Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ կռիվը միայն մշակութային դաշտում է»

Փետրվար 01,2021 12:30

Հայտարարում է փողային ժողնվագարանների կատարող եւ գիտակ, ՀՀ վաստակավոր արտիստ Լեւոն Թեւանյանը

Հին ժամանակներից սկիզբ առնող հայկական ժողովրդական երաժշտությունը պետականորեն ընդգրկում է ավելի քան երեք հազարամյակ։

Ժամանակին «Առավոտի» հետ զրույցում անվանի ֆոլկլորագետ Մարգարիտ Բրուտյանը նշել էր, որ ժողերաժշտության նկատմամբ գիտականորեն պատմության սկիզբը կամ ծնունդը կարելի է համարել մ.թ.ա. 20-18 դարերը։

Տիկին Բրուտյանը հայկական ժողարվեստը ադրբեջանցիների կողմից «սեփականաշնորհելու» առիթով էլ նշել էր, որ այդ ցեղը իր ժողարվեստով երբեք չի կարող համեմատվել հայերի հետ, քանի որ մենք ունենք փաստեր, այդ թվում՝ ժայռապատկերներ, որտեղ պարզ երեւում են հնագետների կողմից հայտնաբերված մեր հնադարյան երաժշտական գործիքները։

Նա հատուկ նշել էր նաեւ հին գրավոր (հիմնականում սեպագիր) հուշարձանները, որոնք ոչ ավել-ոչ պակաս պատմում են այս կամ այն իրադարձությունների, արարողությունների եւ գործողությունների մասին, որոնք ուղեկցվում էին երաժշտությամբ։

Վերջին շրջանում հաճախ է խոսվում մեր կողմից երբեմն ժողերաժշտարվեստում տեղ գտած աղավաղումների մասին։

Մեր հյուրը փողային բոլոր ժողգործիքների (բլուլ, շվի, թավ շվի, դուդուկ, պկու, պարկապզուկ, զուռնա) ոչ միայն բարձրարվեստ կատարող, այլեւ տասը տարի առաջ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ժողգործիքների «Ֆոլկ-մոդեռն» անսամբլի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, վաստակավոր արտիստ Լեւոն Թեւանյանն է։ Մինչ անսամբլին անդրադառնալը նշենք, որ արվեստագետը ժամանակին հանդես է եկել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում, եվրոպական երկրներում, Ռուսաստանում, Միացյալ Էմիրություններում, Ավստրալիայում եւ այլն, եւ, ինչպես կատակում են նրա գործընկերները՝ հյուրախաղային գրաֆիկից բացակայում է միայն Աֆրիկան։ Երաժիշտը համագործակցել է նաեւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ եւ Ռիգայի սիմֆոնիկ նվագախմբերի հետ։

Երեւանյան համերգներում նրան հանդիպել ենք իբրեւ ջազ դաշնակահար։ Այս երաժշտի մասին խոսելիս երաժշտագետները հատկապես նշում են նրա նվագացանկը, որն ընդգրկում է հեթանոսական շրջանից մինչեւ մերօրյա կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Բոլորիս քաջածանոթ է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, որի երաժշտության թավ շվիի պարտիան կատարում է Լեւոն Թեւանյանը։

Մեզ հետ զրույցում ժողովրդական երաժշտությանը շատ զգույշ մոտենալու առիթով արվեստագետը, համակարծիք լինելով այդ մտքի հետ, ասաց, որ մեր երկրում ոչ միայն ժողերաժշտարվեստը, այլեւ ազգային արվեստի պրոպագանդումն ընդհանրապես պետք է ունենա պետական հովանավորություն, շեշտելով, թե շատ բան արվում է անհատների ջանքերի շնորհիվ։

Ինչ վերաբերում է իր ղեկավարած «Ֆոլկ- մոդեռն» անսամբլին, դիտարկմանը, թե կարելի է ենթադրել ինչ ջանքեր են պահանջվում ժողովրդական գոհարները մատուցել մոդեռն ոճում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ի սկզբանե մեր կարգախոսն է եղել «խոսում են նվագարանները»։ Տեսեք, յուրաքանչյուր գործիք իր մենանվագի ժամանակ ներկայացնում կամ պարզապես պատմում է նաեւ իր ապրումների մասին։ Եթե դուք լրագրողական հետաքննություն անցկացնեք, ապա համոզված եմ՝ կարձանագրեք, թե հայաստանյան TV-ները մեկ ամսվա կտրվածքով ազգային արվեստը ներկայացնող թվով քանի հաղորդում են հեռարձակում։ Հավաստիացնում եմ, որ դա կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա»։ Հիշեցինք տասը տարի առաջ «Արամ Խաչատրյան» համերգասրահում անսամբլի առաջին մեծ համերգի մասին։ Տարիներ անց էլ ղեկավարին փոխանցեցինք այդ երեկոյին ներկա մեկ-երկու երաժշտագետների կարծիքը, թե՝ բրավո, Թեւանյան, փաստորեն նա առանց երգիչների կարողացավ պահել եւ պարզապես չհոգնեցնել հանդիսատեսին միայն նվագախմբային երաժշտություն մատուցելով։ «Իհարկե, հաճելի է լսել, բայց մեր արվեստին ծանոթ մասնագետներն ու պրոֆեսիոնալ հանդիսատեսը գիտեն, որ «Ֆոլկ-մոդեռնի» ներկայացրած ցանկացած ստեղծագործության մեջ կա ֆիլմերին հատուկ սցենար։ Այսինքն՝ երգարվեստին հատուկ տուն-կրկներգ ձեւաչափով չենք ներկայացնում եւ մոդեռն ոճում չենք աղավաղում մեղեդային գիծը։ Օրինակ, Կոմիտաս մատուցելիս վերցնում ենք Վարդապետի յոթ ստեղծագործություն, այդ թվում՝ «Չինար ես», «Գարուն ա», «Երկինքն ամպել ա» եւ այլն, եւ փորձում ենք մեկը մյուսին անցնելով ոչ միայն չխախտվի ներդաշնակությունը, հարմոնիան, այլեւ սցենարային գիծը։ Կրկնում եմ՝ գլխավոր թեմային կամ թեմաներին, այսպես ասած՝ պարզապես չենք կպնում»։

Հարցին, թե գիտենք, որ նաեւ երաժշտություն եք գրում ֆիլմերի համար, մեր զրուցակիցը հայտնեց, որ հեղինակ է 7 գեղարվեստական ֆիլմերի երաժշտության, այդ թվում՝ կինոռեժիսորներ Արման Չիլինգարյանի «Եվ յոթերորդ օրը», կանադաբնակ Տաթեւիկ Գալստյանի «Հակոբը պատրաստ է», Տարոն Պետրոսյանի «Կոմա», Բոգդան Աթանեսյանի «Ցորյանի ծովերը» եւ այլն։

Զրույցի ընթացքում նա հավաստիացրեց, որ հասկանալի պատճառով շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո «Ֆոլկ-մոդեռնը» նորացված ծրագրով երաժշտասերին կներկայանա գարնանը։ Հետաքրքրությանը, թե ի՞նչ նոր համարներ են պատրաստվում, Լեւոն Թեւանյանը շրջանցելով հարցը, «գեղարվեստորեն» պատասխանեց. «Մոլախոտը խնամքի կարիք չունի։ Բայց, օրինակ՝ վարդը խնամքի կարիք ունի, չէ՞։ Մեր ազգային մշակույթն էլ մի ծաղիկ է, որը ուշադրության եւ, առանց չափազանցության՝ փայփայման կարիք ունի»։ Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե ի՞նչ կարծիքի է վերջերս Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արտյոմ Նաղդյանի մասին, Լեւոն Թեւանյանն ընդամենն ասաց. «Մինչ տնօրենի պաշտոնում նշանակվելը, Արտյոմ Նաղդյանին ճանաչում եմ որպես բարձրարվեստ երաժշտի՝ թավջութակահարի, ունի արվեստագետին այնքան անհրաժեշտ մտքի թռիչք, ճկունություն։ Համոզված եմ, որ մեզ սպասվում է արդյունավետ համագործակցություն»։

Զրույցի ընթացքում խոսք գնաց նաեւ երկրում տիրող քաղաքական վայրիվերումների մասին, ինչի առիթով մեր զրուցակիցն ասաց. «Իմ կռիվը միայն մշակութային դաշտում է»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Փորձեք կռվել, նաև, հանուն մեր դասական կոմպոզիտորների համար, որոնցից շատերը մոռացված են … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728