Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ առաջարկվում է հիմա ընդդիմության կողմից, փակուղային տարբերակ է». Սմբատ Գոգյան

Փետրվար 01,2021 16:41

Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախկին նախագահ, կրթության փորձագետ Սմբատ Գոգյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ուշագրավ պատասխան տվեց, երբ հարցրեցին՝ այսօր կրթության համակարգը այնպիսի՞ն է, որ կարող է սպասարկել անվտանգության համակարգին, նախադրյալներ տեսնո՞ւմ եք: Հիշեցնենք, որ ԱԺ-ում «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներ են ընթանում: Գոգյանը պատասխանեց. «Այսօրվա մեր կրթության եւ գիտության վիճակը պատրաստ չէ աշխարհում եղած մարտահրավերներին դիմակայելու, այդ թվում նաեւ տարածաշրջանային մարտահրավերներին: Բայց նախադրյալներ միշտ կան, ասում են՝ եթե նույնիսկ քեզ կերել են, դու երկու ելք ունես, այնպես որ, հիասթափվել չի կարելի»:

Ըստ Գոգյանի՝ «2018 թվականից սկսած՝ մենք արդեն բոլորս գիտեինք, որ պարբերաբար լինելու են իշխանափոխություններ, ձեր ասած իշխանափոխությունն ամեն դեպքում լինելու էր՝ այս տարի, կամ մյուս տարի: Երբ որ Արայիկ Հարությունյանը դուրս եկավ պաշտոնից, ես հարցազրույցում ասացի, որ այդ փոփոխությունը տեղին չի, մեր երկրի մարտահրավերների մեջ չի մտնում ԿԳՄՍ նախարարին փոխելը, մենք շատ ավելի խորը խնդիրներ ունենք: Այժմյան կառավարությունում, ցավոք, հստակ ձեւակերպում չկա, թե կրթությունից, գիտությունից ինչ ենք ակնկալում, հետեւաբար, թողնել նախարարի զուտ կարծիքին նախաձեռնողականությունը… Պետք է ընդհանրապես փոխվի մեր բնակչության վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ»:

Խոսելով Արայիկ Հարությունյանի հետ ունեցած բանավեճի  մասին՝ Գոգյանն ասաց. «Ես սկզբունքորեն պահանջ էի ներկայացրել Արայիկ Հարությունյանին, որ նա դուրս գա տեսախցիկների առջեւ եւ հայտարարի, որ այո, մենք ունենք աղճատված գիտություն, աղճատված աստիճանաշնորհման համակարգ, ուստի մենք ստիպված ենք գրագողին հաստատել ռեկտոր: Ցավոք, նա չունեցավ այդ քաջությունը այդպիսի հայտարարություն անելու, իսկ այդպիսի վերադասի հետ աշխատելու ցանկություն ես ուղղակի չունեի»:

Հարցին՝ հիմա, երբ նախարարը փոխվել է, հնարավո՞ր է որեւէ պաշտոն ստանա նորից, Գոգյանը պատասխանեց, որ ինքը միայնակ շատ ավելի հզոր է, միայնակ ավելի շատ բան կարող է անել, քան կառավարության ներսում:

Խոսելով արտահերթ ընտրությունների մասին՝ Գոգյանն ասաց, որ այն, ինչ առաջարկվում է հիմա ընդդիմության կողմից, դա փակուղային տարբերակ է, ինքը հակված է արտահերթ ընտրությունների, բայց այլ տարբերակով, որը հիմա քաղաքական դաշտում չի քննարկվում:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը գիտական ուսումնասիրության առարկա կարո՞ղ է հանդիսանալ, Գոգյանը պատասխանեց. «Հարցրեք սոցիոլոգներին, ես մաթեմատիկոս եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728