Արծրուն Հովհաննիսյանը, որը պատերազմի օրերին ՊՆ ներկայացուցիչն էր, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պարզաբանումներ ներկայացրեց հասարակության շրջանում ապատեղեկատվության վերաբերյալ:
Նա ասաց. «Ցավոք, մենք պարտվել ենք, եւ դա պետք է հանգամանալից ուսումնասիրել: Եթե որեւէ տեսակի քննություն կլինի, որը ինձ կառնչվի, ես պատրաստ եմ»:
Հարցին՝ դուք ձեզ մեղավոր զգո՞ւմ եք 44 օրերի ընթացքում կեղծ տեղեկատվություն տրամադրելու համար՝ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես կեղծ ինֆորմացիա չեմ տրամադրել»: Հարցին՝ բա ինչո՞ւ էինք այդ դեպքում «անընդհատ հաղթում», երբ պարզվեց, որ հակառակն է, պարտվել ենք՝ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Որեւէ բառ հիշո՞ւմ եք, որ ասել եմ հաղթում ենք: Հաստա՞տ: Ուշադիր եղեք: Ախր այնքան էմոցիոնալ եք, չեք վերլուծում որեւէ բան: Միջազգային մի կառույց պատերազմից մի ամիս հետո 44-օրյա պատերազմի ընթացքում իմ ամբողջ հայտարարությունները մանրամասն վերլուծել, տվել է ինձ: 400 հրապարակում եմ ունեցել 44 օրերի ընթացքում: Մոտավորապես 170 հրապարակում ունեցել եմ՝ «հաղթելու ենք», ոչ թե՝ «հաղթում ենք», տարբեր բաներ են , չէ՞, շատ, խիստ տարբեր: Մոտավորապես 160 հրապարակում եղել է, որ վիճակը շատ ծանր է, սա գոյության կռիվ է: Սթափեցնող է եղել: Օրեր են եղել, որ 3 անգամ հստակ ուղղության վրա նշված է եղել, որ վիճակը շատ ծանր է: Այսինքն, փորձագետներն իրենց գնահատականը տալիս են, թե քարոզչությունն ինչպես է իրականացվել ու շատ ճիշտ մասնաբաժիններով: Քանի որ մենք այսօր պարտվել ենք, բոլորիս համար շատ ծանր վիճակ է, դրանից հետո մենք անպայման ուզում ենք մեր մեջ գտնել դավաճանների: Շատ ցավում եմ, որ զինվորականներից եք ուզում դավաճան գտնեք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ