Լրահոս
Օրվա լրահոսը

«Բլինքենը նշել է՝ ԱՄՆ վարչակազմը կվերանայի անվտանգային աջակցությունը Ադրբեջանին». Հայ դատի հանձնախմբերի կատարած աշխատանքների ամփոփագիր

Փետրվար 01,2021 16:46

Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից հունվարին կատարված հիմնական աշխատանքների
ամփոփագիր

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակը պարբերաբար հրապարակում է Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների գործունեության ամփոփագրեր, որոնք լրատվամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրույթներին հնարավորություն են տալիս կենտրոնացված և հավաստի տեղեկատվություն ստանալ ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի գործունեության վերաբերյալ, իրազեկ լինել սփյուռքի քաղաքական գործունեության ընթացիկ արդյունքներին և առաջադրված խնդիրներին։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Պայմանավորված նոր վարչակազմի ձևավորմամբ և քաղաքական հիմնարար փոփոխություններով՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի և, ընդհանրապես, Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների կառույցի աշխատանքային ակտիվությունը շարունակում է բարձր մնալ։ Հունվարի 7-ին հանձնախումբը, առանձին հաղորդագրությամբ, շնորհավորեց մեր ժողովրդի մեծ բարեկամ, Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի համահեղինակ, սենատոր Ռոբերտ Մենենդեզի՝ Սենատի առանցքային հանձնաժողովներից մեկի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ընտրվելու առթիվ։

Հունվարի 13-ին Հայ դատի հանձնախմբին հղված նամակով սենատոր Շելդոն Ուայթհաուսը, լիովին կիսել է հանձնախմբի մտահոգությունները՝ կապված խաղաղ հայ բնակչության հանդեպ հարձակման ժամանակ Ադրբեջանի կողմից օգտագործված թուրքական անօդաչուների կազմության մեջ ամերիկյան արտադրամասերի առկայության հետ։ Սենատորը կարծիք է հայտնել, որ ամերիկյան ընկերությունները պետք է ձեռնպահ մնան, այնպիսի արտահանումներից, որոնք կարող են օգտագործվել հանցագործությունների կամ մարդու իրավունքների խախտումների համար։

Հունվարի 19-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ հեռացող վարչախմբին՝ Թուրքիայի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու համար, ըստ որի ԱՄՆ-ն ընդունում է Թուրքիայի իրավունքները իր տարածքում այլ ժողովուրդների հսկայական մշակութային ժառանգության նկատմամբ։ Հայ դատի հանձնախմբի քննադատությանը միացել են նաև ամերիկահունական ղեկավարների խորհուրդը և Քրիստոնյաների պաշտպանության կազմակերպությունը։

Հունվարի 19-ին Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկումներ են եղել ԱՄՆ Սենատում՝ նախագահ Բայդենի կողմից, իբրև պետքարտուղարի թեկնածու առաջադրված Էնթնի Բլինքենի թեկնածության քննարկման ժամանակ։ Մասնավորապես, սենատոր Ռոբերտ Մենենդեզը ուշադրություն է հրավիրել Թուրքիայի ապակառուցողական կեցվածքի վերաբերյալ իրեն հարակից գրեթե բոլոր տարածաշրջաններում՝ Սիրիայում և Լիբիայում, Հունաստանի բացառիկ տնտեսական գոտու և Կիպրոսի սուվերեն ջրային տարածքներում։ Մենենդեզը հատուկ ուշադրություն դարձրեց Ղարաբաղյան վերջին պատերազմի վրա՝ դատապարտելով Թուրքիայի կողմից Ադրբեջանի զինումը ու պատերազմական գործողություններ հրահրելը:

Սենատորը հետաքրքրվեց, թե արդյոք Բայդենի վարչակազմը Թուրքիային «բաց աչքերո՞վ» է նայում, ինչին ի պատասխան Բլինքենն ասաց. «Մենք «բաց աչքերով» ենք նայում: Թուրքիան դաշնակից է, որը, ինչպես Դուք ասացիք, շատ առումներով չի գործում այնպես, ինչպես պետք է գործի դաշնակիցը: Սա մեզ համար շատ կարևոր մարտահրավեր է, և մենք դրան շատ հստակ ենք նայում»։
Մենենդեզը նաև հույս է հայտնել, որ Սպիտակ տան վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ նկատելով, թե ինչ դժվար է Հայաստանում ԱՄՆ դեսպանների համար այցելել Ցեղասպանության հուշահամալիր և չարտասանել ցեղասպանություն բառը։ Սենատորը նաև կարծիք է հայտնել, որ Թրամփի վարչակազմը Էրդողանին «գուրգուրում էր»։

Հունվարի 20-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, պաշտոնավարումը ստանձնելու առթիվ շնորհավորելով նախագահ Բայդենին, հրապարակել է ամերիկյան նոր վարչակազմի հետ աշխատանքի առաջնահերթությունները։ Դրանք են՝ 250 միլիոն ԱՄՆ դոլարի մարդասիրական օժանդակության փաթեթ Արցախին, Թուրքիային և Ադրբեջանին ռազմական օժանդակության և ռազմական նշանակության արտադրանքի վաճառքի արգելք, Ալիևի և Էրդողանի վարչակարգերի նկատմամբ պատժամիջոցների կիրառում, Ադրբեջանի կողմից հայ բանտարկյալների ազատ արձակման գործում ամերիկյան գործուն դերակատարություն, Քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանություն, Արցախի անկախության ճանաչում, Հայաստան-Ամերիկա միջպետական հարաբերությունների վերակտիվացում։

Բլինքենի հետ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները շարունակվել են նաև այլ՝ գրավոր հարց-պատասխանի ձևաչափով։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզի քառամաս հարցմանն ի պատասխան՝ Բլինքենը «աջակցություն է հայտնել Հայաստանի անվտանգությանը, ժողովրդավարական կառավարման ամրապնդմանն ու տնտեսական աճի խթանմանն ուղղված օգնության տրամադրմանը, նկատելով, որ դրանք կօգնեն ամրապնդել Հայաստանի անվտանգությունն ու կայունությունը»: Բլինքենը նաև ավելացրել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունների համատեքստում, վարչակազմը կվերանայի ամերիկյան անվտանգային աջակցությունը Ադրբեջանին՝ նկատելով, որ եթե որոշ հանգամանքներ հաստատվեն, Բայդեն-Հարիս վարչակազմը կկասեցնի Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի պահանջների կատարումից հրաժարման գործընթացը։ Բլինքենը ընդգծել է իր հանձնառությունը՝ աշխատել Կոնգրեսի և պաշտպանության դեպարտամենտի հետ՝ որոշելու տարածաշրջանի և Հայաստանի անվտանգության կարիքները բավարարելու համար ԱՄՆ օժանդակության մակարդակը։

Ի պատասխան հանձնաժողովի նախագահ Մենենդեզի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում ԱՄՆ-ի վերակտիվացման և նաև Հայաստանի հետաքրքրություններն արտահայտող լուծման հասնելու վերաբերյալ հարցին՝ Բլինքենը հաստատել է, որ ինքը «կխթանի ԱՄՆ ներգրավվածությունը՝ հասնելու Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծմանը, որը կապահովի Ղարաբաղի անվտանգությունը և կբացառի նոր պատերազմի բռնկումը։ Ասվածը ներառում է Մինսկի խմբի միջոցով մեր ներգրավվածության ակտիվացումը, որի համանախագահ է Միացյալ Նահանգները, և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք` երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար»:

Եվրոպա
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հունվարի 15-ին հանդես եկավ հայտարարությամբ, որը վերաբերում էր հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությանը, որը, ըստ գրասենյակի, անտեսում է հայկական կողմի կարիքները և խորացնում է անվտանգության վերաբերյալ անորոշությունը: Գրասենյակն իր խորը մտահոգությունն է հայտնում եռակողմ հանդիպման արդյունքի վերաբերյալ, որը 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթղթի 8-րդ կետի, այն է՝ հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի խնդրի ուղղությամբ որևէ առաջընթաց չգրանցեց: Գրասենյակը նաև ուշադրություն է հրավիրել Հայաստանի միջոցով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կառուցման հարցում Հայաստանի համաձայնության հետ՝ նկատելով, որ դա այս փուլում բազմաթիվ հարցեր է առաջացնում Հայաստանի ավելի լայն անվտանգության և ինքնիշխանության տեսանկյունից:

Անցնող ամսվա ընթացքում կարևոր նշանակություն ունեցան Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունված ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության (CFSP) և ԵՄ ընդհանուր անվտանգային և պաշտպանական քաղաքականության (CSDP) տարեկան զեկույցներում ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող շեշտադրումները։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է այս երեք զեկույցները, որտեղ կարևոր հարցեր են բարձրացվում։ Օրինակ, CFSP-ն նախատեսում է, որ խաղաղության հասնելու և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ապագա կարգավիճակը որոշելու գործընթացը պետք է ղեկավարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից և հիմնված լինի կարգավորման հիմնարար սկզբունքների վրա:

Զեկույցը նաև ընդգծում է Արցախում հայ բնակչության և մշակութային ժառանգության անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև հումանիտար օժանդակության տրամադրման հրատապ անհրաժեշտությունը։

Եվրոպական Խորհրդարանն ընդհանուր առմամբ նաև խստորեն քննադատում է Թուրքիայի կործանարար դերը պատերազմի ընթացքում, ինչպես նաև Սիրիայից օտարերկրյա ահաբեկիչների փոխադրումը Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանին օժանդակելը։

Այս զեկույցների վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել, թե իբր զեկույցներից մեկում օգտագործվում է «Լեռնային Ղարաբաղի օկուպացիա» ձևակերպումը։ Այդ և ադրբեջանական քարոզչամեքենայի այլ ապատեղեկատվությունները հերքել և ընդունված բանաձևերի իրական բովանդակությունը և քաղաքական շեշտադրումները Արմենպրեսի հետ զրույցում ներկայացրել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանը։
Հայ դատի Եվրոպայի գրասենյակից նաև տեղեկացնում են, որ հունվարի 22-ին Եվրոպական ժողովրդավար իրավաբանների և մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների ասոցիացիան Բելգիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ կազմակերպել էր բողոքի ցույց՝ ընդդեմ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի։ Նրանք նաև դատապարտել են Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան և երկրի իշխանություններին կոչ արել հավատարիմ մնալ մարդու իրավունքների հանդեպ հարգանքին։ Պայմանավորված մարդու իրավունքների վիճակով՝ Ադրբեջանն այս տարի հայտնվել է այդ ասոցիացիայի գործունեության դիտանկյունում։

Մեծ Բրիտանիա
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի ջանքերով հունվարի 18-ին Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկում անցկացվեց Լորդերի պալատում։ Հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ կառավարությանը հարցում է կատարել բարոնուհի, մեր ժողովրդի մեծ բարեկամ Քերոլայն Քոքսը։ Քննարկվել են Ադրբեջանին պատասխանատվության կանչելու վերաբերյալ ՄԹ անելիքները և հումանիտար այնպիսի կազմակերպությունների՝ Արցախ մուտքի հնարավորության հարցը, ինչպիսին Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունն է, որպեսզի հնարավոր լինի խուսափել էթնիկ զտումներից։ Բազմաթիվ խորհրդարանականներ դեմ են արտահայտվել ցեղասպանական գործողություններին, մշակութային հուշարձանների ոչնչացմանը, պատերազմական հանցագործություններին, ռազմագերիների պահմանը և առնչակից այլ հանգամանքների։

Բաքվում հայկական ջարդերի 30-ամյակի կապակցությամբ հանձնախումբը տարածել է հատուկ հաղորդագրություն՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը շարունակում է իր հիմնական նպատակի՝ Արցախի բնակչությանը ցեղասպանության ենթարկելու ուղղությամբ քաղաքականությունը։

Հունաստան
Հայ դատի Հունաստանի հանձնախումբը հունվարի 7-ին հայտնեց՝ ՀՅԴ Հունաստանի երիտասարդական կազմակերպության հետ համատեղ Հայաստան ուղարկվող երկրորդ հումանիտար օժանդակության մասին։ Օժանդակությունը գոյացել էր տարբեր բարերարների և կազմակերպությունների նվիրատվությունների շնորհիվ, իսկ փոխադրմանն օժանդակել էր Հունաստանի պետությունը։

Կիպրոս
Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ հունվարի 13-ին Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հետ ԵԽ բարեկամության խմբի համանախագահ Լուկաս Ֆուրլասը Եվրոպական հանձնաժողովին է ներկայացրել Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու նկատմամբ ադրբեջանական հարձակման փաստը՝ կոչ անելով ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց ու պաշտամունքային կենտրոնները։

Կիպրական Պաֆոս քաղաքում դեռևս առկա էր մի փողոց, որն անվանակոչված էր Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Թալեաթ փաշայի անունով։ Հանձնախմբի ջանքերով և Պաֆոսի քաղաքային խորհրդին հասցեագրված նամակի արդյունքում փողոցը վերանվանվեց Տիկեոսինիսի (արդարության) փողոցի։

Հաշվի առնելով, որ Լառնագա քաղաքի փողոցներից մեկը կրում է BOZ KURT (գորշ գայլեր) անվանումը, դիմեց Լառնագայի քաղաքապետարան, հայտնելով հանձնախմբի վրդովմունքը։ Փոխքաղաքապետի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում ներկայացվել են փողոցի անվանափոխության համար հիմք հանդիսացող պատճառները։ Փոխքաղաքապետը խոստացել է, որ հարցը քննարկվելու է քաղաքի ավագանու կողմից։ Հայ Դատի հանձնախումբն ուշադրությամբ հետևում է գործընթացին։

Հունվարի 28-ին Հայ դատի Ավստրիայի և Գերմանիայի հանձնախմբերի նախաձեռնությամբ կայացավ առցանց քննարկում, որին, որպես բանախոսներ, մասնակցում էին ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի պատասխանատու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը և Վիեննայի հայ աառաքելական համայնքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տէր Անդրեաս քահանա Իսախանյանը։ Քննարկմանը մասնակցում էին Ավստրիայում և Գերմանիայում գործող համայնքային կառույցների միությունների շուրջ 55 ներկայացուցիչներ։

Քննարկվեցին Հայաստանում և Արցախում տեղի ունեցած բոլոր ներքին և արտաքին զարգացումները, մասնավորապես, պատերազմի հետևանքներն ու սահմանագծման գործընթացը, ռազմագերիների և անհետ կորածների հարցերը, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օրեցօր ահագնացող վտանգները և դրանք դիմագրավելու համար հայության կողմից ձեռնարկվելիք քայլերը։

Կանադա
Հայ դատի Կանադայի, Ամերիկայի, Եվրոպայի և Ավստրալիայի հանձնախմբերի կազմակերպմամբ հունվարի 16-ին անցկացվեց «Պատերազմական հանցագործություններ, մշակութային ցեղասպանություն և կրոնական ազատություններ» խորագրով հանրային առցանց քննարկում։ Քննարկման բանախոսներն էին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան, ներկայումս ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դոկտոր Էլլիզաբեթ Փրոդորմոն, Կոլորադոյի համալսարանից Սիմոն Մաղաքյանը և Քարդուսի համալսարանից Հայր Անդրյու Բեննեթը։

Ավստրալիա
Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը շուրջ երկու ամիս առաջ հանրային խնդրագիր (petition) էր հրապարակել, որով ավստրալիական խորհրդարանին և կառավարությանը կոչ էր արվում ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Հունվարի 13-ի դրությամբ, երբ խնդրագրի լրացման վերջնաժամկետը սպառվեց, դրան միացած անձանց թիվը 3164 էր։ Խնդրագիրը տեղադրված էր Ավստրալիայի Խորհրդարանի պաշտոնական էջում։

Հանձնախմբից նաև հայտնում են, որ Ավստրալիայի Խորհրդարանի պատգամավոր, Հայաստան-Ավստրալիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ջոնաթան Օ՛դին խստիվ քննադատել է Ադրբեջանում տիրող ատելությունը հայ բնակչության և հայկական մշակութային ժառանգության հանդեպ, ինչը դրսևորվում է հատկապես Արցախում։ Խորհրդարանականը, իբրև հակամարտության լուծման բանաձև, վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված կարգավորման երեք հիմնարար սկզբունքները։

Մերձավոր Արևելք
ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը հունվարի 25-ին Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպան Ուալիտ Պուխարիին հղված նամակով ողջունեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից «Կրոնական վայրերը պաշտպանելու համար խաղաղության և հանդուրժողականության մշակույթի խթանում» խորագրով բանաձևի ընդունումը։ Բանաձևը ներկայացվել էր Սաուդյան Արաբիայի կողմից։ Այն դատապարտում է կրոնական վայրերի և խորհրդանիշների նկատմամբ բռնությունները, սպառնալիքները, այդ վայրերի քանդումը, դրանք վնասելը կամ վտանգելը:

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը հիշեցրեց, որ ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի հայկական մշակութային և կրոնական կոթողներին հասցվում են դիտավորյալ վնասներ, որոնք հիշեցնում են 2005-2006 թթ. ադրբեջանական բանակի կողմից Հին Ջուղայի հազարավոր խաչքարերի քանդումը։

Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքները՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք արդեն իսկ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունումների։

Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների կողմից շարունակվում են արտասահմանյան պատվիրակությունների, մեր ժողովրդի օտարազգի բարեկամների եւ լրագրողների այցելությունների կազմակերպումը դեպի Արցախ, որպեսզի նրանք տեղում ծանոթանան առկա իրավիճակին և առավել առարկայորեն կարողանան օգտակար լինել և/կամ իրավիճակը ներկայացնել միջազգային հանրությանը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728