Լրահոս
Օրվա լրահոսը

Ապաշրջափակման եւ Ադրբեջանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների մասին խոսել է Ռոբերտ Քոչարյանը. Մարսել Պետրոսյան

Հունվար 31,2021 22:09

Aravot.am-ի զրուցակիցն է «Միասնական Հայրենիք» կուսակցության անդամ, Արցախի խորհրդարանի պատգամավոր Մարսել Պետրոսյանը

– Հայաստանում Անվտանգության խորհրդի մի քանի ընդլայնված նիստ կայացավ, որոնց արցախցի պաշտոնյաներ մասնակցում էին, սակայն, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ներկա չէր: Սա, Ձեր կարծիքով, ինչի՞ մասին է խոսում:

– Նախ` ոչ թե պաշտոնյաներ են մասնակցել, այլ ՀՀ անվտանգության խորհրդի նիստին մասնակցել է ԱՀ նախագահը եւ այստեղ ինչ-որ խնդիրներ փնտրել, առավել եւս ինչ-որ ճեղքվածքներ`Հայաստանի եւ Արցախի իշխանությունների մեջ, կարծում եմ, տեղին չէ: Ամեն ինչ այս պահի դրությամբ ընթանում է նորմալ:

Այնպես չէ, որ բոլոր հարցերի վերաբերյալ Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունները պետք է ունենան նույն տեսակետը, նույն վերաբերմունքը, լուծման նույն ուղիները: Բոլոր դեպքերում, լինում են խնդիրներ, որոնք հընթացս լուծվում են:

Այսօր, քան երբեք, մենք մեր թիկունքին զգում ենք ՀՀ շունչը` բոլոր առումներով` թե՛ աջակցության, թե՛ մեր կողքին հաստատուն կանգնելու առումով:

– Ի՞նչը նկատի ունեք, սոցիալակա՞ն աջակցությունը, թե՞…

– Նկատի ունեմ հատկապես սոցիալական ոլորտում ՀՀ-ի աննախընթաց աջակցությունը, առանց որի մենք հազիվ թե կարողանայինք լուծել ամենամանր նշանակության խնդիրներն անգամ: Եվ այս առումով մենք ակնկալիքներ ունենք նաեւ Սփյուռքից, հատկապես ռուսական: Կարծում եմ՝ թե՛ ՀՀ-ի, թե՛ Սփյուռքի աջակցությամբ մենք կկարողանանք առաջիկա 3-6 ամիսների ընթացքում ոչ միայն ոտքի կանգնել, այլ նաեւ արդեն մշակել կոնկրետ ծրագրեր, որոնք պետք է առնչվեն Արցախի զարգացման խնդիրներին:

– Անվտանգության խնդիրները, որոնք հետպատերազմյան շրջանում մեր օրակարգի թիվ մեկ հարցն են, բաց են մնում: Բաց է մնում նաեւ իր կարեւորությամբ առաջնային եւս մեկ հարց`գերիների եւ ռազմագերիների վերադարձի հարցը: Հունվարի 11-ին՝ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ իրեն չի հաջողվել այս հարցը լուծել: Ավելին, Ադրբեջանը մեր գերեվարվածների մի մասին փորձում է ահաբեկիչ ներկայացնել:

– Ադրբեջանը փորձում է մեր գերիներին օգտագործել զիջումներ ստանալու ինչ-ինչ նպատակով: Թե որքանո՞վ դա կհաջողվի Ադրբեջանին, չեմ կարող ասել: Համենայնդեպս, ես այն կարծիքին եմ, որ դա իրեն չի արդարացնելու: Ամեն դեպքում, համաձայն եռակողմ պայմանագրի, գերիներն անվերապահորեն պետք է վերադառնան Հայաստան: Այլ կերպ ես ընդհանրապես չեմ պատկերացնում հետագայում հայ-ադրբեջանական հարաբերությունները, այսպես ասած, դիվանագիտական հանդիպումների դրական արդյունքները: Այս կերպ մենք ավելի ենք խորացնում այն ճեղքվածքը, որ գոյություն ունի երկու հանրապետությունների միջեւ: Գերիների վերադարձի ձգձգումը ավելի է խորացնում հակամարտությունը երկու հանրապետությունների, առավելապես Արցախի եւ Ադրբեջանի միջեւ:

 

– Բայց Հայաստանին դա կարծես չի խանգարում, իշխող ուժի ներկայացուցիչները խոսում են Ադրբեջանի հետ դիվանագիտական եւ առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատման մասին, Նախիջեւան-Հայաստան-Ադրբեջան երկաթգծի շահագործման գործնական քայլերի շուրջ արդեն եռակողմ հանդիպումներ են կայանում:

– Կոմունիկացիաների բացման եւ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատման մասին առաջինը տարիներ առաջ խոսել է Ռոբերտ Քոչարյանը` ներկայացնելով առաջարկ, որ կարող ենք այսօր կոմունիկացիաները բացել, առեւտրատնտեսական հարաբերություններ հաստատել երկու հանրապետությունների միջեւ եւ հետագայում արդեն կանդրադառնանք Ղարաբաղի կարգավիճակին: Այն ժամանակ, իհարկե Ադրբեջանին դա ձեռնտու չէր, նա մաքսիմալիստական տեսակետ ուներ խնդրի կարգավորման հանդեպ, այսօր էլ չի փոխվել Ադրբեջանի այդ տեսակետը: Համենայնդեպս, ես ուզում եմ ասել, որ դա նորույթ չէ:

– Հիմա` այս իրավիճակում, այս պայմաններով, Հայաստանին եւ Արցախին ինչո՞վ է ձեռնտու ապաշրջափակումը:

– Ես չգիտեմ՝ որքանով է Արցախը խանգարում այդ կոմունիկացիաների բացմանը, ես դա չեմ պատկերացնում: Կոմունիկացիաների բացումը պետք է լինի հանդիպումների արդյունք: Այսինքն, այդ հանդիպումների ընթացքում կողմերը պետք է ներկայացնեն իրենց մոտեցումներն այդ ուղղությունների վերաբերյալ: Բոլոր դեպքերում, Հայաստանն ունի բոլորովին այլ մոտեցում, այլ դիրքորոշում`այդ ուղղությունների վերաբերյալ: Որքանո՞վ են դրանք համապատասխանում ՀՀ շահերին, ո՞րն է Հայաստանի շահը այդ կոմունիկացիաների բացման, արդյո՞ք դա նպաստում է ՀՀ տնտեսության զարգացմանը, թե՞ դա ավելի շատ պետք է Ադրբեջան-Թուրքիա կապերի ամրապնդմանը: Մենք ունենք նաեւ այլընտրանքային առաջարկներ: Չեմ կարծում, որ գրչի մեկ հարվածով հնարավոր է այդ կոմունիկացիաները բացել: Դա հեռահար խնդիր է, որի շուրջ դեռ երկար բանակցություններ կընթանան, որովհետեւ այդ կոմունիկացիաները կապիտալ վերանորոգման, ինչ-որ հատվածներում վերակառուցման խնդիր ունեն, որոնք մեկ օրում, մեկ ամսում չեն լուծվում: Քանի որ Ղարաբաղն այսօր ձայնազուրկ է, Հայաստանը պետք է իր շահերը ներկայացնի:

-Փաստացի, ստացվում է, որ հիմա հայկական կողմերը սպասարկում են թուրք-ադրբեջանական օրակարգե՞րը:

– Ես չէի ասի, որ մենք սպասարկում ենք, պարզապես մենք պարտավոր ենք հաշվի առնել աշխարհաքաղաքական իրողությունները:

Կոմունիկացիաների բացելը պարտադրանքի ճանապարհով հնարավոր չէ:

Իրանի ԱԳ նախարարի` տարածաշրջան այցի շուրջ մանրամասները քիչ ուշ` տեսանյութում

-Արայիկ Հարությունյանն օրերս հայտարարեց, որ առջեւում բարդ, դժվար լուծումներ են: Ի՞նչ նկատի ուներ:

– Օրեր հետո, ինքը կարծեմ սկսեց բացել փակագծերը, բայց ասեմ`Արայիկ Հարությունյանը հայտարարի, չհայտարարի, մենք մեր առաջ ունենք բավական լուրջ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում: Այս պահին բոլոր խնդիրներն են բարդ` թե՛ սոցիալական, թե՛ բարոկայան, թե՛ մշակութային, թե՛ կրթական, թե՛ ֆինանսական: Եթե խոսում է բարդ խնդիրների մասին, ես կարծում եմ՝ որեւէ նորության չի պարունակում իր հայտարարությունը, դա ընդամենը հերթապահ հայտարարություն է, որի հետ համաձայն են բոլորը:

Թե ինչո՞ւ Արցախում ներքաղաքական կոնսենսուս չի կայանում եւ ինչո՞վ է զբաղված Սամվել Բաբայանը` մանրամասները` տեսանյութում:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031