Երեխայի՝ լսված լինելու իրավունքն իր ամբողջ ծավալով ամրագրում չի ստացել սահմանադրական մակարդակում: Այսօր այս մասին մտահոգություն հայտնեցին «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի» փորձագետները, որոնք «Հոդված 3» ակումբում ներկայացրին «Երեխայի իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքները» զեկույցը:
Կենտրոնի տնօրեն Անահիտ Սիմոնյանը, հետազոտող Նվարդ Փիլիպոսյանը եւ ծրագրի փորձագետ Նարինե Ալեքսանյանը, ներկայացնելով դաշտում առկա խնդիրները, շահագրգիռ կողմերին հրավիրեցին բաց հանրային քննարկման:
Մասնագետների խոսքով, ՄԱԿ-ի՝ Երեխայի իրավունքների մասին 1989թ. Կոնվենցիայի Երեխայի իրավունքների հարցերով կոմիտեն առանձնակի շեշտադրել է երեխաների իրավունքների սահմանադրականացման կարեւորությունը։ Ըստ այդմ, «ցանկացած դատական եւ վարչական քննության ժամանակ, որն ազդեցություն ունի երեխայի վրա, ներկայացուցչի կամ համապատասխան մարմնի միջոցով երեխային լսված լինելու հնարավորություն է ապահովվում՝ ներպետական օրենսդրության դատավարական նորմերով նախատեսված կարգով: Խոսքը վերաբերում է բոլոր վերաբերելի դատական գործընթացներին առանց բացառության, ներառյալ, օրինակ՝ ծնողների ամուսնալուծությունը, խնամակալության, որդեգրության հարցերը, օրենքի հետ խնդիր ունեցող երեխաների, ֆիզիկական, հոգեբանական կամ սեռական բռնության զոհ երեխաների, փախստական կամ ապաստան հայցող երեխաների, պատերազմական գործողությունների կամ այլ արտակարգ իրավիճակների զոհ դարձած երեխաների մասնակցությամբ գործընթացները եւ այլն: Կենտրոնի մասնագետները կարեւոր են համարում, որ բոլոր վարչական եւ դատական քննությունները լինեն երեխաների համար մատչելի եւ հասանելի: Հատկապես ուշադրություն պետք է դարձվի երեխաների համար մատչելի տեղեկատվության տրամադրմանը, ինքնարտահայտման համար աջակցությանը, համապատասխան վերապատրաստում անցած անձնակազմի առկայությանը, դատական նիստերի դահլիճի կահավորմանը, դատավորների եւ փաստաբանների հագուստին, սպասման սենյակներին եւ այլն:
Կենտրոնի փորձագետները նաեւ առաջարկում են վերանայել երեխաների տնտեսական շահագործման եւ երեխայի համար վտանգավոր, նրա կրթությանը խոչընդոտող կամ նրա առողջությանը եւ ֆիզիկական, մտավոր, բարոյական ու սոցիալական զարգացմանը վնասող աշխատանքի արգելքը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մեր երկրում ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, մինչեւ 16 տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով։ Օրենսդրական այլ կարգավորումներով, սակայն, 14-16 տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը եւ բարոյականությանը չվնասող ժամանակավոր աշխատանքներում, իսկ մինչեւ 14 տարեկան անձինք կարող են ընդգրկվել կինեմատոգրաֆիայի, մարզական, թատերական եւ համերգային կազմակերպություններում, կրկեսում, հեռուստատեսությունում եւ ռադիոյում ստեղծագործությունների ստեղծմանը կամ կատարմանը, որը չպետք է վնասի նրանց առողջությանն ու բարոյականությանը, ինչպես նաեւ չպետք է խոչընդոտի կրթությանն ու անվտանգությանը:
Այդուհանդերձ կենտրոնի փորձագետները գտնում են, որ ներկայիս սահմանադրա-իրավական կարգավորումները չեն ստեղծում անհրաժեշտ հիմքեր, որպեսզի այդ ոլորտներում աշխատող երեխաները չենթարկվեն տնտեսական շահագործման, չվտանգվի նրանց առողջությունը եւ չտուժի կրթություն ստանալու իրավունքը:
Նրանց խոսքով, երեխաների տնտեսական շահագործման եւ վտանգավոր ու վնասակար մանկական աշխատանքի արգելքն ապահովելու համար անհրաժեշտ են հստակ եւ լիարժեք իրավական երաշխիքներ. «Կոմիտեն մտահոգություն է հայտնել, որ զգալի թվով երեխաներ, ներառյալ՝ 14 տարեկանը չլրացած երեխաներ, դուրս են մնում դպրոցից, որպեսզի աշխատեն ոչ ֆորմալ ոլորտներում, օրինակ՝ գյուղատնտեսությունում, ավտոսպասարկման եւ շինարարության ոլորտներում, մետաղի ջարդոնի հավաքման գործում եւ ընտանեկան բիզնեսում»:
Փորձագետների խոսքով, կոմիտեն առանձնապես մտահոգիչ է համարել փողոցներում մուրալով զբաղված եւ ծանր ֆիզիկական՝ բանվորի եւ բեռնողի աշխատանք կատարող երեխաների թվի աճը, ինչպես նաեւ այն, որ աշխատանքի տեսչություններն արդյունավետորեն չեն վերահսկում մանկական աշխատանքը: Այդ մասին փաստում է նաեւ Աշխատանքի միջազգային կազմակերպության եւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից 2015 թ-ին. իրականացված «Երեխայի աշխատանքի ազգային հետազոտությունը», որն ի հայտ է բերել մանկական աշխատանքի հետ կապված համակարգային խնդիրներ: Հետազոտության համաձայն, երեխայի արգելված համարվող աշխատանքում ներգրավված են եղել 5-17 տարեկան երեխաների 9%-ը (39.3 հազար երեխա): 16-17 տարեկան 5 երեխայից մեկը (19%), 12-15 տարեկան 10 երեխայից մեկը (10%) ներգրավված են եղել արգելված աշխատանքում: 5-17 տարեկան զբաղված երեխաների 6.9%-ը ներգրավված է եղել վնասակար համարվող աշխատանքներում:
Ըստ զեկույցի հեղինակների` երեխայի իրավունքների միջազգային ցանցը հիմնավորել է այն մոտեցումը, որ մանկական աշխատանքը աղքատության հետ կապված հիմնախնդիր է, իսկ աշխատանքի համընդհանուր արգելքը որոշակի տարիքի երեխաների համար, կարող է մղել նրանց ստվերային աշխատանքի, որը շահագործման եւ բռնության ենթարկվելու ավելի մեծ վտանգ է պարունակում: Ուստի ցանցը կարեւորել է առավել ուշադրությունը դարձնել ոչ թե ֆորմալ արգելքի, այլ երեխայի առողջության ու զարգացման ապահովմանն ու արժանապատիվ աշխատանքի պայմանների ապահովմանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ