Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար անհասկանալի են Շուշիում լիքը բաներ… Բաներ կան, որ իմ ուղեղում էլ չեն տեղավորվում». Արծրուն Հովհաննիսյան

Փետրվար 01,2021 12:49

«Ինձ համար անհասկանալի են Շուշիում լիքը բաներ: Ամսի 6-ին ես եղել եմ Շուշիում, դրանից հետո 7-ին, 8-ին եւ 9-ին տրամագծորեն մի քանի անգամ փոխվել է իրավիճակը Շուշիում՝ ըստ ՊՆ տեղեկությունների»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը, որը պատերազմի օրերին ՊՆ ներկայացուցիչն էր:
Նա վստահեցրեց, որ 44 օրերի ընթացքում տեղեկություն ստացել է բացառապես ՊՆ-ից, գլխավոր շտաբի օպերատիվից ու պաշտպանության բանակից. «Չկա պատերազմ, որտեղ չեն սխալվում, տեղեկատվության խզվածք չի առաջանում, ուսումնասիրել է պետք: Պատերազմից անցել է 3-4 ամիս, ես ամեն օր ուսումնասիրում եմ պատերազմի դրվագները՝ դրվագ առ դրվագ: Բայց բաներ կան, որ իմ ուղեղում էլ չեն տեղավորվում: Լիքը մարտական դրվագներ, լի՜քը»:

Հարց եղավ Աննա Հակոբյանի մասին, Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց. «Աննա Հակոբյանին պատերազմի ընթացքում մեկ վայրկյան անգամ չեմ տեսել: Այդ կեղծ նկարը, որը հրապարակվել է իմ մասով, դա ապատեղեկատվություն է: Նկարը հրապարակողները դա լավ գիտեն: Պահանջեք իրենցից, թող այդ նկարի նախորդող րոպեներն էլ հրապարակեն, կտեսնեք, որ կեղծ է»:

Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանեց, թե ինչպես է ստացվել, որ ինքը եղել է Ստեփանակերտի մամուլի կենտրոնում ու այնտեղից ասել է՝ ես այժմ գտնվում եմ Հադրութում, ու այստեղ ոչ մի ադրբեջանցի չկա. «Ես գիտեմ՝ ով է դա հայտարարել: Մարդը այդքան պրոֆեսիոնալ լինի ու այդքան վատ բան անի՞: Պարզ է, չէ՞, որ հեռախոսը անջատած՝ Հադրութում եմ եղել ու Ֆիզուլի, ու հասնելով Ստեփանակերտ՝ տվել եմ Հադրութի տեղեկությունը՝ 20 րոպե հետո: Ինչ է՝ ասելու էի՝ ես հիմա Հադրութում եմ ու արկը խփեր ինձ, որովհետեւ հեռախոսը միացրա՞ծ էի պահել: Տրամաբանական բաներ կան, ինչի՞ եք ուզում անպայման մարդկանց անհիմն մեղադրեք: Երբ որ ես հայտարարում էի, որ ես Քարվաճառով եկա, անցա, անվտանգ էր, ես գիտեի, որ անձամբ ինձ վրա որս կա կազմակերպված, հետախուզությունը տվեց ինձ տվյալներ, որ քեզ ուզում են խփեն: Երեք մեքենա եմ փոխել, հեռախոս եմ փոխել, հեռախոսս թողել եմ մեքենայի մեջ, ես լրիվ այլ ավտոյով եմ գնացել, որ չխոցեն ինձ: Պիտի անպայման մանրամասնե՞մ»:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ պատերազմի ընթացքում տեղեկատվության հոսքերը հակասական են եղել. «Ես կամավորականների մասին հակասական տեղեկություն ունեմ, ինքս էլ ականատես եմ եղել շատ տխուր բաների, որոնց մասին ձեռնպահ կմնամ ինչ-որ բան խոսելուց»:

Հարցին՝ ե՞րբ եք իմացել, որ պարտվում ենք՝ նա պատասխանեց. «Ես մինչեւ վերջին օրը, որպես զինվորական, պարտավոր էի հավատալ ու հավատում էի: Իմ հավատալու հիմքը կազմում էին այն նույն հերոսական տղաները, որոնց կենացները ամեն օր դուք խմում եք ու ասում եք, որ իրենք դուխով են կռվել, լավ են կռվել: Ես իրավունք չունեի իրենց չհավատալ, դա կանոնավոր զորքն է, միջին սպայական կազմը, իմ ամենօրյա ինֆորմացիայի աղբյուրը: Ամենօրյա հերոսությունների օրինակները իրենցից եմ վերցրել ես ու ներկայացրել»:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ճեպազրույցների ժամանակ, որ օրը եղել է ընկճված ու տխուր՝ կորցրած ընկերների պատճառով, կորցրած տարածքների պատճառով, անմիջապես ստացել է զանգեր զորքերից ու հատկապես այն տեղերից, որտեղ ծանր վիճակ է եղել. «Սպաներից ստացել եմ անդադար զանգեր, որ խնդրում ենք, եթե նույնիսկ վաղը իրիկունը պատերազմը պիտի կանգնի, առավոտ մեր զորքին քո տված ոգով տանում ենք մարտի, դուխ տուր, խնդրում ենք, այդպես մի՛ խոսա»:

Հարցին՝ ինքնախաբեությամբ չե՞նք զբաղվել՝ Արծրուն Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Ցույց տվեք մի պատերազմ, որտեղ պարտվող չկա, ու որտեղ պարտվող կողմը պատերազմի կեսից ասում է, որ պարտվում ենք: Եթե մի պատերազմ ինձ ցույց տաք այդ քարոզչական էլեմենտով, ես ներողություն կխնդրեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728