Ասում է «Իմ քայլի» պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը
«Ամոթ իրեն։ Ես սա ասում եմ այն գյումրեցիների անունից, որոնք այդ ակցիան իրականացրել են։ Նրանց անունից եմ ամոթանք տալիս»,-«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ վերջերս իր ճանապարհը փակած շիրակցիներին «բոմժ» անվանելու միջադեպին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը։ Նրա խոսքով. «Այդ մարդիկ, որքանով ես եմ տեղյակ, ցանկացել են հարցեր տալ Վազգեն Մանուկյանին, խոսել։
Արդյունքում Վազգեն Մանուկյանը փախել է դաշտամիջով, չգիտեմ որտեղով։ Փախնելուց հետո գնացել է մի տաքուկ անկյուն է գտել եւ սկսել այդ մարդկանց «բոմժ» անվանել։ Դա դաս կլինի նրան, որ հաջորդ անգամ Գյումրի գալիս առնվազն «կասկով» գա։ Որովհետեւ այդ անգամ գուցե չհաջողվի փախնել»։
Իսկ թե ինչ դիրքորոշում ունի «Հայրենիքի փրկության շարժման» քաղաքական օրակարգի՝ վարչապետի հրաժարանի եւ ժամանակավոր կառավարության ստեղծման մասին, Կարեն Սարուխանյանը նշեց. «30 տարի երկիրը թալանածների, կոռուպցիա, հարստություն ձեռքբերածների ասածն է դա։ Ես ի՞նչ ասեմ։ Միայն ասեմ, որ իրավունք ունեն անելու, թող անեն։ Այսօր էլ ժողովուրդն իր ձայնն ասում է, եւ կգա ժամանակը, ժողովուրդն իր սահմանադրական իրավունքը կիրացնի»։
Կարդացեք նաև
Կարեն Սարուխանյանը կարծում է, որ հետպատերազմյան իրավիճակն ակտիվացրել է այն մարդկանց, որոնք այս 2,5 տարում ամեն ինչ արել են՝ ռեւանշի հասնելու, իշխանությունը վերադարձնելու համար. «Հիմա այս իրավիճակն իրենց ավելի է ակտիվացրել, որովհետեւ մենք խնդիրներ ունենք, գերիների հարց, զոհվածներ, անհետ կորածներ։ Հիմա այդ մարդիկ այս ամենը փորձում են շահարկել քաղաքական նպատակով, այն է՝ վերադառնալ նախկին լափամանի շուրջը»։
Հարցին ի պատասխան, թե միթե իշխանությունը պատերազմի հետեւանքներում որեւէ թերություն թույլ չի տվել, մեր զրուցակիցը նշեց. «Թերություններ միշտ են լինում։ Իմ կարծիքով՝ պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով, լիարժեք ուսումնասիրություն կատարվի եւ հանրությանը ներկայացվի, թե ով, որտեղ եւ ինչպես է թերացել։ Բայց այն, որ հիմա որոշ չակերտավոր քաղաքական գործիչները հենց պատերազմի օրերին դիրքերից փախել են, կամ «Նիվաներով» գնացել են դիրքեր, սակայն տեղ չեն հասել, բարձր ամբիոններից խոսում են իշխանության մասին։ Ցավոք, դա փաստ է»։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը, ով Գյումրիում կատարվածը կազմակերպված է համարում, օրերս Արարատ այցի ժամանակ անդրադարձել էր գյումրեցիների հասցեին իր թույլ տված արտահայտությանը եւ նշել. «Որոշ քաղաքացիներ բոլոր իշխանությունների ժամանակ էլ շահից ելնելով խուժանություն են անում ընդդիմության դեմ: Դրանք այդ մարդիկ էին, եւ ես նրանց անվանեցի այնպես, ինչպես արդեն գիտեք։ Այո, ես ասել եմ, հետո բոմժերից ներողություն եմ խնդրել ասելու համար, որովհետեւ անօթեւան մարդկանց եմ վիրավորել` համեմատելով նրանց հետ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.01.2021