Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում թափոնամաններ կտեղադրվեն պլաստիկի, թղթի եւ ապակու համար

Փետրվար 01,2021 16:00

Մինչեւ փետրվարի վերջ Երեւանի բոլոր վարչական շրջաններում կտեղադրվեն թափոնամաններ։ Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպության թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ թափոնամանների 135 կետ կլինի մայրաքաղաքում։

Գործընթացի սկզբում, քաղաքի մեկ-երկու վարչական շրջաններում փորձնական տեղադրվեցին մի քանի թափոնամաններ, որպեսզի պարզեին, թե ինչպես է հնարավոր կազմակերպել թափոնների հավաքը։

«Այս պահին, բացի Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների, ունենք թափոնների 60 տեսակավորման կետ»,-ասաց պարոն Հովհաննիսյանը։ Նրա ներկայացմամբ՝ քաղաքացիները տանը տեսակավորված թափոնները՝ թուղթ, պլաստիկ, ապակի եւ այլն, կարող են նշված համապատասխան կետերում նետել։ Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ թափոնների համար այս աղբամանների տեղադրումը մեծ պահանջարկ ուներ, քաղաքացիներն իրենք էին պարբերաբար դիմում ու հետաքրքրվում, թե երբ հնարավոր կլինի թափոնները տեսակավորել եւ նետել համապատասխան աղբամաններում։

Մինչ քաղաքապետարանի այս նախաձեռնությունը, հասարակական կազմակերպություններն էին զբաղվում այս խնդրով։

Ասուլիսի մեկ այլ մասնակից, «Էկո աղբ» ՀԿ ծրագրերի ղեկավար Վահե Սալահյանն էլ ասաց, որ ներկայում Երեւանում եւ հարակից շրջաններում կան պլաստիկը, պոլիէթիլենը, թուղթը, ստվարաթուղթը, ապակին վերամշակող գործարաններ եւ պետք է աշխատանք տարվի նաեւ մարտկոցների, սնդիկի, էլեկտրական լամպերի, սննդի, հագուստի թափոնների համար էլ առանձնացված հատուկ աղբամաններ տեղադրելու ուղղությամբ․«Վստահ եմ, որ վաղ, թե ուշ հասնելու ենք այնպիսի փուլի, որ բացերը լրացվելու են, եւ ավելի շատ ուղղություններով կլինի վերամշակում: Մենք կարող ենք ստեղծել բավարար ռեսուրս, մի քանի անգամ կյանք տալու իքս թափոնին: Դա կարեւոր է, թե՛ բնապահպանական, թե՛ տնտեսական տեսանկյունից»։

Հայկ Հովհաննիսյանն էլ նշեց, որ պետք է իրազեկման աշխատանքներ տանեն, որպեսզի բնակչությունը սկսի աղբը տեսակավորելուց, որից հետո այն նետի համապատասխան աղբամանը։

Վահե Սալահյանը վստահեցրեց՝ շատ են մարդիկ, որոնք իրենց դիմել են եւ խնդրել, որ օրինակ, կրթական հաստատություններում կրթական ծրագրեր իրականացնեն։ Պարոն Սալահյանն ասաց, որ իրազեկված չլինելու պատճառով կամ անուշադրության եւ անփութության պատճառով, երբեմն, քաղաքացիները շփոթում են եւ այլ տեսակի կոշտ թափոնները, որոնք ՀՀ-ում դեռեւս չեն վերամշակվում, նետում են օրինակ թղթի համար նախատեսված թափոնամանը, եւ բարդացնում ՀՈԱԿ-ի աշխատակիցների աշխատանքը, որոնք բավականին ժամանակ են ծախսում, որպեսզի թափոնամանների աղբն իրենք տեսակավորեն եւ տեղափոխեն համապատասխան վայր։

Հայկ Հովհաննիսյանն էլ նշեց՝ քաղաքացիներին բավարար իրազեկելուց հետո, երբ արդեն ավարտված կլինի իրազեկման փուլը, այդ ժամանակ արդեն վարչարարության կանցնեն, եւ զսպող գործիքներ կկիրառեն այն քաղաքացիների հանդեպ, որոնք  միտումնավոր կամ անփութորեն, կամ ուղղակի՝ շրջակա միջավայրին վնաս հասցնելու հարցում անտարբեր լինելու պատճառով, աղբը կնետեն ոչ համապատասխան թափոնամանը:

Կապույտ թափոնամանը նախատեսված է պլաստիկի համար, այդտեղ կարելի է նետել նաեւ պոլիէլթիլենային տոպրակները, մոխրագույն թափոնամանը ապակու համար է, այստեղ կարելի է նետել նաեւ տան պատուհանների ապակիները, բացառությամբ էլեկտրական լամպերի, սա համարում է վտանգավոր թափոն։ Իսկ վտանգավոր թափոնների համար էլ արդեն ծրագրեր են մշակվում, ապագայում այդ խնդիրն էլ կլուծվի։ Դեղին թափոնամաններն էլ թղթի համար են, այստեղ կարելի է նետել թղթեր, թերթեր, ամսագրեր, ամեն ինչ, ինչը թղթից է, կանաչն էլ ընդհանուր օգտագործման աղբամանն է։

Հայկ Հովհաննիսյանն ասաց, որ բոլոր այն կետերում, որտեղ կլինեն թափոնամաններ, 10-20 մետր հեռավորության վրա կլինեն նաեւ կանաչ գույնի սովորական աղբամանները։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728