Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական գործողությունների վայրերում որոնողական աշխատանքների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել է 1345 աճյուն

Փետրվար 01,2021 13:54

2021 թվականի հունվարի 24-ից հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 1070 կանչ: Նախորդ շաբաթվա համեմատ վերջին 7 օրվա ընթացքում կանչերի թիվն ավելացել է 175-ով: Փոխարենը նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարների և հրդեհների դեպքերը:

Արցախում տեղացած առատ ձյան պատճառով հանրապետության տարածքում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ ծառայությունը ստացել է 3 կանչ: ՃՏՊ հետևանքով տուժել է 1 քաղաքացի: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը տուժածին ցուցաբերել է առաջին օգնություն: ՃՏՊ հետևանքով ավտոմեքենան գլորվել է ձորը: Փրկարարները 15մ խորության վրա բարեհաջող իրականացրել են փրկարարական աշխատանք:

Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 7 դեպք, որից մեկը բնակելի շինությունում, մյուսները՝ սոցիալ-կենցաղային նշանակության շինություններում և բաց տարածքում: Հրշեջ փրկարարական հաշվարկները ժամանակին կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհներից տուժածներ չկան:

Զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց վնասազերծման կամ պահեստավորման գործընթացը շարունակվում է: Ծառայությունը վերջին 7 օրերի ընթացքում տարբեր տեսակի ռազմամթերքի հայտնաբերման վերաբերյալ ստացել է 35 կանչ: Փրկարար ծառայության սակրավորական ջոկատների հետ մեկտեղ, Արցախի տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու գործընթացին են կցվել նաև «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «Halo Trust» ոչ կառավարական ականազերծման կենտրոնը, ինչպես նաև ՌԴ ՊՆ սակրավորական ջոկատները:

Նշված ժամանակահատվածում գրանցված կենցաղային կանչերը 25-ն են: Հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանն օգնելուց բացի (դռան կամ վերելակի բացում, հիվանդի տեղափոխում, ջրամատակարարում և այլ տեխնիկական օգնություն), կատարել են նաև խորհրդատվություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից ծառայության ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում շարունակում են իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ: 2021 թվականի հունվարի 31-ի տվյալներով արդեն հայտնաբերվել է ընդհանուր 1345 աճյուն:

Անցած շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» հրամանագրում լրացում և փոփոխություններ կատարելու մասին:

Հրամանագրի համաձայն Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ներառվել է մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում: Ներքին գործերի նախարար է նշանակվել փ/ծ գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը: Արցախի Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ փ/ծ գնդապետ Մեխակ Արզումանյանը նշանակվել է ԱԻ պետական ծառայության տնօրեն:

ԱԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728