Այսօր «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ասաց. «Այսօր բոլորիս խնդիրն է գտնել այն լուծումները, որոնք հնարավորություն կտան ապագայում ունենալ ապահով, անվտանգ պետություն, տարածաշրջանում ամենաանվտանգ երկրներից մեկը, որի նկատմամբ առհասարակ ոտնձգություն իրականացնելու պարագայում ՀՀ-ն կլինի ամենավերջին պետությունը, որի նկատմամբ հարեւան պետությունները, առհասարակ որեւէ մեկը նման դրսեւորումներով հանդես կգա: Վերջին պատերազմը ցույց տվեց, որ մենք ունենք բազմաթիվ անելիքներ, պետք է որոշումներ կայացնենք ապագայի համար:
Մենք պետք է երազենք, եթե չկա երազանք, չի լինելու նաեւ թռիչք: Աշխարհում խոսում են 4-րդ, 5-րդ սերնդի զինատեսակների մասին: Առանձին զինատեսակներում մենք պետք է լինենք ամբիցիոզ ու չվախենանք մեր սեփական երազանքներից, գործենք ըստ այդմ: Միայն այդ ճանապարհով է, որ կկարողանանք բանակն արդիականացնել: Բանակի արդիականացումը, բանակի մեքենայացումն այլընտրանք չունի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ