Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես շատ դրական եմ վերաբերվել հեղափոխությունն իրականացրած շատ մարդկանց, հավատացել եմ նրանց գաղափարներին, ինձ համար այժմ անձնական ողբերգություն է». Գոգյան

Փետրվար 01,2021 15:41

Գիտնականները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դուք ի՞նչ վերաբերմունք ունեք: Այսօր ԱԺ-ում լրագրողներն այս հարցն ուղղեցին բարձրագույն որակավորման կենտրոնի (ԲՈԿ) նախկին նախագահ, կրթության փորձագետ Սմբատ Գոգյանին: Նա պատասխանեց. «Գիտնականներ կլինեն, որոնք պահանջում են, բայց չեմ կածում, որ դա ամբողջ գիտական հանրույթի պահանջն է: Գիտական հանրույթը շատ լավ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի լինել-չլինելը գիտության խնդիրները ֆունդամենտալ առումով չի լուծի: Կարող ենք ստորագրահավաք անել, թե որ գիտնականները չեն պահանջում, բայց եկեք պառակտում չանենք»:

Գոգյանը պատմեց, թե ինչպես եղավ, որ ինքը մաս կազմեց այս իշխանությանն ու պաշտոն ստացավ, հետո հրաժարական տվեց. «Ընկա մի միջավայր, որտեղ ես եւ իմ գաղափարներն ամբողջությամբ խորթ էին… 2018-ի հունիսի 11-ին ԿԳՄՍ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքով գրեց՝ մի հատ հեռախոսահամարդ ասա: Կատակով գրեցի՝ փոխնախարար չեմ ուզում: Ասեց՝ ուրիշ հարց է, զանգեց, բա՝ նախարարն ուզում է հետդ խոսի: Պատրաստվեցի, արագ գնացի, Հովհաննես Հովհաննիսյանն ասաց՝ քեզ նշանակում ենք ԲՈԿ-ի նախագահ: Ասացի՝ մի շաբաթից Սաուդյան Արաբիա եմ գնալու, 10 օրից գալու եմ, հետո մեր դպրոցականներին տանելու եմ միջազգային օլիմպիադայի՝ Ռումինիա, հուլիսին կգամ, մինչեւ այդ կհասկանանք: Ասեց՝ լավ: Ես գնացի տուն, հաջորդ օրն իմացա, որ ես նշանակվել եմ ԲՈԿ-ի նախագահ, այսինքն, ես առանձնապես ժամանակ էլ չեմ ունեցել այդ ամեն ինչը քննարկելու, խորհրդակցելու, հասկանալու, բայց ասեմ՝ ես շատ դրական եմ վերաբերվել հեղափոխությունն իրականացրած շատ մարդկանց, հավատացել եմ նրանց գաղափարներին, եւ ինձ համար այժմ անձնական ողբերգություն է այն փաստը, որ այն մարդկանց, որոնց համարել եմ լավ ու կոմպետենտ, ցույց է տալիս, որ պաշտոնը նրանցից շատերին փչացրեց, ու իրականում նրանք այն գաղափարները չունեին… տասնը քանի տարի նրանք փողոցային պայքար էին մղում՝ առանց հասկանալու, թե ինչի համար էին մղում, միգուցե դա զուտ պաշտոնի համար էր»:

Գոգյանը անուններ չտվեց, բայց ասաց, որ անձամբ ինքը փողոցային պայքարի կողմնակից երբեք չի եղել. «Կա ընդունված գիտական թեզ, որ հեղափոխությունները խարխլում են պետության հիմքերը: Ճիշտ է, նախկին իշխանությունները ուրիշ ձեւ չէին թողել փոխելու, բայց մենք տեսանք, որ պետականությունն ավելի խարխլվեց, այնպես որ, գիտությունը երբեք չի սխալվում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728