Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամոթ է երկրի ղեկավարը սուտ ասի». Ռադիկ Մարտիրոսյան

Փետրվար 01,2021 17:29

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին՝ գիտնականները շարունակո՞ւմ են պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թե՞ մտափոխվել են, պատասխանեց. «Ամեն օր ես հո դրանով չե՞մ զբաղվում: Գիտնականներն իրենց կարծիքն ասել են եւ իրենց գործին են: ԳԱԱ-ն ժամանակին արել է իր հայտարարությունը»:

Ժամանակին հանրային քննադատության առարկա դարձավ Ռադիկ Մարտիրոսյանն իր այն արտահայտության համար, որ մեր երկիրը «քոսոտ» է, ուստի մենք հետաքրքրվեցինք՝ այսօր ի՞նչ որակում կտաք մեր երկրին, ինչպիսի՞ երկիր ունենք հիմա: Նա պատասխանեց. «Մեր երկիրն այսօր աշխարհում իր տեղն ունենալու երկիր է, որն արժանի է աշխարհի համակարգում գրավելու պատվավոր բարձր մակարդակ, որին արժանի է մեր ժողովուրդը, մեր պատմությունը, մեր ամբողջ անցյալը»:

Հարցին՝ գիտնականները, մտավորականները, հոգեւոր իշխանությունը պահանջեցին վարչապետի հրաժարականը, բայց տեսանք, որ քաղաքացիները չլսեցին ու հարյուր հազարներով դուրս չեկան փողոց, սա չի՞ նշանակում, որ այդ մարդիկ հանրային լայն շրջանակի հեղինակությունը չեն վայելում, Ռադիկ Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես քաղաքագետ չեմ, բայց չափանիշը՝ իրողությունների, վիճակի, չի որոշվում փողոցում եղած մարդկանց թվով: Ես համոզված եմ, որ շատ-շատ մարդիկ, որոնք փողոցում չեն, նստած են իրենց տանը, կամ աշխատավայրում, ունեն նույն կարծիքը, ինչը ունեին առաջ, ուղղակի փողոց դուրս գալը չեմ կարծում, որ հիմնական պայման է: Արտահայտման ձեւեր գոյություն ունեն: Եթե վաղը ընտրություն լինի, անպայման նրանք իրենց կարծիքը կարտահայտեն այլ ձեւով՝ ավելի գրագետ ձեւով»:

Հարցին՝ ինչպիսի՞ն պիտի լինի եկող կառավարությունը, կամ ինչպիսի՞ն պիտի լինի վարչապետը, նա պատասխանեց. «Այնպիսին, որը համապատասխանի մեր անցյալին, համապատասխանի այն խնդիրներին, որը մեր առաջ դրել ենք՝ առաջիկա տարիների զարգացման համար, մեր նոր սերնդի, նոր պատմության, նոր մշակույթի համար պահանջվում են մարդիկ՝ խելոք, ճիշտ կազմակերպող, լավ լսող, ճշգրիտ բաներ ասող, սուտ բաներից հեռու, ամոթ է երկրի ղեկավարը սուտ ասի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728