Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինձ հերոս պետք չէ, ինձ իմ տղան է պետք»

Փետրվար 01,2021 13:30

Մայրն ասել է որդուն` Աշոտ, ասա, որ անպայման կգաս։ Իսկ Աշոտը պատասխանել է` կաշխատեմ, մամ ջան…

«Ես Աշոտին տեսել եմ սեպտեմբերի 30-ին։ 5 օր դիրքերում մնացինք, պահեցինք, հետո հետ նահանջ տվեցինք ու եկանք Ջեբրայիլ, որտեղ 1 օր մնացինք, այնուհետեւ բոլորիս տարան Հադրութ։ Այնտեղ հրամանատարների տներ կային` մեծ շենքեր, դրանց նկուղում մնացինք։

Առավոտ վաղ էլ գնացինք Հադրութ։ Մենք ոտքով էինք գնում, հեռադիտակ չունեինք, Աշոտի զենքի վրայի հեռադիտակով էինք նայում։

Այդ ժամանակվանից հետո Աշոտին չեմ տեսել»,-«Առավոտի» հետ զրույցում պատմում է Աշոտի զինընկեր Տիգրան Գրիգորյանը։ Նա 5 օր է եղել Աշոտի հետ դիրքերում, շփվել, մտերմացել:

Ամիսներ են անցել, սակայն արցախաադրբեջանական 44-օրյա պատերազմի վերքերը դեռ թարմ են: Զոհված հետախույզ-դիպուկահար Աշոտ Մելիքսեթյանի հարազատներն ու զինընկերը Աշոտի սխրագործությունները չեն մոռանում, ուզում են պատմել, որ եկող սերունդներն էլ լսեն ու օրինակ վերցնեն։ Տիգրանն ասում է, որ հաճախ էր հարցնում Աշոտին` դու չափահա՞ս ես, որովհետեւ իր տարիքից փոքր էր երեւում։ Պատերազմը վերջացել է, ամիսներ անց իմացել է, որ Աշոտն էլ չկա: Ասում է համացանցից է տեղեկացել Աշոտի զոհվելու մասին ու շատ տխրել. «Շատ զինվորներ կային, թե ո՞ւր գնացին, ի՞նչ եղան, չգիտեմ։ Մի բան հաստատ կարող եմ ասել` մեր կռվող տղաները շատ համարձակ էին, նույնիսկ իրենք էին մեզ ոգեւորում, հուսադրում ու ուժ տալիս»:

Տիգրանի խոսքով պատերազմի ժամանակ շատ ընկերներ է կորցրել:


«Աշոտը քրոջս որդին էր: Հրաշալի մի տղա, անչափ բարի, ժպտերես, խելոք ու համեստ: Սիրված էր բոլորի կողմից։ Երբ դպրոցն ավարտեց, ուզում էր ստոմատոլոգ դառնալ, հետո որոշեց, որ ծառայությունը կվերջացնի, այնուհետեւ անպայման կսովորի։ Անչափ ուրախ էինք նրա լույս աշխարհ գալուց, հորս անուն էր կրում` Աշոտ: Մեր ձեռքերում է մեծացել։ Դեռ մանկուց շատ խելոք ու հասկացող երեխա էր»,-մեզ հետ զրույցում ասում է Աշոտի մորաքույրը` Տիրուհի Բուդաղյանը։

Աշոտը ծառայության է մեկնել 2019 թվականի դեկտեմբերի 16-ին, ծառայել է Ջեբրայիլում։ Հարազատների խոսքով, երբեք չի դժգոհել ծառայությունից, ասում էր` ամեն ինչ լավ է։ Սեպտեմբերի 1-ից տեղափոխվել էր Ստեփանավան` վերապատրաստման դասընթացների։ «Մինչեւ դեկտեմբեր պետք է մնար Հայաստանում, անչափ ուրախ էինք, բայց սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Մտածում էինք՝ իրեն չեն տանի, բայց հաջորդ օրը` սեպտեմբերի 28-ին, իմացանք, որ արդեն ճանապարհին է, տարել էին Ջեբրայիլ, բայց հոր հետ խոսելիս չէր ասել։ Հետո հայրը որոշեց, որ պետք է կամավոր մեկնի, բայց Աշոտս շատ էր խնդրել, որ հայրն այդպիսի բան չանի։ Ամեն օր աղոթում էինք, աղաչում, որ նա անփորձանք լինի։ Ամեն օրը սկսվում էր նույն բառով` Աշոտը զանգե՞լ է, եւ երբ լսում էինք դրական պատասխան`փառք էինք տալիս Աստծուն ու նորից սպասում հաջորդ զանգին»,-պատմում է մորաքույրը։ Վերջին անգամ Աշոտի ձայնը լսել են հոկտեմբերի 27-ին։ Մորաքույրն ասում է, որ դժվարությամբ էին խոսում, արցունքները չէին թողնում։ Մի անգամ խոսելու ժամանակ էլ ասել է` Աշ ջան, դիմացի, լավ կլինի։ Հիշում է` վերջին խոսակցության ժամանակ բոլորի հետ խոսել է ու հորը` Արտյոմին ասել` պապ մի քանի օր չեմ զանգելու, գնում եմ դիրքեր, կապ չկա։ Այդ օրվանից հետո էլ լուր չեն ստացել, այդքան սպասված զանգը այդպես էլ չի եղել:

«Սկսվեց իսկական մղձավանջը, աննկարագրելի էր։ Դե քանի որ ասել էր` 3 օր չէր զանգելու, այդ 3 օրը սպասեցինք։ 3 օրն անցավ, բայց լուր չկար, սկսվեց անհանգստությունը։ Հայրը սկսել էր փնտրել։ Զանգերի միջոցով ասել էին` վիրավոր է։ Բոլոր հիվանդանոցներում փնտրեցին, չկար ոչ մի տեղ: Քույրս չէր կարողանում խոսել հետը, մի անգամ էր խոսել ու ասել ` Աշ, ասա, որ անպայման կգաս ինձ համար։ 1 րոպե լուռ էր մնացել, հետո ասել` կաշխատեմ, մամ ջան…»,- պատմում է Տիրուհին ու ասում, որ քույրը չէր թողում, որ որեւէ մեկը լաց լինի, ասում էր` իմ տղան ողջ է, սիրտս զգում է։

Հավատում էին, աղոթում, աղաչում, որ իրենց լույսը հետ գա։ Հայրն ամեն օր փնտրում էր, ամեն տեղ` բոլոր զոհվածների ու վիրավորների մեջ։ Որոշ ժամանակ անց լուր են ստացել, որ որտեղ ծառայել է Աշոտը` այդտեղ կատաղի մարտ է եղել, բոլորը զոհվել են։ Ավելի ուշ ասել են, որ մի քանիսը անտառի կողմ են փախչել. «Դե քանի որ զոհերի մեջ էլի չկար իր անունը, սկսել էինք հույսով ապրել ու այդպես սպասեցինք 75 օր։ Հավատացինք ամեն երազի, շատ մարդիկ` ծանոթ-անծանոթ երազներ էին տեսնում ու ասում, որ անպայման գալու է։ Հավատում էինք, շատ էինք հավատում։ Այդ ընթացքում հայրը 2 անգամ ԴՆԹ անալիզ էր հանձնել։ Այդ մի քանի ժամը էլի աղաչեցինք, որ սխալմունք լինի, բայց հաստատվեց։ Հունվարի 10-ի երեկոյան զանգահարել էին եւ ասել, որ ԴՆԹ-ն համապատասխանում է, առավոտյան կանչել էին ճանաչելու։ Պարզվեց` զոհվել է հոկտեմբերի 28-ին։

Հիմա ամեն ինչ փոխվել է մեր կյանքում, էլ ոչինչ առաջվանը չի լինի։

Երբ քրոջս ասում են, որ նա հերոսի մայր է, արցունքոտ աչքերով պատասխանում է` ինձ հերոս պետք չէ, ինձ իմ տղան է պետք։

Ես Հայաստան եկա այդ դաժան լուրն իմանալու հաջորդ օրը ու տեսա ցավից կռացած պապիկներին, ողբացող տատիկներին, 20 տարով ծերացած հորն ու մի բուռ դարձած մորը։ Երանի չտեսնեի, ամեն ինչ կտայի` միայն հարազատներիս այդքան վշտացած չտեսնեի…»:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728