«Շատ կարեւոր է, որպեսզի 44-օրյա պատերազմի ընթացքը, դրան նախորդած հատվածն ամբողջությամբ ուսումնասիրվի, արդյունքները ներկայացվեն հանրությանը, որպեսզի հասկանալի լինեն այս տխուր ելքի պատճառները։ Բայց կոնկրետ քննիչ հանձնաժողովի կամ այլ ձեւաչափի հետ կապված ասեմ, որ պետք է սպասել կրքերը որոշակիորեն հանդարտվեն, իրավիճակն էլ կայունանա»,-Civilnet TV-ի կազմակերպած առցանց քննարկման ժամանակ այսօր , անդրադառնալով 2020թ․-ի պատերազմի ուսումնասիրության նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության հարցին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
«Այսօր հայտնի դարձավ, որ ՊՆ-ի հետ առնչվող անձ է կալանավորվել, եւ նման գործերը բազմաթիվ են։ Իհարկե, իրավապահները եւ կառավարությունը շահագրգռված են, որ բացթողումների պատասխանատուները պատժվեն, բայց որպեսզի արդյունքը չլինի հատվածական, այդ ամենին փաստարկված պետք է հասնենք, մանրամասն ուսումնասիրենք եւ ընտրենք այն ժամանակահատվածը, որում պետք է ստեղծվի որեւէ ձեւաչափի հանձնաժողով։ Այն ի սկզբանե պետք է դատապարտված չլինի»,-համոզմունք հայտնեց Վաղարշակ Հակոբյանը։
Ըստ նրա՝ որպեսզի մեղավորներին գտնելու գործընթացը չդառնա ժամավաճառություն, պետք է հասկանալ ընտրված ժամանակահատվածի եւ անձերի շրջանակի նպատակահարմարությունը․ «Հավաստիացնում եմ, որ այս գործընթացում ամենաշահագրգիռն իշխող խմբակցությունն է, որպեսզի պատասխանատուները պատժվեն»։
Կարդացեք նաև
Վաղարշակ Հակոբյանի կարծիքով՝ որեւէ ձեւաչափ քննիչ հանձնաժողովի ստեղծման համար ներկա ժամանակահատվածն ընտրելը ճիշտ չէ․ «Բայց եթե քննարկումների արդյունքում հանգենք նրան, որ հիմա է պետք, այն կստեղծվի իրավունքի ուժով։ Կազմի մասին էլ քննարկումները մանրակրկիտ պետք է լինեն, որովհետեւ մենք ձախողելու իրավունք չունենք»։
Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտնի հայտարարությանը՝ պատգամավորը նշեց․ «Այո՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»-ը հարցեր է առաջացնում, եւ նա պետք է պատասխանի այդ հարցերին»։
Ինչ վերաբերում է պատերազմի պատասխանատվությունը կրելուն, Վաղարշակ Հակոբյանը շեշտեց․ «Վստահ եմ՝ մի օր վարչապետը խոսելու է եւ շատ երկար։ Իհարկե, բաներ կան, որոնք նա չի կարող այս պահին ասել՝ պատասխանատվության, մեղավորության, թիվ մեկ պատասխանատուի եւ մեղավորի մասով, եւ թե այդ որ հրամանատարները ում հրամանները չեն կատարել․․․Սրա մասին միանշանակ, խոսվելու է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ