Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաղանդավոր երիտասարդները գնում են արտասահման ու բարձր վարձատրվող աշխատանքով են զբաղվում եւ ճիշտ են անում». ԿԳՄՍ նախարար

Փետրվար 01,2021 13:47

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց. «Խոսում ենք անվտանգությունից: Իհարկե, հետպատերազմյան անկումային տրամադրությունները հասկանում ենք: Առաջին հերթին, անվտանգություն ասելով, հասկանում ենք ռազմատեխնիկա, զենք եւ այլն: Կա հումանիտար, հոգեւոր, գիտակցական անվտանգություն, դա ամենակարեւորն է: Մենք, անվտանգություն ասելով, պետք է հասկանանք ուժեղ միտք, ճիշտ գնահատական իրականությանը: Ինչքան էլ մեզ դուր չգա այսօրվա իրավիճակը, պետք է այնքան քաջություն, մտավորականին վայել սառնասրտություն ունենանք, որ դեպքերին տանք ճիշտ գնահատականը, ոչ թե հաճոյանանք այս կամ այն նպատակով: Սա լուրջ գիտություն է, ուզում եք անունը դրեք դիվանագիտություն, թե այլ գիտություն: Եթե մեր առջեւ խնդիր դնենք ռազմարդյունաբերություն այնքան ունենալ, որ աշխարհի հսկաների հետ հավասարը հավասարի պես խոսել, ես որեւէ պնդում չեմ անի այստեղ, բայց, կարծում եմ, մտածելու առիթ կա: Առանձին կոնկրետ ուղղություններում, այո, մենք կարող ենք գրանցել արդյունք, որ չի կարող հաջողվել գերտերություններին, որովհետեւ սա մտքի արդյունք է, մնացածը տնտեսական է: Միտքն անսահմանափակ է, կապ չունի մեր երկրի տարածքի հետ»:

Նախարարն ասաց, որ կրթական համակարգը շատ կարեւոր է ՝ հանրակրթությունը, բարձրագույն կրթությունը. «Առանց կրթված մարդկանց չի կարող լինել զարգացած տնտեսություն, ակնհայտ ճշմարտություն է: ԽՍՀՄ-ի ժամանակ կրթությունը եղել է անվճար, որովհետեւ այդ գումարը պետությունը տվել է: Այսօր մենք ի վիճակի չենք այդ ավանդույթը պահել: Դրա համար անցել ենք վճարովի տարբեր ծառայություններ մատուցելուն: Այսօր մեզ մոտ բուհերը դարձել են մի քանի տասնյակ, դա լուրջ չի: Այստեղ պետք է արվեն մի քանի քայլեր»:

Խոսելով գիտության ֆինանսավորման մասին՝ նախարարն ասաց, որ իհարկե, նման համեստ գումարի դեպքում հրաշքի մի սպասեք. «Ամեն ինչի սկիզբը երիտասարդներն են, պետք է ձգտում լինի, մրցակցություն լինի գիտնական դառնալու, դասախոս լինելու, բուհում աշխատելու, չկա այդ մրցակցությունը: Ունենք երիտասարդներ, բայց իրենք քիչ են: Ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, բայց նրանցից շատերը, բարձր գնահատվելով իրենց մասնագիտությամբ, գնում են արտասահման ու բարձր վարձատրվող աշխատանքով են զբաղվում եւ ճիշտ են անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728