժամիջոցների շուրջ), թե՛ իր արաբ հարեւանների հետ, եւ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները ճշգրիտ պահին բարյացակամ չեզոքության դիրքերից ներկայանալու որպես հարթակ՝ այդ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր միջազգային ձեւաչափերի եւ ջանքերի համար։ Հայաստանի համար եւս՝ «կարմիր գիծ» է Իրանի տարածքային ամբողջականությունը, ուժի գործադրումը միջպետական հարաբերություններում (միանշանակորեն պարզ է, թե դա ինչպիսի աղետալի հետեւանքների կհանգեցնի Հայաստանի եւ տարածաշրջանի համար, միեւնույն ժամանակ պարզ է, որ Իրանի պարագայում Հայաստանը չի կարող ունենալ որեւէ նշանակալի դերակատարություն՝ առնվազն տեսանելի հեռանկարում):

դ/ Իրանի հետ հարաբերությունները, բացի սին պատրանքներից, պետք է ձերբազատվեն նաեւ անհասկանալի «վախերից», թե մեր հարաբերությունների խորացումն Արեւմուտքի, Իսրայելի, Պարսից ծոցի արաբական երկրների հետ կարող են վնասել մեր հարաբերություններին Թեհրանի հետ։ Թեհրանը չի կարող եւ չպետք է դիտարկվի որպես Հայաստանի արտաքին հարաբերությունները սահմանափակող գործոն, միեւնույն ժամանակ Իրանում անհրաժեշտ է մեկընդմիշտ ձեւավորել կայուն համոզվածություն, որ Հայաստանի Հանրապետության տարածքում որեւէ հակաիրանական գործունեություն երրորդ ուժերի մասնակցությամբ բացառվում է:

ե/ Հայաստան-Իրան հարաբերությունները պետք է նաեւ ձերբազատվեն «հանկարծ մեր ռուս բարեկամներին չնեղացնելու» մասին դատարկ «մտահոգություններից», եւ եթե մտահոգվել է պետք, ապա նրանից, որ չկրկնվի այն հակապետական քաղաքականությունը, որը բերեց Իրանից եկող գազատարի «բարակելուն», Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցմանն ուղղված վարկերի «ուտելուն», բիզնեսի կոռուպցիոն քվոտավորմանը, որը բերում էր Հայաստան-Իրան տնտեսական կապերը նվազագույնի հասցնելուն։ Հայաստան-Իրան հարաբերությունները վերաբերում են բացառապես երկու սուբյեկտներին, եւ այդտեղ ցանկացած «երրորդ»՝ ավելորդ է։

զ/ Իրանի «ռադիալ» մոտեցումը հարեւանների հետ հարաբերություններում բխում է նաեւ Հայաստանի շահերից, ուստի ներդաշնակեցնելով մե՛ր շահերի հետ, ըստ այդմ, անհրաժեշտ է առավելագույնս պահպանել երկկողմ ձեւաչափը, խուսափելով բազմակողմ քայլերից, եթե դա չի թելադրված բացառիկ անհրաժեշտությամբ։ Դրա օրինակն է, մասնավորապես, Նախիջեւանով Հայաստան-Իրան երկաթուղային, իսկ հետագայում նաեւ ավտոմոբիլային հաղորդակցության խնդիրը։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728