Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Արա Հարությունյան. Կոմիտասից Կոմիտաս» ժամանակավոր ցուցադրությունը, որը կգործի մինչև հունիսի 1-ը։
Անվանի քանդակագործ-մոնումենտալիստ, գծանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, Արա Հարությունյանը մոնումենտալ արվեստում իր ճանապարհն սկսել և ավարտել է Կոմիտասով: Ցուցադրության առանցքում հենց այս գաղափարն է: Ընդ որում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ներկայացված աշխատանքների մեծ մասն անծանոթ է արվեստասերներին եւ ցուցադրության է բերվել քանդակագործի արվեստանոցից:
Ներկայացված են հեղինակի ոչ միայն ավարտուն աշխատանքները, այլեւ էսքիզները, կոմիտասյան թեմաներով գծանկարները, քանդակների տարբերակները: Առաջին անգամ մեկ հարթակում ներկայացվում է Արա Հարությունյանի ողջ «կոմիտասապատումը»:
Կոմիտասին նվիրված առաջին մոնումենտալ քանդակը, որն Արա Հարությունյանի դիպլոմային աշխատանքն էր, տեղադրվել է Պանթեոնում 1954 թ.` Կոմիտասի շիրիմին, Կոմիտասին նվիրված վերջին մոնումենտալ աշխատանքը տեղադրվել է 1988 թ.Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պուրակում։ Նշենք, որ «Արա Հարությունյան. Կոմիտասից Կոմիտաս» ցուցադրության համադրողն է Մարինե Հարոյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, որ Արա Հարությունյանն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ցուցադրություն է ունեցել 2018 թ. «Արա Հարությունյան. մոնումենտալ երեւակայում» խորագրով` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում:
Արա Հարությունյանի թոռան` ճարտարապետ Արա Հարությունյանի հարցազրույցն ավելի ուշ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ