Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ավինյանը մեզ փաստի առաջ է կանգնեցրել»․ Գյումրու թիվ 25 դպրոցի ծնողները բողոքով նորանշանակ մարզպետի մոտ էին

Փետրվար 01,2021 20:00

Գյումրու թիվ 25 դպրոցում բողոքի ցույցերը շարունակվում են․ թե՛ անձնակազմը, թե՛ ծնողները ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանից պահանջում են վերանայել իր որոշումը ու վերջ դնել հովանավորչությանը։

Նրանց բողոքը վերաբերում է դպրոցի տնօրենի նշանակմանը։

Հիշեցնենք, որ Գյումրու լավագույններից մեկը համարվող այս  դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող են ճանաչվել երկու հոգի՝  նույն դպրոցի պատմության ուսուցիչ Մերուժան Մինասյանը և Գյումրու դպրոցներից մեկի փոխտնօրեն Իրինա Բաղդասարյանը։

Ու քանի որ նրանցից ոչ մեկը չէր հավաքել հինգ ձայն, ուստիև, ըստ գործող կարգի,  նշանակում կատարել է փոխվարչապետը։ Տիգրան Ավինյանն էլ նախապատվությունը տվել է Իրինա Բաղդասարյանին, ինչն էլ հարուցել է դպրոցի անձնակազմի ու ծնողների զայրույթը։

Այսօր ոտքի էին կանգնել ծնողները, նրանք եկել էին Շիրակի մարզպետարան՝ իրենց բողոքը ներկայացնելով նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին։

Նորանշանակ մարզպետն, ըստ էության, գերիների ծանր խնդրից բացի, «ժառանգել» է նաև այս աղմկոտ խնդիրը։

Ծնողները պնդում էին, որ կատարվել է հովանավորչություն․ Տիգրան Ավինյանը պաշտոնի է նշանակել Շիրակի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Գեղամ Բաղդասարյանի քրոջը։  Ու չնայած իրենք նախքան նշանակումը նամակ էին հղել այդ նույն փոխվարչապետին՝ հորդորելով հաշվի առնել իրենց կարծիքը, սակայն վերջինս անտեսել է։

Ծնողները, թեև չէին հնչեցնում անուն, թե ով է եղել միջնորդը, որին ընդառաջել է փոխվարչապետը, սակայն նրանցից մեկը պնդում էր՝ հովանավորն այն անձն է, որն ութամյա կրթությամբ մի տղամարդու «խոպանից» բերեց ու  կարգեց խոշորացված համայնքի ղեկավար։ Ավելին, այդ անձը մեծ դերակատարություն ունի Շիրակի մարզում պաշտոնների նշանակելու հարցում։

«Տիգրան Ավինյանը թող գրություն ուղարկի մեզ, որ հովանավորչական ոչ մի բան չկա, այս հարցը մենք փակենք»,-ասաց ծնողներից մեկը։

Մյուսն էլ հավելեց․ «Ես կուզենայի դուք դիմեիք պարոն Ավինյանին, քանի որ ինքն է  այս որոշումը կայացրել, նա գրավոր կամ բանավոր մեզ պատասխանի՝ տղամարդավարի, որ այս հարցում հովանավորչություն չի եղել։ Ճիշտ է՝ ես ապացույցը չունեմ, բայց 100 տոկոսով հովանավորչություն եղել է»։

Շիրակի մարզպետը, լսելով նրանց, առաջարկեց դիմել իրավապահ մարմիններին, քանի որ  հովանավորչությունը քրեական հոդվածով պատժելի արարք է, ու այն  իր իրավասությունների սահմաններում լուծել հնարավոր չէ։

«Մենք նույնիսկ մարզի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկից տեղեկություն ունենք, որ կա հովանավորչություն,  բայց մենք չենք կարող ապացուցել, որովհետև զրույցի ժամանակ չենք ձայնագրել։ 100 տոկոսով վստահ ենք, որ հովանավորչություն եղել է․ գիտենք ով է ում դիմել պաշտոնի նշանակելու հարցում ու ինչու չի փոխվում որոշումը»,-ասաց ծնողներից մեկը։

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, լսելով նրանց այս խոսքերը, նորից խորհուրդ տվեց հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին, որին ի պատասխան՝ ծնողներից մեկը շարունակեց․ «Կա մեկը, որն ամբողջ մարզը գցել է այս օրին․ գյուղապետ է դարձրել ութամյա մի տղու, խոպանից կանչել, բերել է խոշորացված համայնքում յոթ գյուղի համայնքապետ է դարձրել։ Նորմալ տղա է գյուղապետը, բան չունեմ ասելու, բայց մարդը ութամյա կրթություն ունի։ Չի կարելի թայֆաբազությունը, մենք հենց դրա համար հեղափոխություն արեցինք, այստեղ բոլորս էլ հեղափոխությանը մասնակցել ենք, որ արդար լինի ամեն ինչ, բայց այսօր արդար չէ։ Բոլոր ծնողները համոզված են, որ այստեղ հովանավորչություն կա»։

Նրանք նաև դժգոհում էին, որ նույնիսկ փաստաբանները չեն ուզում իրենց օգնել, որովհետև նրանք էլ ծանոթ են դպրոցի նորանշանակ տնօրենին։

Ծնողները նշում են, որ իրենք եկել են 700 երեխայի որակյալ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը պաշտպանելու։

Մարզպետն առաջարկում էր նաև  դատարան դիմել։

«Դատարան ունե՞նք, որ դատարան դիմենք, սպասում ենք պարոն վարչապետը բարեփոխում անի, դատական համակարգը փոխի»,-ասում էին մարզպետարանում հավաքվածները։

Ի պատասխան՝ Շիրակի մարզպետն ասաց․  «Քանի նախադեպ ասեմ, որ գործը գնացել է դատարան, ու որոշումը չեղյալ է համարվել»։

«Եթե այդ նոր տնօրենը հրաժարական չտվեց, մենք մեր երեխաներին դպրոց չենք ուղարկի»-հայտարարեց ծնողներից մեկը։

Հովհաննես Հարությունյանն ասաց, որ ինքը չի կարող խախտել օրենքը, բողոքը պիտի քննվի դատական համակարգում կամ պիտի դիմեն իրավապահներին։ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանն էլ ասաց,  որ միայն դատարանի որոշմամբ կարող է չեղարկվել տնօրեն նշանակելու որոշումը։

«Եկեք, յուրաքանչյուրի գործառույթ մեզ չվերապահենք»,- ասաց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը։

Ծնողները նշում էին, որ որպես բողոքի միջոց՝ դասադուլ կանեն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728