Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրին պետք են նոր քաղաքական հոսանքներ, խորքային մոդեռնիզացիայի նոր ծրագրեր. Վաղվա մասին մեր պատկերացումներն արդեն հին են. Վահե Հովհաննիսյան

Փետրվար 01,2021 12:34

Ե՞րբ են սկսելու մենք մեր մասին ճիշտը խոսել։ Դրսի աչքերով` մենք ունենք անմեղսունակ իշխանություն, որը քանդեց երկիրը և շարունակում է կառավարել։ Ունենք ժողովուրդ, որը դեռ չի արձագանքել իր հետ կատարվածին, չի հասկանում, որ հաջորդ պատերազմը հենց այս տարի կարող է լինել։ Ունենք ընդդիմադիր ինչ-որ հարթակ, որն ամբողջությամբ չի պատկերացնում իրականությունը, և ունենք ընտրություններ անցկացնելու գաղափար։

Մենք մեզ երբևէ հարց տվե՞լ ենք՝ ինչո՞ւ 17 –ի դաշինք, և ոչ, ասենք, 9-ի կամ 32-ի։ Այսինքն՝ ով այդ պահին կուսակցության կնիքը գրպանում ներկա է եղել ինչ-որ մի վայրում, այս պատմական կրիտիկական պահին կարող է ընդդիմադիր դաշինք կազմել և զբաղվել հայրենիքի փրկությամբ։

Նույնիսկ բայրաքթարը մեզ չբացատրեց, որ կուսակցությունն առաջին հերթին միտքն է, և ոչ՝ կնիքը, որի տերը ճիշտ պահին հագնում է պահարանից կախված կոստյումը, փողկապը, նստում սեղանի շուրջ ու փորձում հանրությանը բացատրել այն, ինչն ինքն էլ չի հասկանում։

17-ի, 9-ի, 32-ի, 48-ի մեջ ոչ մի տարբերություն չկա և չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք հասկացել, որ  մեր երկիրը լուրջ գաղափարների, տեսլականների, քաղաքական մտքի կարիք ունի։

17-ի ֆորմատում կա երկու-երեք գործիչ, որոնք  լավ հասկանում են այս ամենը։ Երկրին պետք են նոր քաղաքական հոսանքներ, նոր պատկերացումներ, խորքային մոդեռնիզացիայի նոր ծրագրեր։

Հին են ոչ միայն մեր պատկերացումները այսօրվա մասին, այլև՝ վաղվա։ Մենք անհուսորեն հետ ենք մնում։

Այդ պատճառով էլ բանակցում ենք կես մարդով, իսկ մեր տարածքային ամբողջականության մասին խոսում է Իրանի արտգործնախարարը։

Հայաստանում ամենակարևոր ներդրման տեղը նոր քաղաքական-հասարակական հոսանքներն են, որոնք պետք է ունենան մի քանի ելակետ՝ բացառել սուտը, լինել առաջադիմական, ի վիճակի լինել Հայաստանի համար մշակելու ռազմավարական նախագծեր, ունենան Հայաստանի ոլորտային զարգացման ծրագրեր,  համահայկական տեսլականներ։

Ընդամենը ամիսներ առաջ Հադրութից մինչև Տորոնտո հայկական աշխարհն ուներ միասնական իդեաներ, միասնական խնդիրներ։ Այլ հարց է՝ լա՞վ էինք աշխատում, թե՞ վատ։ Հիմա այդպիսիք չկան, և արհեստական իդեաներ հնարել հնարավոր չէ։ Հիմա մենք ընդհանրապես ոչ մի միավորող գաղափար չունենք։ Իսկ հաշվի առնելով մեր գենետիկ հակվածությանը արտագնա կյանքին՝ հեռանկարը հաշվարկելը դժվար չէ։ Հեռանկարը՝ չաշխատելու դեպքում։

Նոր քաղաքական հոսանքները մի քանի խումբ հարցերի շուրջ պետք է ձևավորվեն. ինչպե՞ս ունենալ կայուն երկարատև խաղաղություն, ինչպե՞ս լինել ավելի 21-րդ դարի պետություն՝ առաջ անցնելով հարևաններից, ի՞նչ ընդհանուր գաղափարներով միավորել հայկական աշխարհը։

Արագ, անիմաստ արտահերթ ընտրություններ

 Ո՞րն է արագ ընտրության իմաստը։ Ունե՞նք երաշխիք, որ մի դատարկ կառավարությունը չենք փոխարինի մեկ այլ ոչ էֆեկտիվ կառավարությամբ։Երկրում կա բովանդակային ընտրության անհրաժեշտություն, իսկ արագ ընտրության պարագայում մեծ է ռիսկը, որ ունենալու ենք արտահերթ քվեարկություն՝ արտահերթ ընտրությունների փոխարեն։

Երկարաժամկետ հեռանկարում մեր երկրին պետք է նոր որակի իշխանություն՝ նոր ծրագրերով, նոր ասելիքով։ Մի իշխանություն, որը սկիզբ կդնի Փաշինյանի գործած աղետից հետո երկրի երկարատև վերականգնմանը։

Իսկ կարճաժամկետ հեռանկարում մեզ պետք է անցումային կառավարություն, որը հրատապ խնդիրները կփորձի մեղմել ու պատրաստել բովանդակային ընտրություններ։

Ցանկացած արտահերթ ընտրություն խախտում է երկրի բնականոն կյանքը. ունե՞նք արդյոք մենք իրավունք՝ այսօր նման շռայլություն մեզ թույլ տալու։ Հրատապ խնդիրների ծավալը շատ մեծ է՝ գերիներ, փախստականներ, բանակցություններ, սահմաններ և այլն։ Մի կողմից՝ չի կարելի այս հարցերը թողնել այսօրվա Չվարչապետի վրա, մյուս կողմից՝ պետության համար շատ ռիսկային է արագ ընտրությունը։ Լավագույն լուծումը հանրային ճնշման մեծացմամբ ժամանակավոր կառավարությունն է։ Բայց այստեղ էլ պետք է ընդունել, որ կարող է լինել վերանայումների խնդիր՝ սկզբունքներից մինչև անձինք։

Հարցն ունի նաև ընդգծված բարոյական կողմ. երբ ունենք տասնյակ հազարավոր ընտանիքներ, որոնք անձնական ողբերգության շոկի մեջ են, երբ ունենք համընդհանուր ազգային շոկ, երբ պետական համակարգը շոկի մեջ է, երբ սուր հակամարտության ռիսկը դեռ խիստ բարձր է, արդյո՞ք կարելի է ընտրություն անցկացնել։

Այսքանով հանդերձ, քանի որ մենք գործ ունենք ՄԵԿ հոգու հետ, որը մտածում է միայն իրեն հայտնի արժեքներով և աթոռի համար ամեն  ինչի պատրաստ է, մենք էլ պետք է պատրաստ լինենք դրան՝ ՄԵԿ հոգուց երկիրը ազատելու համար։

Արդյո՞ք ունենք երաշխիք, որ անցումային կառավարությունը լինելու է շատ էֆեկտիվ.  ոչ, և ամենայն հավանականությամբ այդպիսին չի լինելու, բայց այն հաստատ լինելու է աշխատող և առնվազն կասեցնելու է պետության կազմաքանդումը։

Արդյո՞ք ունենք երաշխիք, որ անցումային կառավարությունը բանակցություններով լուծելու է բոլոր հարցերը. դժվար թե, բայց Հայաստանն այդ բանակցություններում չի ներկայանալու կես մարդով և կասեցնելու է մեզնից ամեն ինչ ստանալու՝ հակառակորդի առավելությունը։

Արդյո՞ք ունենք երաշխիք, որ նոր կառավարությունը որոշ ժամանակ անց հուսախաբ չի անելու. ոչ, չունենք, գուցե հենց այդպես էլ լինի, բայց դրա համար էլ այն անցումային է՝ իր հստակ խնդիրներով՝ կասեցնել երկրի փլուզումը և կազմակերպել ազատ, բովանդակային ընտրություններ։

Շարունակելի

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728