Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղում պետք է հանրաքվե անցկացնել, որպեսզի այնտեղ բնակվող մարդիկ ինքնուրույն որոշեն, թե ինչպես են ցանկանում ապրել. ԳԴՀ-ում ՀՀ դեսպան

Փետրվար 01,2021 15:09

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի հարցազրույցը Գերմանական խմբագրությունների միություն (RND) ամենախոշոր կազմակերպության արտաքին քաղաքականության ոլորտը համակարգող գլխավոր խմբագիր Յան Էմենդորֆերին։

Այն ստացել է լայն արձագանք և արդեն վերահրատարակվել է երկրամասային չորս թերթերում:

 «Լեռնային Ղարաբաղում պետք է հանրաքվե կայանա»

Խմբագրի կողմից. Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս տեղի ունեցած պատերազմը շուրջ 5000 մարդու կյանք խլեց և ստեղծեց նոր իրողություններ: Ինքնավար հայկական տարածքն առավել կրճատվեց, քանի որ Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղի մի հատված: Շատ հայեր 2020թ. նոյեմբերի 10-ի հրադադարի հայտարարությունն ընկալում են որպես կապիտուլյացիա:

Հարց Պարո՛ն Սմբատյան, արդյո՞ք հրադադարի այս համաձայնագրին այլընտրանք կար:

Աշոտ Սմբատյան Ադրբեջանական զինուժը և նրա վարձկանները շարունակում էին դաժան ագրեսիան նաև խաղաղ բնակչության դեմ: Պատերազմի ընթացքում զենքերը լռեցնելու երեք փորձ եղավ: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի կողմից հոկտեմբերի 10-ին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կողմից հոկտեմբերի 17-ին, և վերջինը՝ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի կողմից հոկտեմբերի 26-ին: Բոլորն ապարդյուն, քանի որ Ադրբեջանը չպահպանեց զինադադարի որևէ համաձայնություն:

Հարց Հայկական բանա՞կն էր չափազանց վատ զինված, թե՞ ադրբեջանականը՝ չափազանց լավ:

Աշոտ Սմբատյան Հարցը հնչեցնում եք շատ պարզ կերպով. կցանկանայի այստեղ այլ տեսանկյունից մոտենալ:

Միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռության համեմատությունը տալիս է հստակ պատասխան, դրան գումարած այն աջակցությունը, որն Ադրբեջանը ստանում էր Թուրքիայից:

Տարիներ շարունակ Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում ուղղված է եղել Հայաստանը մշտական շրջափակման մեջ պահելուն: Պատերազմից առաջ և դրա ընթացքում Թուրքիան Ադրբեջանին տրամադրեց հսկայական ռազմական աջակցություն՝ զենքի լայնածավալ մատակարարումներով, այդ թվում՝ թուրքական անօդաչու թռչող սարքերի և ինքնաթիռների: Պատերազմում ընդգրկված էին թուրք ռազմական խորհրդատուներ, ինչպես նաև՝ իսլամիստ վարձկաններ Սիրիայից և Լիբիայից, որոնց խոստացել էին բնակության համար տարածքներ տրամադրել նոր գրավված շրջաններում:

«Ադրբեջանը բլիցկրիգ էր փնտրում»

Հարց Հայաստանն անակնկալի՞ եկավ պատերազմից:

Աշոտ Սմբատյան 2020թ. օգոստոսին Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններից հետո դա սպասելի էր: Կարծում եմ, որ ադրբեջանցիները պատրաստվել էին ակնթարթային պատերազմի, սակայն նրանք բախվեցին հայկական զինուժի համառ դիմակայությանը: Ադրբեջանը բարենպաստ պահ էր ընտրել. գլոբալ համավարակ, ընտրություններ ԱՄՆ-ում, խաթարված հարաբերություններ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև, միջերկրածովյան ճգնաժամ՝ Լիբիա, Թուրքիա, Հունաստան, Կիպրոս, և փախստականների հիմնախնդիր:

Հարց Որքա՞ն զոհ և վիրավոր ունի հայկական կողմը:

Աշոտ Սմբատյան Յուրաքանչյուր մարդկային կյանք չափազանց մեծ կորուստ է: Մեր տվյալներով՝ ունենք հազարավոր վիրավորներ և մինչև 4000 զոհ: Շատ հայեր անհայտ կորած են համարվում: Ցավոք, ադրբեջանական կողմը ոչ մի տեղեկատվություն չի տրամադրում ռազմագերիների քանակի վերաբերյալ: Հստակ է, որ նրանց հանդեպ վերաբերմունքը դաժան է, իրականացվում են ռազմական հանցագործություններ: Մենք պահանջում ենք նրանց անհապաղ ազատ արձակում, ինչպես դա արեցինք ադրբեջանցի ռազմագերիների դեպքում:

Շտապ պետք է քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ, քանի որ շարունակվում են ռազմական հանցագործությունները: Այո՛, ես դրանք շատ հստակ անվանում եմ ռազմական հանցագործություններ, և դրանց պատասխանատուները պետք է կանգնեն միջազգային ռազմական դատարանի առջև և դատապարտվեն: Առկա են տեսաձայնագրություններ և տարբեր միջազգային կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներ, որոնք ապացուցում են դա:

Հարց Արդյո՞ք պաշտպան տերությունը՝ Ռուսաստանը, շատ երկար սպասեց:

Աշոտ Սմբատյան Արդեն հարցադրումն ինձ համար չափազանց պարզ և կարճ է ձևակերպված: Հայաստանի անկախացումից ի վեր մենք ձգտում ենք դառնալ միջազգային հանրության վստահելի անդամ: Հաշվի առնելով այն ժողովրդավարական ուղին, որը Հայաստանն ավելի ընդգծված բռնեց 2018 թվականից ի վեր, Հայաստանի ժողովուրդը հույս ուներ այս հակամարտությունում աջակցություն ստանալ նաև ԵՄ-ից: ՆԱՏՕ-ի անդամ պետություն Թուրքիայի նկատմամբ կողմից հասցեական քննադատություն ևս չեղավ: Անտեսվեց և կոպտորեն խախտվեց եվրոպական անվտանգության ճարտարապետության հիմնարար սկզբունքը, այն է՝ պետությունների միջև ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, իսկ միջազգային հանրությունը ուղղակի դիտում էր:

1915թ. իրադարձությունների հիշողություններ

Հարց Պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի շրջանից տասնյակ հազարավոր հայեր փախուստի դիմեցին: Ի՞նչ եղավ նրանց հետ:

Աշոտ Սմբատյան Խոսքը գնում է շուրջ 40.000 մարդու մասին, ովքեր փախուստի են դիմել և դեռևս չեն վերադարձել: Հուսով ենք, որ միջազգային հանրությունը կաջակցի այդ մարդկանց իրենց հայրենիք՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու գործում: Ի սկզբանե պատերազմն ուներ հստակ նպատակ՝ տեղահանման քաղաքականությամբ «մաքրել» հայերից տարածաշրջանը: Մեզ մոտ շատերը սա ընկալում են որպես 1915թ. իրադարձությունների կրկնություն, երբ թուրքերն իրականացրին մեկ միլիոնից ավել հայերի ցեղասպանությունը: Այժմ առավել քան կարևոր է, որ տեղում գտնվող ռուս խաղաղապահներն օգնեն կարգավորել իրավիճակը և ապահովել հրադադարի ռեժիմը:

Հարց Հայերը դեռ բնակվո՞ւմ են Ադրբեջանի կողմից նոր գրավված տարածքներում:

Աշոտ Սմբատյան Տեսեք, Ադրբեջանը լավագույնս ապացուցում է, որ ինքը շահագրգռված չէ հակամարտության խաղաղ լուծմամբ և մարդավայել համակեցությամբ: Նույնիսկ նոյեմբերի 10-ից հետո այն շարունակեց գրոհել Հադրութի շրջանի երկու գյուղերը և գերի վերցրեց բնակչության մի մասին: Ի՞նչ է կատարվում այս մարդկանց հետ: Ո՞վ է պաշտպանում նրանց մարդու իրավունքները: Եվ մի հարց էլ է ինձ հուզում. ի՞նչ է լինելու հայկական հարուստ մշակութային ժառանգության հետ Շուշի քաղաքում, քանի որ մենք գիտենք, որ Ադրբեջանը չի թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների մուտքը:

Հարց Պատերազմի արդյունքում տեղի են ունենում ժողովրդի բողոքի ցույցեր և հրաժարականի կոչեր ընդդեմ 2018թ. ժողովրդավարական ճանապարհով ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Կլինե՞ն նոր ընտրություններ:

Աշոտ Սմբատյան Վարչապետ Փաշինյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2023թ.: Նա նշել է, որ եթե ժողովուրդը ցանկանա, ինքը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների: Այժմ բանակցություններ են ընթանում այլ կուսակցությունների հետ:

Հարց Ի՞նչ է սպասվում այժմ Արցախի փոքր, ինքնավար հայկական հանրապետությանը, որը հիմնադրվել է 1994թ., բայց երբևէ միջազգայնորեն չի ճանաչվել:

Աշոտ Սմբատյան Մենք խոսում ենք ավելի քան 150.000 մարդու մասին, ովքեր 25 տարի շարունակ այնտեղ ապրում են սահմանադրորեն մշակված խաղաղ կյանքով՝ պետականության բոլոր բաղադրիչներով: Այն իր մեջ ներառում է նաև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Եվ այդ արժեքները պետք է շարունակեն կիրառվել: Ադրբեջանի կողմից նոր գրավյալ տարածքները չեն կարող փոխել Լեռնային Ղարաբաղի, այսինքն՝ Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը: Շուրջ 30 տոկոսն այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից: Դա նշանակում է, որ այժմ բանակցային գործընթացը վերջապես պետք է վերսկսել, պետք է անցկացնել հանրաքվե, որպեսզի այնտեղ բնակվող մարդիկ ինքնուրույն որոշեն, թե ինչպես են ցանկանում ապրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728