«Պատերազմի ընթացքում մեր ազգը կենտրոնացել էր բայրաքթարների վրա, բոլոր տներում՝ կանայք, տղամարդիկ խոսում էին օդի բաց լինելու մասին: ԱԺ-ում մենք պատգամավորներով՝ վերեւում նստած մեր գործընկերների հետ առավոտից իրիկուն Ֆեյսբուքից դուրս չէինք գալիս, նայում էինք՝ ի՞նչ հնարավորություններ կան, ի՞նչ կարելի է բերել: Բայց դրա մասին պետք էր տարիներ շարունակ մտածել՝ առաջին հերթին գիտությունը բերելով բանակ»,- այսօր «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա ասաց, որ այսօր, երբ խոսում ենք օդի պաշտպանվածության մասին, հեռահար հրետանու մասին, քրգործեր են հարուցվում այն մարդկանց նկատմամբ, որոնց կոռումպացվածության, անտարբերության պատճառով մեր անվտանգային կարողությունները տկարացրել էին. «Երբ որ Էրդողանի փեսայի մասին եղան գրառումներ, ես զանգահարեցի ընկերոջս ու ասացի՝ մի հատ Արսենից ճշտի՝ MIT-ում սովորող իր տղան առնչություն ունեցե՞լ է այդ տղայի հետ, որը ԱԹՍ-ի հեղինակն է: Չէ՞ որ Բայրաքթարը լավագույնը չի աշխարհում, բայց այս պատերազմում դա մեզ ճնշելու մեծ կարողություն ցուցաբերեց: Դրա դեմ պատրա՞ստ էինք, 2016-ի պատերազմից դասեր քաղե՞լ ենք, չէ՞ որ այն ժամանակ դա տվեց հակառակորդին առավելություն, ու մենք դանդաղում էինք»:
Ըստ Քոչարյանի, ռազմարդյունաբերական մեր համալիրի ողջ կարողությունները պետք է վերանայել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ