Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը խախտել է եւ շարունակում է խախտել նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը. Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը

Փետրվար 01,2021 14:15

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Շառլ Միշելին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ տիկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենին

Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմն (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) արձանագրում  է, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի կողմից եւ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ եւ հրահրմամբ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) եւ Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը ոչ միայն դարձել է բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ եւ հանգեցրել հազարավոր անձանց բռնի տեղահանման, այլ նաեւ խիստ բացասական նախադեպ եւ անվտանգության սպառնալիք է ստեղծել տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի համար։

Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել են միջազգային իրավական եւ մարդասիրական նորմերի բազմաթի խախտումներ, մասնավորապես՝

  • Ադրբեջանի կողմից եւ Թուրքիայի անմիջական աջակցությամբ Սիրիայից հակամարտության գոտի են տեղափոխվել եւ ռազմական գործողություններում են ներգրավվել Սիրիայում, Լիբիայում եւ այլ երկրներում գործող ապօրինի խմբավորումների անդամ հանդիսացող բազմաթիվ վարձկան-ջիհադականներ։
  • Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հայ բնակչության տեղահանման նպատակով Ադրբեջանի ԶՈՒ կողմից թիրախավորված եւ կանոնավոր կերպով ռմբակոծության են ենթարկվել բազմաթիվ խաղաղ բնակավայրեր։ Այս համատեքստում հարկ է արձանագրել, որ ազգային պատկանելության սկզբունքով իրենց բնակության տարածքից մարդկանց բռնի տարհանմանն ուղղված գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտում։
  • Ադրբեջանից ռազմական գործողություններին մասնակցող զինվորականների կողմից ռազմագերիների եւ խաղաղ բնակչության հանդեպ ցուցաբերվել է միջազգային բոլոր նորմերը ոտնահարող անմարդկային վերաբերմունք, գերեվարված անձինք ենթարկվել են կտտանքների, գերիներից շատերը սպանվել են, իսկ նրանց մարմինները խոշտանգվել են, ինչի մասին առկա են բազմաթիվ փաստացի ապացույցներ։
  • Ադրբեջանի կողմից խախտվել են ԵԱՀԿ համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված՝ հրադադար հաստատելու վերաբերյալ առաջին երեք պայմանավորվածությունները։ Այս վարքագիծն ակնհայտորեն միտված էր ի ցույց դնելու ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրությունը եւ ցայտուն կերպով ապացուցում է, որ հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքում ադրբեջանական կողմը բացառում է որեւէ էական փոխզիջում։

Մենք արձանագրում ենք, որ քանի դեռ դիկտատորական ռեժիմների կողմից պատերազմական գործողություններում ահաբեկիչների ներգրավումը, արգելված զինատեսակների կիրառումը, խաղաղ բնակչության ահաբեկումը չի արժանացել միջազգային հանրության պատշաճ գնահատականին, հիբրիդային պատերազմների նմանօրինակ կիրառումներն աշխարհի տարբեր հատվածներում կրկնվելու եւ ծավալվելու են՝ հանգեցնելով նորանոր աղետների։

Հարկ է արձանագրել, որ թեեւ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածության արդյունքում ռազմական գործողությունները դադարեցվել են, այնուամենայնիվ, պատերազմին հաջորդած ժամանակահատվածում մարդկանց անվտանգության սպառնալիքները եւ հումանիտար բազմաթիվ վտանգները չեն վերացել, ավելին՝ պետք է նաեւ փաստել, որ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորում տեղի չի ունեցել։ Փոխարենը՝ ադրբեջանական կողմը շարունակում է տարածել բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ, որոնք հայատյացություն, բռնություն, Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգությանը սպառնացող պնդումներ են պարունակում։

Այս առնչությամբ ՀԱՊ-ն իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության ստորագրմանը հաջորդած ժամանակահատվածում ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ արձանագրում է, որ Ադրբեջանը խախտել է եւ շարունակում է խախտել՝

  • հայտարարության առաջին կետը՝ շարունակելով Լեռնային Ղարաբաղից (Արցախ) նոր տարածքներ գրավել (Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, այլ տարածքներ), ինչի արդյունքում Ադրբեջանի կողմից գերեվարվել են շփման գծում գտնվող եւս 64 հայ զինվորականներ․
  • հայտարարության 7-րդ կետը՝ անհրաժեշտ պայմաններ չստեղծելով պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղից (Արցախ) տեղահանված շուրջ 40 000 խաղաղ հայ բնակչության վերադարձի համար Հադրութի, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի, Շուշիի շրջանների` Ադրբեջանի կողմից գրավված հատվածներ, մինչդեռ իրենց բնակավայրերում մնացած կամ այցելած խաղաղ հայ բնակիչներ սպանվել եւ գերեվարվել են ոչ միայն պատերազմի օրերին, այլեւ եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո, որի մասին փաստերն արձանագրված են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի համապատասխան զեկույցում․
  • հայտարարության 7-րդ կետը՝ պայմաններ չստեղծելով Քարվաճառի (Քելբաջար), Բերձորի (Լաչին) եւ նախկին ԼՂԻՄ շուրջ այլ շրջաններ հայ բնակչության վերադարձի համար՝ այն մարդկանց, ովքեր բնակվել էին այդ տարածքներում՝ մինչ այդ տեղահանված լինելով Ադրբեջանի այլ շրջաններից, կամ Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից․
  • հայտարարության 8-րդ կետը՝ հրաժարվելով վերադարձնել տարբեր գնահատականներով 100-200 հայ ռազմագերիներին եւ խաղաղ բնակիչներին, ներառյալ` կանանց, որոնցից շատերը գերեվարվել են եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման հետեւանքով, ինչպես նաեւ նրանք, ովքեր դեռ մնացել էին Ադրբեջանի կողմից օկուպացված իրենց բնակավայրերում։

Ռուսաստանը չի իրականացրել

  • հայտարարության երրորդ կետը՝ չտեղադրելով իր խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով՝ ներառյալ Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերը, Դիզափայտ լեռն ու Կատարո վանքը, որոնք իր զորքերը վերահսկողության տակ են վերցրել ընդամենը մեկ օրով, հրապարակելով նաեւ համապատասխան քարտեզը, որից հետո, սակայն, ետ են քաշվել, ինչի արդյունքում հրադադարի մասին հայտարարության կնքումից մեկ ամիս անց ադրբեջանական զորքերը գրավել են այդ տարածքները՝ գերեվարելով շփման գծում կանգնած 65 հայ զինվորականների եւ տեղի բնակիչների․
  • հայտարարության 5-րդ կետը՝ հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոնի ստեղծման ընթացքում` դրանում առանց Հայաստանի հետ համաձայնեցման ներգրավելով Թուրքիային․
  • հայտարարության 6-րդ կետը, որի արդյունքում հայտարարության ստորագրումից հետո Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ավտոճանապարհին, որի վերահսկողությունը անցել է ռուս խաղաղապահներին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարվել են խաղաղ հայ բնակիչներ։

Մինչդեռ Հայաստանն ամբողջությամբ կատարել է հայտարարության 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով ստանձնած իր բոլոր պարտավորությունները։

Վերը նշվածին ավելանում է այն, որ Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ռուս խաղաղապահ առաքելությունը չունի միջազգային մանդատ, հայտնի չեն դրա իրավական հիմքերը, հայտնի չէ, թե արդյոք Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի (Արցախ)  իշխանությունները հանդիսանալու են Լեռնային Ղարաբաղում (Արցախ) խաղաղապահ ուժերի մասին համաձայնագրի ստորագրող կողմ, ինչպես նաեւ առաքելության լիազորությունները եւ իրավունքները, ինչը խիստ սահմանափակում է այդ առաքելության հնարավորությունները՝ իրականացնելու ստանձնած պարտավորությունները եւ հաշվետվողականությունը՝ տեղի հայ բնակչության անվտանգությունը  եւ տարածաշրջանում կայունությունը եւ խաղաղությունը ապահովելու գործում։

Բացի դրանից, համարժեք գնահատական չի տրվել Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման փաստին, թեեւ այդ փաստն ընդունվել է Մինսկի խմբի բոլոր երեք նախագահող երկրների կողմից։

Միաժամանակ, Ադրբեջանը, ռուս զինվորականների հետ համատեղ, սկսել է Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավային մասում միջազգային ստանդարտներին չհամապատասխանող սահմանազատման` դեմարկացիայի ու դելիմիտացիայի, տարածքների բռնակցման միակողմանի ապօրինի գործողություններ՝ ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի կանոնակարգերի խախտմամբ եւ տեղի բնակչության իրավունքների եւ շահերի կոպիտ ոտնահարմամբ, ինչն առաջացրել է Հայաստանի ներսում ներքին տեղահանված անձանց խնդիր, մարդասիրական նոր ճգնաժամ, հոգեբանական ահաբեկչության մթնոլորտ եւ անվտանգության նոր սպառնալիքներ։ Ադրբեջանական զորքերը տեղակայվել են հայկական բնակավայրերի անմիջական հարեւանությամբ եւ այն ճանապարհների վրա, որոնցով երթեւեկում է Հայաստանի քաղաքացիական բնակչությունը:

Հավելյալ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ Թուրքիան, անտեսելով միջազգային հանրության բազմաթիվ կոչերը, շարունակում է ապակայունացնող գործողություններ իրականացնել տարածաշրջանում՝ Հայաստանի սահմանների մոտ մեծաքանակ զորքեր կենտրոնացնելով, Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ կազմակերպելով եւ շարունակելով մեծածավալ ռազմական մատակարարումներն Ադրբեջանին։ Նման գործողությունները նաեւ հղի են ամբողջ տարածաշրջանում երկարաժամկետ կայունության եւ խաղաղության հաստատման հնարավորության խաթարմամբ։

Միաժամանակ, մենք դրական ենք գնահատում Եվրոպական խորհրդարանի 2021 թվականի հունվարի 20-ի բանաձեւը «Ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության իրականացման մասին» տարեկան զեկույցի վերաբերյալ եւ, մասնավորապես, դրա 24-րդ կետը եւ Եվրոպական խորհրդարանի հունվարի 20-ի բանաձեւը «Ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության իրականացման մասին» տարեկան զեկույցի վերաբերյալ եւ, մասնավորապես, դրա 13-րդ կետը։

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` կոչ ենք անում Եվրամիությանը եւ ԵՄ անդամ պետություններին, առաջնորդվելով Մադրիդյան սկզբունքներով, գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը եւ ԵԱՀԿ-ում եւ Եվրոպայի խորհրդում իրենց ունեցած ազդեցությունը՝ հակամարտության գոտում կայուն անվտանգության եւ խաղաղության հաստատման համար, մասնավորապես՝

  • Պատշաճ իրավական գնահատական տալ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողություններին՝ հաշվի առնելով ահաբեկիչների ներգրավման, ապօրինի զինատեսակների օգտագործման, ռազմագերիների եւ խաղաղ բնակչության հանդեպ իրականացրած ռազմական հանցագործությունների մասին առկա փաստացի ապացույցները․
  • Աջակցություն ցուցաբերել հակամարտության գոտում հումանիտար աղետի պայմաններում ապրող խաղաղ բնակչությանը՝ նպաստելով նրանց հիմնարար իրավունքների պաշտպանությանը․
  • Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը ռազմագերիների ապահով վերադարձի կազմակերպմանն աջակցելու ուղղությամբ, ինչը կկանխի նրանց հանդեպ դաժան վերաբերմունքի, այդ թվում՝ ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումների, մարդկային արժանապատվության նսեմացման եւ որոշ դեպքերում սպանությունների՝ տարածված տեսանյութերում արձանագրված դեպքերի հնարավոր կրկնությունը․
  • Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի վերջնականացման լիարժեք վերադարձ Մինսկի խմբի ձեւաչափ` 2007թ․ Մադրիդում ընդունված, ապա նաեւ Լ՛Աքվիլայում եւ Մուսկոկայում ամրագրված սկզբունքների հիման վրա․
  • Աջակցել տարածաշրջանում ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից արտոնված մանդատ ունեցող ԵԱՀԿ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանը թե՛ նախկին ԼՂԻՄ-ի ամբողջ տարածքում եւ թե՛ դրա շուրջ 7 շրջաններում, որոնցում կներառվեն նաեւ Արցախում ներկայումս առանց միջազգային մանդատի տեղակայված ռուս խաղաղապահները: Խաղաղապահ ուժերի երաշխավորմամբ եւ անվտանգության ապահովմամբ իրականացնել հայ փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձ համապատասխանաբար ԼՂԻՄ-ի տարածք եւ դրա շուրջ 7 շրջաններ․
  • Ճանաչել Արցախի միջանկյալ կարգավիճակը, ապաեւ նպաստել հնարավորինս սեղմ ժամկետներում բանակցությունների վերսկսմանը՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) ինքնորոշման կենսապահպանական (remedial) իրավունքի իրացման ժամկետների շուրջ, որից հետո հնարավոր կդառնա հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների խաղաղ համակեցությունը, Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախ)  միջեւ երկարատեւ խաղաղությունը եւ տարածաշրջանային անվտանգությունը երաշխավորող պայմանագրի կնքումը․
  • 2020թ․ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) հանդեպ իրականացված ագրեսիայի, ներառյալ` պատերազմում ջիհադիստ վարձկանների ներգրավման փաստերի, ինչպես նաեւ պատերազմական հանցագործությունների եւ դրանցում Ադրբեջանի եւ Թուրքիայի բարձրագույն ղեկավարության ներգրավվածության հանգամանքների միջազգային քննության իրականացում եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկում՝ Հարավսլավիայում տեղի ունեցած պատերազմների սանձազերծման եւ դրանց ընթացքում ռազմական հանցագործությունների օրինակով․
  • Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների միջնորդությամբ ձեւավորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա իրականացնող միջկառավարական, իսկ անհրաժեշտության դեպքում՝ միջազգային հանձնաժողով, որն իր գործունեության մեջ կառաջնորդվի սահմանազատման հիմնարար փաստաթղթերով, միջազգային ստանդարտներով եւ նորմերով, հաշվի կառնի միջազգային փորձը։

Սույն հայտարարության մեջ նշված իրողությունների վերաբերյալ հավելյալ տեղեկությունների տրամադրման նպատակով կցվում է 14 հավելված։

 Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ

Հավելված 1 Հակիրճ տեղեկանք Արցախյան հակամարտության վերաբերյալ

2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունները Արցախի  հանդեպ Ադրբեջանի սանձազերծած երրորդ պատերազմն էր ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր։ Առաջին ագրեսիվ պատերազմը Արցախի ժողովրդի հանդեպ Ադրբեջանը սկսեց դեռ 1988թ․-ին, երբ Արցախի ժողովրդի ինքնորոշմանն ուղղված խաղաղ քաղաքական պայքարին պատասխանեց զանգվածային ռեպրեսիաներով, ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների հետ իրականացված «Կոլցո» օպերացիայով, Սումգայիթի, Բաքվի, Գյանջայի հայ բնակչության կոտորածներով։ Սովետական Ադրբեջանի ղեկավարության գործողություններն ակնհայտորեն ուղղված էին Ադրբեջանի ԽՍՀ հայ բնակչության ոչնչացմանը և/կամ բռնագաղթեցմանը, ինչը, փաստացի, նրանց հաջողվեց, եւ ԽՍՀՄ փլուզման պահին Ադրբեջանի ավելի քան 400․000 հայ բնակիչներ տեղահանվեցին իրենց բնակության վայրերից, 500-ից ավելի մարդ սպանվեց։ Հայաստանից նույն ժամանակահատվածում տեղահանվեց 180․000 ադրբեջանցի, 25-ը՝ սպանվեց։  Ադրբեջանի կողմից հայ բնակչության հանդեպ իրականացված զանգվածային սպանությունները եւ տեղահանումները դատապարտել են Եվրախորհրդարանը 1988թ․ հուլիսի 7-ին ընդունած հատուկ բանաձեւով եւ ԱՄՆ մի խումբ սենատորներ՝ 1990թ․ հունվարի 18-ին ԽՍՀՄ նախագահ Գորբաչովին ուղղված իրենց նամակում։ Ընդ որում՝ թե՛ Եվրախորհրդարանը եւ թե՛ ԱՄՆ սենատորները ԽՍՀՄ իշխանություններին կոչ էին անում դուրս բերել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն Ադրբեջանի կազմից եւ այն ընդգրկել Հայաստանի կազմում` դա հիմնավորելով նրանով, որ Ադրբեջանում հայերի հանդեպ տեղի ունեցած զանգվածային ջարդերը հիմք են տալիս պնդելու, որ հայ բնակչության անվտանգությունը Ադրբեջանում չի կարող երաշխավորվել։

1991թ․-ին 15 հանրապետությունների՝ ԽՍՀՄ-ից անկախանալուն զուգահեռ, օգտվելով ԽՍՀՄ օրենքներով ընձեռված հնարավորությունից, Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ Շահումյանի շրջանի բնակչությունը հռչակեց իր անկախությունը Ադրբեջանից՝ ստեղծելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը։ Դրանից անմիջապես հետո Ադրբեջանի Հանրապետությունը ձեռնարկեց ռազմական ագրեսիա Արցախի հանդեպ՝ փաստացի սկսելով ապօրինի պատերազմ Արցախի ինքնորոշված ժողովրդի դեմ։ Սակայն Ադրբեջանը պարտվեց իր իսկ սկսած պատերազմում եւ կորցրեց իր 7 շրջանները, որտեղ Արցախի  Հանրապետությունը ստեղծեց անվտանգության գոտի՝ ապահովելու համար իր ժողովրդի պաշտպանվածությունը Ադրբեջանի հետագա ագրեսիվ ոտնձգություններից՝ մինչեւ Արցախյան խնդրի խաղաղ կարգավորումը՝ հիմնված միջազգային իրավունքի եւ նորմերի վրա եւ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության պայմանագրի կնքումը։

Անհրաժեշտ է ընդգծել, որ առաջին Արցախյան պատերազմի ընթացքում հայկական ուժերի կողմից Ադրբեջանի վերը նշված 7 շրջանները զբաղեցնելուց հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունեց բանաձեւ, որում կոչ էր անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որից հետո հայկական ուժերը պետք է դուրս բերեին իրենց զորքերը զբաղեցված շրջաններից։ Այդպիսի 4 բանաձեւեր են ընդունվել եւ դրանցից յուրաքանչյուրի ընդունումից հետո հայկական ուժերը դադարեցրել են ռազմական գործողությունները, սակայն այդ բանաձեւերը չեն հարգվել ադրբեջանական ուժերի կողմից, ինչը, մասնավորապես, արձանագրվել է Անվտանգության խորհրդի 1993թ. նոյեմբերի 12-ին ընդունված թիվ 884 բանաձևի հինգերորդ պարբերությունում, որը բառացիորեն ասում է. «Տագնապով նշելով ռազմական գործողությունների սրումը հրադադարի խախտումների հետեւանքով և այդ խախտումներին ի պատասխան ուժի անհամաչափ մեծ կիրառման պատճառով Ադրբեջանի Զանգելանի շրջանի և Հորադիզ քաղաքի օկուպացիան»։ Այսինքն՝ Անվտանգության խորհուրդը նշում է, որ Ադրբեջանը խախտել է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախորդ բանաձեւերով սահմանված հրադադարի ռեժիմը, որի արդյունքում կորցրել է հերթական շրջանը: Այն մասին, որ հենց Ադրբեջանն էր խախտում նշված բանաձեւերը, խոսել է նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից Ռուսաստանի այն ժամանակվա ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը իր հուշերում։

Այսպիսով, Ադրբեջանը կորցրել է Արցախի շուրջ իր 7 շրջանները՝ իր իսկ սանձազերծած ագրեսիվ պատերազմի եւ ՄԱԿ ԱԽ բանաձեւերը խախտելու արդյունքում։ Մի պատերազմ, որի ընթացքում հայկական եւ ադրբեջանական կողմերից զոհվեցին շուրջ 30․000 մարդ՝ զինվորականներ եւ խաղաղ բնակիչներ, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, ինչպես նաեւ հարյուր հազարավոր հայեր եւ ադրբեջանցիներ տեղահանվեցին իրենց բնակավայրերից։ Ղարաբաղյան պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջանների՝ հայկական ուժերի գրավումից հետո շուրջ 350 հազար ադրբեջանցի (40 հազ.՝ Լեռնային Ղարաբաղից) ստիպված էին լքել իրենց բնակության վայրերը: Այսպիսով, 1988-1994թթ․ հայ և ադրբեջանցի փախստականների եւ ներքին տեղահանված անձանց ընդհանուր թիվը 930000 է, որից ադրբեջանցիները 530000 են:

Միաժամանակ, Արցախյան հակամարտության կարգավորման ճարտարապետությունը հիմնված չէ ՄԱԿ ԱԽ-Ի վերոնշյալ բանաձեւերի վրա, ավելին, այն փաստը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ. բանաձեւերը այլևս արդիական չեն համարվում, ակնհայտորեն բխում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2020 թ. սեպտեմբերի 30-ի հաղորդագրությունից, որը ոչ միայն չի խոսում որեւէ գրավյալ տարածքից հայկական զորքերի դուրսբերման անհրաժեշտության մասին, այլ նաև արտահայտվում է անհապաղ և առանց նախապայմանների հրադադարի անհրաժեշտության մասին, ինչին համաձայն չէին միայն Ադրբեջանն ու Թուրքիան: Ավելին, 2020թ․-ի սեպտեմբերի 30-ի իր հաղորդագրությունում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդհանրապես որեւէ կերպ չի անդրադառնում կամ նշում 1993թ․-ի իր բանաձևերը:

Այսպիսով, Արցախյան հիմնախնդրի լուծման քաղաքական գործընթացի ներկայիս ճարտարապետությունը հիմնականում հիմնված է 1994թ․ մայիսի 5-ին Բիշկեկում երեք կողմերի (Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան) միջեւ ստորագրված զինադադարի մասին արձանագրության, դրա հիման վրա նույն թվականի մայիսի 12-ին ստորագրված եռակողմ  համաձայնագրի վրա, ապա նաև Ադրբեջանի մասնակցությամբ ընդունված Մադրիդյան սկզբունքների վրա, որոնց շուրջ 2007-ին համաձայնեցին Հայաստանը և Ադրբեջանը: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի (վերջինս՝ որպես միջնորդ) կողմից 2008 թվականին ստորագրված Մայենդորֆյան հռչակագիրը, որը միջպետական ​​ակտ է, հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա: Մադրիդյան սկզբունքները հաստատվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) նախագահների հայտարարություններով Լ’Աքվիլայում (2009թ․), Մուսկոկայում (2010թ․), Դովիլում (2011թ․), Լոս Կաբոսում (2012թ․) և Էնիշքիլենում (2013թ․): Մադրիդյան երեք հիմնական սկզբունքների թվում առաջնային և հիմնական սկզբունքը ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման բացառումն է: Եվ դրանից հետո միայն՝ տարածքային ամբողջականության սկզբունքը և ազգերի ինքնորոշման իրավունքը: Եվ առաջին սկզբունքի կատարումը որեւէ կերպ չէր պայմանավորվում երկրորդ եւ երրորդ սկզբունքների կյանքի կոչման ժամկետներով:

Սակայն Ադրբեջանը շարունակեց խախտել իր ստանձնած պարտավորությունները հակամարտության կարգավորման ընթացքում ուժի կիրառումը բացառելու հարցում եւ 22 տարի ինտենսիվորեն զինվեց՝ օգտագործելով իր նավթագազային պաշարների շահագործումից գոյացած գումարները, ինչպես նաեւ լայնորեն կիրառեց եվրոպական երկրների ու կառույցների, ինչպես նաեւ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին, պատգամավորներին կաշառելու մարտավարությունը, այսպես կոչված «խավիարային կամ նավթային դիվանագիտությունը»՝ նոր պատերազմի համար հիմքեր նախապատրաստելու համար։ Արդյունքում՝ 2016-ի ապրիլին պաշտոնական Բաքուն կրկին ագրեսիվ պատերազմ սանձազերծեց, որի ընթացքում նրան հաջողվեց մի քանի հարյուր հեկտար տարածք գրավել Արցախի հյուսիսում եւ հարավում։ Պատերազմը տեւեց 4 օր եւ դադարեցվեց միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների ճնշման եւ Ռուսաստանի միջնորդության արդյունքում։ Պատերազմի ընթացքում երկու կողմերից զոհվեցին 200-ից ավելի զինծառայող, եւս մի քանի հարյուրը վիրավորվեցին։ Պատերազմի ընթացքում հայաբնակ Թալիշ գյուղը հայտնվեց անմիջապես շփման գծի հարեւանությամբ եւ դարձավ բնակության համար ոչ անվտանգ, որի արդյունքում գյուղի բնակչության մեծ մասը լքեցին իրենց բնակավայրը։ Այս հանգամանքը եւս մեկ անգամ ցույց տվեց մինչեւ հարցի վերջնական կարգավորումը Արցախի շուրջ անվտանգության գոտու առկայության արդարացվածությունը։

Հատկանշական է, որ լինելով ագրեսոր կողմ, Ադրբեջանը մեղադրեց Հայաստանին հրադադարի խախտման եւ ռազմական գործողություններ հրահրելու մեջ այն դեպքում, որ մինչ այդ մշտապես մերժել էր Հայաստանի առաջարկները՝ միջազգային հովանու ներքո ուժեղացնել շփման գծում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ծավալներն ու կարողությունները, ինչը հնարավորություն կտար հստակորեն արձանագրել, թե կողմերից որն է խախտում հրադադարի ռեժիմը։ Պատերազմի ավարտից հետո Հայաստանի պահանջով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները 2016թ․ Վիեննայում կարողացան պարտադրել Ադրբեջանին համաձայնել հրադադարի ռեժիմի խախտումների կանխարգելման եւ մոնիտորինգի նպատակով դիտորդական առաքելության հզորացմանը, սակայն դրան հաջորդած տարիներին պաշտոնական Բաքուն խափանեց այդ համաձայնությունների իրականացումը։

Հայկական կողմերին որպես հակամարտության լուծման ձգձգման պատասխանատու ներկայացնելու Ադրբեջանի ջանքերն անհիմն են։ Պաշտոնական Բաքուն բազմիցս մերժել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած՝ հակամարտության կարգավորման փաթեթները: Այսպես, ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին առաջարկները, որոնք նախկինում համաձայնեցվել էին կողմերի հետ (Մադրիդյան սկզբունքների Կազանյան բանաձեւ), Կազանում վերջին պահին մերժվեցին հենց Ադրբեջանի նախագահ Ալիեւի կողմից: Մինչ այդ Ալիեւ հայրը մերժել էր 1997թ․-ին ՄԽ համանախագահողների կողմից առաջարկած «Փաթեթային», ապա 1999թ․-ին առաջարկած «Ընդհանուր պետության», վերջապես՝ նաեւ 2001թ․-ին Քի-Վեստում առաջարկված կարգավորման փաթեթները։

Իր ագրեսիվ գործողությունների, իր ստանձնած պարտավորությունների խախտման եւ Արցախյան խնդրի կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացը պարբերաբար սաբոտաժի ենթարկելու  համար չարժանանալով միջազգային հանրության կողմից որեւէ պատժամիջոցի, Ադրբեջանը շարունակեց իր արկածախնդիր եւ ռազմատենչ քաղաքականությունը եւ 2020թ․ սեպտեմբերի 27-ին՝ Թուրքիայի քաղաքական հովանավորությամբ եւ անմիջական ռազմական մասնակցությամբ, Սիրիայի հյուսիսից եւ այլ երկրներից ջիհադիստ վարձկանների ներգրավմամբ սկսեց Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմ։ Այս քայլով Ադրբեջանը ոչնչացրեց ոչ միայն ստատուս քվոն, այլև փորձ արեց հօդս ցնդեցնել Արցախի խնդրի լուծման քաղաքական գործընթացի իրավական ամբողջ ճարտարապետությունը՝ խախտելով իր կողմից պաշտոնապես ստանձնած հիմնարար պարտավորությունը ուժ չկիրառելու վերաբերյալ:

Ի դեպ, յուրաքանչյուր պետություն ՄԱԿ-ին անդամակցելիս ստանձնում է նաեւ հակամարտություններն ու վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն: Հաշվի առնելով Արցախի բնակչության գոյության սպառնալիքի՝ վերջին 30 տարիների ընթացքում երրորդ անգամ կրկնությունը, խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը, որի նպատակը ոչ այլ ինչ էր, քան Արցախի բնակչության ոչնչացումը և (կամ) տեղահանումը, թե՛ Հայաստանը եւ թե՛ միջազգային հանրությունը ստացել են Արցախի անկախությունը ճանաչելու օրինական իրավունք:

Ադրբեջանը 26 տարի պատրաստվում էր այս պատերազմին՝ իր բանակը վերազինելով ռուսական, բելառուսական, իսրայելական, չեխական եւ պակիստանյան բոլոր հնարավոր արդիական հարձակողական զենքերի տեսակներով: Վերջին 10 տարիների ընթացքում Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցում էր Հայաստանի ռազմական բյուջեն հինգից վեց անգամ և ավելին էր, քան Հայաստանի ամբողջ պետական ​​բյուջեն: Ադրբեջանի նախագահ Ալիևը և Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը չեն թաքցրել, որ պատրաստվում են ռազմական ճանապարհով «լուծել» Ղարաբաղյան խնդիրը՝ բազմիցս հայտարարելով դա: Պետք է հիշել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ պարագծով մի քանի բանակային կորպուսի կողմից նման լայնածավալ հարձակումը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ին, չէր կարող կազմակերպվել մեկ կամ երկու օրվա ընթացքում, «ի պատասխան հայկական կողմի սադրանքի», ինչպես փորձում էր ներկայացնել Ալիևը:

Ավելին, ընտրվեց այն ժամանակահատվածը, երբ ԿՈՎԻԴ-19 համաճարակի պատճառով հրադադարի ռեժիմի մոնիտորինգի ԵԱՀԿ առաքելությունը ժամանակավորապես վերադարձել էր Եվրոպա 2020 թվականի ապրիլից, հետեւաբար այն չէր կարող գրանցել զենքի և կենդանի ուժի մեծ կուտակումները և հայտարարել Ադրբեջանից սպասվող հարձակման մասին: Սա այն ժամանակաշրջանն էր, երբ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը դեռ 2020թ․ մարտ ամսին գլոբալ հրադադարի կոչ էր արել, իսկ հունիսին ՄԱԿ-ը ընդունել էր համապատասխան բանաձեւ, միաժամանակ՝ Հայաստանը պայքարում էր ԿՈՎԻԴ-19-ի առավել ծանր փուլը հաղթահարելու համար։ Վերջապես, ռազմական գործողությունները սկսվեցին Թուրքիայի հետ Ադրբեջանի համատեղ անցկացված աննախադեպ զորավարժություններից հետո, որից հետո ոչ միայն թուրքական մեծ զորախումբ մնաց Նախիջևանում, այլեւ առնվազն վեց թուրքական F-16 կործանիչ տեղակայվեցին Գյանջայում, որն ապացուցող լուսանկարներ հրապարակեցին New York Times-ը և այլ հեղինակավոր աղբյուրներ: Բացի այդ, պատերազմի մեկնարկից արդեն երկու շաբաթ առաջ մի շարք արաբական լրատվամիջոցներ տվյալներ հրապարակեցին հյուսիսային Սիրիայից, որը գտնվում է Թուրքիայի վերահսկողության ներքո, մեծ թվով ջիհադիստ  վարձկանների տեղափոխման մասին, ինչը հետագայում հաստատվեց ոչ միայն առաջատար արևմտյան լրատվամիջոցների, այլև երկրների ղեկավարների և/կամ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նառիշկինի, ինչպես նաև Իրանի և Սիրիայի ղեկավարների կողմից: Նույնը հաղորդեց SkyNews-ը՝ հղում կատարելով Պենտագոնի իր աղբյուրներին։

44 օր տեւած ռազմական ագրեսիան ավարտվեց 2020թ․ նոյեմբերի 10-ին Արցախին պարտադրված հայտարարությամբ, որը ստորագրեց Արցախի շահերը ներկայացնելու համար լիազորված Հայաստանը։ Փաստաթուղթը թեեւ ապահովում էր կրակի դադարեցումը, սակայն չէր արծարծում Արցախի կարգավիճակի եւ Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքի եւ անվտանգության լիարժեք ապահովման երաշխիքները, որոնք արտացոլված են Մադրիդյան սկզբունքներում։ Պատերազմի հետեւանքով նախնական տվյալներով երկու կողմերից զոհվեցին ավելի քան 10000 մարդ, ներառյալ մինչեւ հարյուր խաղաղ բնակիչ։ Արցախի 140000 բնակչության մեծ մասը  (ավելի քան 93000 մարդ) տեղահանվեց, որոնցից կեսից քիչն են վերադարձել։ Տեղահանվածների թվում շուրջ 31000 մարդ այն տարածքներից են, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ եւ ուր հայերի վերադարձը դարձել է անհնար, քանի դեռ այնտեղ չեն տեղակայվել միջազգային խաղաղապահ ուժեր, ինչպես որ դա նախատեսված էր Մադրիդյան սկզբունքներով։ Արցախցի հայ բնակչության մյուս մասն էլ չի վերադառնում, քանի որ քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության/ռմբակոծության հետեւանքով կորցրել է բնակության համար անհրաժեշտ նվազագույն պայմանները եւ կամ էլ սահմանամերձ դառնալու պատճառով՝ անվտանգության զգացումը։

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը, խախտելով 2020 թ․ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ ստանձնած պարտավորությունները, հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին, որոնց թիվը տարբեր գնահատականներով 100-200 է։ Հարյուրավոր անհայտ կորածների ճակատագիրը մնում է չճշտված եւ Ադրբեջանը շարունակում է արհեստականորեն խոչընդոտել նրանց, ինչպես նաեւ զոհվածների դիերի որոնողական աշխատանքները՝ ակնհայտ նպատակ ունենալով հոգեկան տառապանք պատճառել գերիների եւ անհետ կորածների հարազատներին, ազդել Հայաստանում եւ Արցախում մարդկանց անվտանգության զգացումի խաթարվածության շարունակման եւ ներկա քաղաքական լարվածության պահպանման վրա։

Եվրոպական խորհրդարանը իր 2021 թվականի հունվարի 20-ին ընդունած «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան զեկույցի վերաբերյալ» բանաձևի 24-րդ կետում իր մտահոգությունն է հայտնում ուժի կիրառմամբ ստատուս քվոյի փոփոխության վերաբերյալ, խստորեն դատապարտում է խաղաղ բնակիչների սպանությունը և քաղաքացիական օբյեկտների ու աղոթատեղիների ոչնչացումը, դատապարտում է հակամարտության մեջ կասետային զինամթերքի օգտագործումը եւ շեշտում, որ տևական կարգավորումը դեռ պետք է գտնվի, և որ խաղաղության հասնելու և տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակը որոշելու գործընթացը պետք է ղեկավարվի Մինսկի խմբի համանախագահների կողմից և հիմնված լինի խմբի հիմնարար սկզբունքների վրա, ընդգծում է անհապաղ անհրաժեշտությունը` ապահովելու, որ հումանիտար օգնությունը կարողանա հասնել կարիքավորներին, ապահովվի հայ բնակչության և նրա մշակութային ժառանգության անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, և որ ներքին տեղահանված անձանց և փախստականներին պետք է թույլատրվի վերադառնալ իրենց նախկին բնակության վայրեր, եւ կոչ է անում պատշաճ կերպով հետաքննել պատերազմի հանցագործությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, նաեւ կոչ է անում ԵՄ-ին՝ առավել իմաստավորված ներգրավվել հակամարտության կարգավորման գործընթացում և տարածաշրջանի ճակատագիրը չթողնել այլ տերությունների ձեռքում։

Եվրոպական խորհրդարանը հունվարի 20-ին ընդունած մեկ այլ՝ «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության իրականացման մասին տարեկան զեկույցի վերաբերյալ» բանաձևի 13-րդ կետում մտահոգություն է հայտնում հակամարտության մեջ երրորդ երկրների ռազմական ներգրավվածության, մասնավորապես Թուրքիայի ապակայունացնող դերի ու միջամտության վերաբերյալ, կոչ է անում միջազգային հետաքննություն իրականացնել օտարերկրյա գրոհայինների ենթադրյալ ներկայության և կասետային զինամթերքի և ֆոսֆորային ռումբերի օգտագործման վերաբերյալ, Եվրամիությանը և միջազգային մարմիններին կոչ է անում ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում բացառվի անպատժելիությունը ռազմական հանցագործությունների և արգելված զենք օգտագործելու համար, նաեւ պնդում է, որ անհրաժեշտ է մարդասիրական օգնություն ցուցաբերել, առանց հապաղելու շարունակել բանտարկյալների և զոհերի փոխանակումը և շեշտում Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը պահպանելու անհրաժեշտությունը։

Հավելված 2

Արցախում (Լեռնային Ղարաբաղ) ցեղասպանության մասին հրատապ ահազանգ

Հավելված 3

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը Արցախից Հայաստան տեղահանված անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ։

Հավելված 4

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը Ադրբեջանի զինված հարձակումներից տուժած Հայաստանի Գեղարքունիքի մարզի գյուղերում փաստահավաք աշխատանքի վերաբերյալ։

Հավելված 5

Արտահերթ զեկույց՝ Հայաստանի և Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական ԱԹՍ-ների թիրախային հարձակումների վերաբերյալ՝ որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ:

Հավելված 6

Միջանկյալ զեկույց՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ (թարմացված՝ առ 28 հունվարի, 2021թ.)

Հավելված 7

Հատուկ զեկույց՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության մասին․ Ադրբեջանի կողմից վայրագության դեպքեր եւ ավերման վտանգ (անգլերեն)

Հավելված 8

Արտահերթ զեկույց` Արցախում (Լեռնային Ղարաբաղ) ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ Ադրբեջանի հարձակումների մասին (թողարկման ամսաթիվ՝ 18.12.2020)

Հավելված 9

Հատուկ զեկույց՝ էթնիկ հայերի հանդեպ Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքի եւ թշնամանքի մասին՝ որպես Ադրբեջանի զինված ուժերի կողմից կտտանքների եւ անմարդկային վերաբերմունքի իրականացման արմատական պատճառ (անգլերեն)

Հավելված 10

Հատուկ զեկույց` Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության դեմ Ադրբեջանի հարձակումներից տուժած երեխաների իրավունքների մասին

Հավելված 11

Հատուկ զեկույց՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ զանգվածային ոչնչացման պայթուցիկ նյութերի (լիցքավորվող զենք) կիրառման մասին (անգլերեն)

Հավելված 12

Հատուկ զեկույց՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու վրա Ադրբեջանի թիրախային հարձակումների մասին՝ որպես պատերազմական հանցագործություն եւ մարդկության դեմ ուղղված  հանցագործություն (անգլերեն)

Հավելված 13

2020թ․-ի սեպտեմբեր-հոկտեմբերին Արցախի բնակչության դեմ Ադրբեջանի վայրագությունների մասին երկրորդ միջանկյալ զեկույցը՝ թարմացված խմբագրմամբ

Հավելված 14

Արցախի բնակչության նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ զեկույց

ՀԱՊ քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728