Փետրվարի 1-ին ամփոփվեցին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության այցերը՝ ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ:
Հանդիպումների ընթացքում մասնավորապես անդրադարձ եղավ օպերատիվ շտաբի կազմակերպչական հարցերին և շտաբի հետագա կարգավիճակին: Առանձնացվեցին մի շարք հարցեր, որոնք պահանջում են օրենսդրական լուծումներ (հողի հարկի, գույքի հարկի մասին և այլ հարցեր):
«Օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեցող հարցերը լուծում կստանան արդեն իսկ փետրվար ամսվա ընթացքում, իսկ այն հարցերը, որոնք պետք է լուծվեն կառավարության որոշումներով, Ազգային ժողովի կողմից կներկայացվի ԱՀ կառավարությանը՝ ընդունելու համապատասխան որոշումներ: Կառավարությունը առավելապես հետամուտ կլինի Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի՝ նախկինում տնտեսավարող սուբյեկտներին վերաբերող որոշումների հանդեպ»,-իր խոսքում նշել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանն ներկայացրել է շտաբում իրականացվող աշխատանքները և անդրադարձել շտաբի կողմից իրականացվելիք նախաձեռնություններին:
Կարդացեք նաև
Նախօրեին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը կրկին ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբում էր: Հանդիպումը Հադրութի մանկապատանեական ստեղծագործական կենտրոնի անձնակազմի հետ էր:
Ներկաները ողջունել են նման նախաձեռնությունը և ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աջակցությունը՝ կենտրոնի աշխատանքները նորից վերսկսելու և երեխաների ստեղծագործական կյանքի նոր վերածնունդն ապահովելու գործում:
Կենտրոնում ընդգրկված են ոչ միայն Հադրութի, այլև Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքների երեխաները:
«Մեծ և անգնահատելի է կենտրոնի դերը հետպատերազմյան փուլում նոր սերունդներին գեղագիտական դաստիարակություն տալու, ազգայինը սերմանելու, հոգևոր, մշակութային և պատմական արժեքները քարոզելու և պահպանելու գործում»,- իր խոսքում նշել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և հույս հայտնել, որ առաջիկայում երեխաները հնարավորություն կունենան իրենց աշխատանքները ներկայացնելու կենտրոնի կողմից կազմակերպված ցուցահանդես-վաճառքին:
Օգտվելով առիթից` Հադրութի մանկապատանեական ստեղծագործական կենտրոնի անձնակազմը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանին՝ նման հնարավորություն ընձեռելու և շտաբի ներսում կենտրոնին նույնպես տեղ հատկացնելու համար:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
լրատվության և հանրության հետ կապերի բաժին