Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է պատերազմի «տաք հետքերով» գնալ․ շատ զինվորներ, կամավորներ են ուզում վկայություններ տալ»․ պատգամավոր

Փետրվար 01,2021 17:01

«Մենք առավել հակված ենք պարիտետային հանձնաժողով ստեղծելուն, ինչը կարող է ավելի բարձր արդյունք տալ, ոչ կողմնակալ եւ արդար ուսումնասիրություն կատարել։ Ինչո՞ւ եմ շեշտում ոչ կողմնակալ, որովհետեւ քննիչ հանձնաժողովների պարագայում այդ հնարավորությունը չկա»-Civilnet TV-ի կազմակերպած առցանց քննարկման ժամանակ այսօր, անդրադառնալով 2020թ․-ի պատերազմի ուսումնասիրության նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության հարցին, ասաց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։

Նա շեշտեց՝ ԱԺ հանձնաժողովը ձեւավորվում է խորհրդարանական խմբակցություններից, եւ մեծամասնությունը կազմում են «Իմ քայլի» պատգամավորները․ «Պարիտետայինի դեպքում այդպես չի։ Մենք առաջարկում ենք ամեն խմբակցությունից չորս ներկայացուցիչ, մեկական՝ ՀՅԴ-ից, «Մենք» դաշինքից, ՀՀԿ-ից, որոնք բարձր ձայներ էին հավաքել։ Մեկ անդամ էլ կարող է ունենալ ՄԻՊ-ը։ Ուստի ավելի արդար քննություն է հնարավոր ապահովել՝ սկսած դիվանագիտական ձախողումներից մինչեւ պարտություն»։

Սրբուհի Գրիգորյանի համոզմամբ՝ պետք է պատերազմի «տաք հետքերով» աշխատել, որովհետեւ շատ զինվորներ, կամավորներ են ուզում վկայություններ տալ՝ օր առաջ որոշակիորեն բացահայտելու կատարվածը․ «Դրան սպասում են նաեւ զոհվածների հարազատները։ Ուզում են հասկանալ որդիների զոհվելու պատճառները՝ տեխնիկայի՞ խնդիր է եղել, թե անպատրաստ լինելու։ Օր առաջ հանձնաժողովը պետք է ստեղծվի»։ Պատգամավորը նաեւ նշեց՝ համաձայն չէ գործընկերների գնահատականների հետ, թե իշխանական խմբակցությունն ամենաշահագրգիռն է քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցում․ «Մենք էլ ենք շատ շահագրգռված, որպեսզի ամեն ինչ բացահայտվի, եւ ճշմարտությունը վերջապես իմանանք։ Բայց մենք պնդում ենք պարիտետայինը։ Թեեւ ապրիլյան  հանձնաժողովի զեկույցը դեռ չկա, եւ մենք չենք կարող որակում տալ այդ հանձնաժողովի աշխատանքին, այնուամենայնիվ,պատերազմի հետ կապված ժամանակի առումով չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ։ Պարիտետայինն է հնարավորություն տալու համակողմանի քննել խնդիրները»։

Սրբուհի Գրիգորյանը չբացառեց, որ եթե քննիչ կամ պարիտետային հանձնաժողով ստեղծվի, քաղաքական շահարկումներ կլինեն։ Միաժամանակ նա ասաց, որ իշխանությանը քաղաքական պահանջներ չներկայացնել հնարավոր չէ, որովհետեւ հարցերի որոշ շրջանակ քաղաքական է։ Դրա օրինակն է, ըստ պատգամավորի, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»  թեզը, որի պատճառով բոլորի մոտ տպավորություն էր, թե Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն հաջողությամբ կանխելու ենք, սակայն եղավ այն, ինչ եղավ։

Սրբուհի Գրիգորյանը նաեւ համոզմունք հայտնեց՝ շատ կարեւոր է սեփական սխալների վրա սովորելը, ինչը, ցավոք, առնվազն վարչապետ Նիկոլ Փաշինյանի առումով հնարավոր չէ ասել․ «Սա ամենայն սրտացավությամբ եմ ասում։ ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանը  ցույց տվեց, որ նա խուսափում է ուղիղ պատասխանատվությունից եւ իր մեղքը շարունակում է գցել սրա-նրա վրա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728