«Ես իմ մեղավորության մեծ բաժինն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կործանեց Արցախը եւ հիմա կործանում է Հայաստանի պետականությունը»,- «Հայելի» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Իր մեղավորությունը Նաիրա Զոհրաբյանն այսպես է բացատրում. «Ես 10 տարի Նիկոլ Փաշինյանի հետ աշխատած մարդ եմ եւ շատ լավ գիտեի, թե ով է Նիկոլ Փաշինյանը: Ես ինձ մեղավոր եմ համարում, որ 2018-ին ես լռեցի: Միգուցե մտածեցի, որ տանք ժողովրդին սխալվելու իրավունք: Բայց անգամ ես չէի կարող պատկերացնել, որ դրա գինը լինելու է կորսված Արցախը, 5 հազար զոհերը: Երեկ ինձ զանգել էր, վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանին ընտրած մի կին եւ ասում էր՝ դուք ծանոթ ռուս օդաչու կունենաք, կարո՞ղ եք իրենց հետ խոսել, ես տոմսի կես գին վճարեմ, բորտուղեկցորդների կաբինայում ինձ տեղափոխեն Ռուսաստան»: Սա, բանախոսը ողբերգություն է համարում, բայց առավել մեծ ողբերգությունն, ըստ նրա, այն է, որ «Նիկոլի անսխալականության վկաները շարունակում են արդարացնել նրա ամեն մի քայլը: Ասում են՝ Նիկոլը լավ է արել, որ հանձնել է Արցախը, Նիկոլը մեղավոր չէ 5 հազար զոհերի համար, նրանք արդարացնում են պետական դավաճանությունը: Այդպիսի մարդկանց ես ամեն օր հանդիպում եմ»:
Անդրադառնալով իրեն`ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորություններից զրկելուն էլ, Նաիրա Զոհրաբյանը հեգնանքով նկատեց, որ քվեարկության արդյունքում ընդամենը 4 անվավեր քվեաթերթիկ էր եղել, բայց արդեն 14 իմքայլական պատգամավոր իրեն մոտեցել եւ ականջին ասել էին՝ «գիտե՞ս, այդ 4 անվավերներից մեկը ես եմ եղել»: «Ես մարդկայնորեն այնքան ցավեցի իրենց համար, այնպիսի պատանդի կարգավիճակում է պահում այդ մարդկանց, որ մարդիկ հասկանում են, որ անբարո, անպարկեշտ քայլ են արել: Փաշինյանը ձեզ պահում է պատանդի կարգավիճակում՝ ասելով, դուք զրո եք, ուսապարկից էլ վատ եք եւ ոչնչի չեք հասնելու, եթե իր ազդեցության գոտուց դուրս գաք: Բա ինչի՞ Փաշինյանին չեք զրկում վարչապետի լիազորություններից, որ ինչ ասես չասեց՝ շնաբարո դուրսպրծուկներ, վնգստացողներ, ծեփեմ ասֆալտին»:
Կարդացեք նաև
Նա նաեւ հիշեց Երեւանի ավագանու ընտրությունները, երբ Նիկոլ Փաշինյանը մտերիմ շրջապատում ասել էր, որ եթե անգամ «կոշիկի շնորոկ լիներ Հայկ Մարությանի փոխարեն, միեւնույն է`կհաղթեր»:
Նաիրա Զոհրաբյանը վստահ է` Նիկոլ Փաշինյանի հաջորդ քայլն իրեն ԵԽԽՎ-ից հետ կանչելն է լինելու. «Ինքը հատուկ ինձ համար ստեղծում է ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողով, որ, ենթադրենք, ես ասեմ «Նիկոլ դավաճան», այդ ձեւակերպումը կբերեն էթիկայի հանձնաժողով, ինչը հնարավորություն է տալու ԱԺ նախագահին Նիկոլի համար անհաճո պատգամավորներին հետ կանչել միջազգային կառույցներից: Ես միջազգային կառույցներում խանգարում եմ Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ, երբ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը ասաց՝ ի՞նչ կարող է անել ԵԽ-ն, որ մենք սկսենք երկխոսել հայկական կողմի հետ, ես ասացի՝ Սամադ, ես կարող եմ քեզ պատասխանել ԵԽ-ի փոխարեն. գնա բռնիր քո նախագահի ձեռքը եւ ասա, թող քաղաքական վալյուտայի կարգավիճակում պահվող պատանդառված մեր բոլոր ռազմագերիներին ազատ արձակի: Բռնիր քո նախագահի ձեռքը, որովհետեւ հայատյացությունը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականություն: Եթե իրենց տելեգրամյան ալիքում տեղադրում են Ջաբրայիլում գլխատված հայ զինվորի գլուխը եւ հարցում են անցկացնում՝ ի՞նչ էմոցիաներ եք զգում, երբ տեսնում եք գլխատված հայի, եւ Ադրբեջանի փաստաբանների պալատի անդամը գրում է՝ «ես թրթիռ եմ ապրում», այս պայմաններում ի՞նչ երկխոսության մասին կարող է խոսք լինել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ