«Դասականն ասում էր՝ գաղջ մթնոլորտ է: Հիշո՞ւմ եք՝ այդ արտահայտության շուրջ ինչ քննարկումներ եղան: Գաղջն իսկապես հիմա է: Սա գաղջ մթնոլորտ է: Այս ամենը երկար չի տևելու, այս էներգետիկան պայթելու է: Անհնար է՝ մարի»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում երկրի ներկայիս իրավիճակն այսպես գնահատեց Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը:
Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի՝ ԱՄՆ այցելության մասին՝ նա ասաց. «Այս կնոջ վարքագիծը որևէ կերպ չեմ ուզում մեկնաբանել. բոլորի համար պարզ է: Մոսկովյան վոյաժներից հետո, այցելեց մի քանի զոհված զինծառայողի ընտանիքի, երեկ էլ մամուլից իմացանք, որ մեկնել է ԱՄՆ: Իսկ վերջին անգամ ե՞րբ եք տեսել, որ նա իր ամուսնու կողքին է երևացել: Փորձեց իր անձի շուրջ կենտրոնացնել իշխանությունը: Եթե ամուսնուն լեգիտիմացնում է ժողովուրդը, ապա ես որևէ կերպ չեմ հասկանում՝ ո՞վ է իր կինը»:
Հռիփսիմե Առաքելյանը փաստեց՝ մենք հայրենազրկվել ենք, կորցրել մեր տղաներին, մեր անվտանգությունը, և եթե այս իշխանությունները գեթ մեկ ժամ էլ ավել մնան, դա մեր երկրին սպառնում է ուղղակի ձևով: Նա, հղում կատարելով «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցողին, ասաց. «Տեսեք՝ ինչ են խոսում այդ մարդիկ: Ասում են՝ մենք հավատում էինք, բայց մեզ խաբեցին, մեկն էլ ասում էր՝ մեզ դարձրին թուրքի երկիր, գնում ենք, որ կարողանանք մի աշխատանք ունենալ, տեղավորվել, ընտանիք խահել: Երեկ կարդացի՝ ըստ հարցումների՝ մեր բնակաչության հստակ 40 տոկոսից ավելին պատրաստ է ՀՀ-ն լքել: Տեսնում եք՝ ինչ աղետ է»:
Խոսելով Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունների մասին Հռիփսիմե Առաքելյանն ասաց. «Ասել է՝ որևէ բառ հիշո՞ւմ եք, որ ասել եմ՝ հաղթում ենք: Էլ հաղթելու ենք, էլ գյոռբագյոռ պրոպագանդող Արծրուն Հովհաննիսյանն ասում է՝ դուք երբևէ լսե՞լ է, որ ասել եմ՝ հաղթում ենք: Ասել եմ՝ հաղթելու ենք…»: Հռիփսիմե Առաքելյանը հիշեց, թե նոյեմբերի 9-ին ինչ զրույց է ունեցել Արծրուն Հովհաննիսյանի հետ: Նա մանրամասնեց. «Նոյեմբերի 9-ի երեկոյան Արայիկ Հարությունյանը գրել էր, թե թշնամին Շուշիի կողմից գնդակոծում է Ստեփանակերտը, մինչ նրա խոսնակի հայտարարությունը, ես նրա հայտարարության այս հատվածը հենց Արայիկ Հարությունյանի սքրինով տեղադրել էի իմ էջում, հարցրել էի՝ ինչ-որ մեկը կպարզաբանի՞: Արծրուն Հովհաննիսյանն ինձ գրեց, ասաց, խնդրում եմ՝ գրառումդ հեռացրու: Ասացի՝ չէ՞ որ այս տեղեկությունը տվել է Արցախի նախագահը: Ասաց՝ պետք չէ լսել, թե այնտեղ ինչ են ասում: Ասացի սա ի՞նչ է նշանակում, ասաց՝ այսօր այնտեղ վճռական հարց է լուծվում. թեժ մարտեր են ընթանում… խայտառակություն, դրանից քիչ անց Նիկոլ Փաշինյանը գրեց, որ թեժ մարտեր են ընթանում: Եվ այս անձն ասում է՝ ես չեմ ասել հաղթում ենք, ասել եմ՝ հաղթելու ենք: Սա է մեր իրականությունը»:
Կարդացեք նաև
Խոսելով ընդդիմության մասին՝ Հռիփսիմե Առաքելյանը կարծիք հայտնեց՝ միգուցե սխալ հաշվարկներ էին արել, անհասկանալի ներքին բաներ կան ու նշեց. «Մենք պահը կորցրինք փոփոխություններ անելու համար: Բայց միանշանակ, դա տեղի է ունենալու: Մենք այժմ ունենք դե յուրե իշխանություն, բայց դե ֆակտո այն չի գործում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ