Լրահոս
Օրվա լրահոսը

Զարմացնում է այն փութաջանությունը եւ արագությունը, որով հայկական կողմը փորձում է Ադրբեջանի հետ հարաբերություններ կարգավորել. Աշոտ Ղուլյան (տեսանյութ)

Փետրվար 01,2021 12:19

Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը

Հունվարի 11-ին, Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմին չհաջողվեց լուծել գերիների եւ ռազմագերիների վերադարձի հարցը : Կա տեսակետ, որը բարձրաձայնեց Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում, որ այդ հարցը Ադրբեջանը Հայաստանի վրա ճնշումների եւ նոր տարածքային զիջումների համար է պահում: Ավելի վաղ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ ասաց, որ հայկական կողմը փնթի է աշխատել, ժամանակին եւ պատշաճ ցուցակներ չի ներկայացրել:

– Երեւի բազմաթիվ պատճառներ կարելի է բերել, թե ինչո՞ւ չի լուծվում այդ հարցը, բայց այդ շարքից գլխավորն այն է, որ նախնական պայմանավորվածությանը, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 9-ին, ապա՝ հունվարի 11-ին, վատ նախապատրաստված են եղել: Այն կետերը, որոնք վերաբերվում էին գերիների վերադարձին, նույնիսկ զոհված զինվորների աճյունների փոխանակելուն, այն կետերն էին, որ գոնե պետք է ֆիքսվեին կոնկրետ ժամկետներով: Իսկ ես վստահ եմ, որ այդպիսի ժամկետ սահմանելու հնարավորություն եղել է. գոնե վերջին պահին, երբ որ ամեն ինչ պատրաստ էր ստորագրության, կարելի էր այդ ժամկետները սահմանել, որպեսզի հետագայում նման խնդիրներ չծագեին:

Այնուամենայնիվ, այդ հայտարարությունները կան, գործում են ըստ ժամկետների եւ ամեն ինչ կարծես կատարվել է`առանց հումանիտար խնդիրների: Բնական է, որ ամենաշահագրգիռ կողմը մենք ենք, բայց բոլոր կառույցները, որոնք ներգրավված են եղել այդպիսի պայմանավորվածությունների ձեռքբերմանը` եւ ՌԴ-ի կողմից, ե՛ւ հետագայում Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, պետք է առաջին հերթին ուղղված լինեին հենց այդ խնդրի իրականացմանը: Կարծում եմ պատահական չէ, որ երեկ (փետրվարի 28-ին- Ն. Գ.) ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիմնական շեշտադրումն արեց այդ կետի վրա, որ ամենաճիշտ տարբերակը, երևի, այն է, որ գերիները փոխանակվեն`բոլորը բոլորի դիմաց սկզբունքով:

– Սահմանային ճշգրտումների եւ անվտանգային հարցերը, Ձեր կարծիքով, ինչո՞ւ հրատապ լուծում չեն ստանում: Դրանք անընդհատ նոր խնդիրներ են ստեղծում`կորուստներ, սպառնալիքներ:

– Երեւի այդ հարցերը ճիշտ կլինի ուղղել մարդկանց, ովքեր պատասխանատու են նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի կատարման համար: Բայց բնական է, որ կողքից դիտելով շատ ակնհայտ երեւում է, որ նույնիսկ այս բոլոր կարեւոր կենսագործունեություն ապահովող կետերում, մենք մինչեւ վերջ արված պայմանավորվածություն չունենք: Ակնհայտ է, որ կարգավիճակի մասին, սահմանների մասին խոսք չի եղել եւ արդեն բազմաթիվ անգամ նշվել է, նաեւ ՌԴ ԱԳ նախարարն է այդ մասին խոսել` հաշվի առնելով, որ կարգավիճակի հարցն այս պահին խնդրահարույց է, որոշում է ընդունվել`շրջանցել այն`թողնելով ապագային: Բայց, կարծում եմ, այդ շատ քիչ կոնկրետություն պարունակող խոսույթի մեջ պետք է գտնել այն կետերը, որից պետք է սկսել գործունեությունը: Վստահ եմ շատերը հիշում են, որ ՌԴ նախագահը իր տարեվերջյան ասուլիսի ժամանակ այդ շեշտադրումը արեց, որ պայմանավորվածություն ձեռք բերելու ընթացքում, որոշվել է, որ կարգավիճակի հարցն այս պահին չի լուծվում եւ մենք կանգնում ենք այն կետերի վրա, որտեղ կանք: Ավելի ճիշտ`հիմք է ընդունվում այն կարգավիճակը, որն այսօր կա: Նշանակում է, հիմք է ընդունվում այն կարգավիճակը, որ այսօր ԱՀ-ն փաստացի իր ինքնիշխանությունը հայտարարած, հռչակած պետություն է, բայց միջազգայնորեն չճանաչված, որից հետո ճանապարհ է բացվում դեպի այդ խնդիրների կարգավորում`իրավական, քաղաքական պայմանավորվածությունների միջոցով: Եվ, ինձ թվում է, որ բոլոր առաջիկա խորհրդակցությունների, խորհրդատվությունների ընթացքում, հաշվի առնելով, որ նաեւ սպասվում է Մինսկի խմբի համանախագահների այցը, անպայման պետք է այս խնդիրների շուրջ որոշակի կոնկրետություն փորձել մտցնել:

Գիտեք, մի կողմից այս անհրաժեշտությունը կա, բայց, մյուս կողմից էլ, ես կարծում եմ, որ իսկապես, այսօր այն բանակցային միջավայրը չէ`մեզ համար նպաստավոր ստեղծված, որի ընթացքում մենք կարող ենք ստանալ կարգավիճակի, անվտանգության, սահմանների առումով նպաստավոր լուծումներ: Հետեւաբար, այս խնդիրները պարզապես պետք է ֆիքսել օրակարգում, սա իմ անձնական կարծիքն է, եւ փորձել դրա շուրջ թարմացնել եւ առաջ տանել, նախկինում մեր մշակած հիմնավորումները:

– Շատերը կարծում են, որ բանակցողները`ՀՀ եւ ԱՀ ներկայիս իշխանությունները, ի զորու չեն այդ խնդիրները լուծել: Ձեր մոտեցումը ո՞րն է:

– Իհարկե, մենք ունենք ելակետային շատ բացասական միջավայր, որովհետեւ այն, ինչ տեղի է ունեցել պատերազմից անմիջապես հետո` հայտնի եռակողմ հայտարարությունը ստորագրելով, դրա մեջ բազմաթիվ խնդրահարույց դրույթներ թողելով, մեզ համար ոչ նպաստավոր պայմանավորվածություններ հաստատելով եւ այլն, սա խոսում է այն մասին, որ մենք բարենպաստ պայմաններ չունենք այդ նույն բանակցությունները շարունակելու: Բայց հետագա ընթացքը պետք է նաեւ ցույց տա, թե ինչպիսի՞ եզրակացություններ են արվել այդ ոչ բարենպաստ պայմաններում այդպիսի համաձայնությունների գնալուց: Պարզ է, որ գործընթացը դեռ շարունակում է ընդհատված մնալ, բայց այն, ինչը որ տեղի է ունեցել հունվարի 11-ին, ձեր նշած գերիների հարցում եւ մյուս հումանիտար խնդիրներով նույնպես պայմանավորվածությունների չհանգելը, նույնպես հաստատում է ձեր ասածը, որ մենք այս պահին ունենք ոչ պրոֆեսիոնալ, եւ գուցե, ընդհանուր պայմանավորվածությունների տեսլականն ամբողջությամբ չպատկերացնող բանակցողներ:

– Նոյեմբերի 9-ի համաձայնագրի եզրահանգումներից մեկն էլ, համենայնդեպս, Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչների համար, հետեւյալն է` Ադրբեջանի հետ պետք է խոսել դիվանագիտական եւ առեւտրատնտեսական հարաբերությունների մասին: Այս իրավիճակում հայկական պետություններ ի՞նչ կշահեն Ադրբեջանի հետ դիվանագիտական եւ առեւտրատնտեսական հարաբերություններից:

-Ինձ զարմացնում է այն փութաջանությունը եւ արագությունը, որով որ հայկական կողմից փորձ է արվում բոլոր հարցերի շուրջ գնալ բանակցությունների եւ պայմանավորվածությունների ձեռքբերման, որովհետեւ, մենք գտնվում ենք հոգեբանական, քաղաքական, շատ պարզ, մարդկային զգացմունքների մի մթնոլորտում, երբ ամեն ինչ դեռ շատ թարմ է. մենք մոտ 5 հազար զոհ ունենք, մոտ 10 հազար վիրավոր, բազմաթիվ անհայտ կորածներ: Այսինքն, երեւի հազարավոր ընտանիքներ, որտեղ այս պատերազմի թողած վերքերը դեռ թարմ են: Նման պայմաններում փորձել շատ արագ այդպիսի հաշտության, համաձայնության եզրեր գտնել, մի քիչ զարմանալի է:

Բոլոր, նախկինում տեղի ունեցած հարաբերությունները, նույնիսկ 1994-ին, մեր կողմից հրադադարի ստորագրումից հետո, տեղի են ունեցել բնականոն ձեւով. որոշակի ժամանակ է անցել այդ համաձայնությունները ձեռք բերելուց հետո եւ նույնիսկ միջազգային կառույցների կողմից փորձ է արվել չշտապեցնել եւ մարդկային, գործընկերային հարաբերություններ ձեւավորել, նույնիսկ բանակցություններում քայլ առ քայլ, փոքր քայլերով գնալ ինչ-որ բաների: Այն, ինչը որ տեղի է ունենում հիմա, սա մի քիչ դուրս է դասական կանոններից եւ, կարծում եմ, դրա հետեւանքներից մեկն էլ այն է, որ մենք Սյունիքում էլ ունեցանք բացասական երեւույթներ եւ զարգացումներ: Նույնիսկ խաղաղ պայմաններում, հարեւան պետությունների միջեւ սահմանային հարցերի որոշումը տեղի է ունենում շատ լուրջ բանավեճերից եւ քննարկումներից հետո:

Ակնհայտ է, որ եթե մենք այդ գործընթացներին արհեստականորեն արագացում ենք պարտադրում`ավելի շատ է սխալվելու հավանականությունը եւ ավելի մեծ է բացասական հետեւանքներ ունենալու հնարավորությունը:

Թե ինչո՞ւ Արցախում քաղաքական կոնսենսուս չի կայանում, ի՞նչ պայմանավորվածություններ է խախտել Արայիկ Հարությունյանը`մանրամասները`տեսանյութում:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728